ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ՆՄԱՆ «ՀԱՐԳԱՆՔ»-Ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի խմբագրությունը Գյումրի քաղաքի Մանուշյան փողոցի 3-ա շենքի բնակիչ Հենրիկ Թովմասյանից բաց նամակ էր ստացել, որում ասվում էր, որ նա ծնվել է 1937թ-ին եւ բնակվում է Գյումրի քաղաքում:  
«1941թ-ին որ սկսվել էր պատերազմը, կոմունիստ հայրս` Մարկոս Թումասյանը` որպես կամավոր,  մեկնել էր ռազմաճակատ եւ չէր վերադարձել: 1946թ-ից զինված ուժերի նախարարությունից`  Մոսկվայից,  պատասխանում  էին, որ նա «անհայտ» կորել է պատերազմում: 1957թ-ին Գերմանիայի «Վերադարձ հայրենիք» կոմիտեի շնորհիվ պարզվեց, որ հայրս զոհվել է «քաջի» մահով, եւ աճյունը հանգչում է Վորոշիլովգրադի մարզի Դիակովո գյուղի «եղբայրական գերեզմանոցում»,-նշում է Հ.Թովմասյանը` հավելելով, որ 1986թ-ին Չեռնոբիլի աղետից հետո գրավոր ցավակցել է Ուկրաինայի կառավարությանն ու  իր օգնությունն է առաջարկել, որի համար 1986թ-ի հունիսի 27-ին Չեռնոբիլից ստացել է հ. 578 շնորհակալագիրը: 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ փլատակների տակ մնացած հ. 9 դպրոցի երեխաներին օգնության ձեռք է մեկնել, կամավոր օգնություն առաջարկել, որի հետեւանքով էլ դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ: Եւ որպես շնորհակալություն` պաշտոնյա անձինք իրեն ենթարկել են բարոյական ու նյութական տույժի, որը հաստատում է Շիրակի մարզպետն իր 09.12.99թ. հ1 -01/2206 գրությունով:
Հ.Թովմասյանը տեղեկացնում է, որ 1991թ-ից Գյումրի քաղաքի պաշտոնյաները դիմել են հետեւյալ քայլերին. 1941-1945թթ. պատերազմում «քաջ»-ի մահով զոհված հորը չեն ճանաչում որպես հայրենիքի զինվոր, իսկ 1991թ-ից զոհվածի այրի մորը` Աստղիկ Ռուշանի Թումասյանին, զրկել են զոհվածի այրու իրավունքից, որից հետո նրան կողոպտել են եւ նա   հեռացել է կյանքից` անօթեւան: Մեզ դիմած քաղաքացին 1991-2008թթ. գրավոր փաստերով դիմել է հանրապետության նախագահին, վարչապետին,  գլխավոր  դատախազին, պաշտպանության նախարարին` պաշտոնյա անձանց կողմից իրենց ընտանիքին հասցրած բարոյական ու նյութական կորուստները վերականգնելու ու վերադարձնելու խնդրանքով:  Սակայն բոլոր  նամակները մնացել են անպատասխան: Թովմասյանը 2008թ-ից կրկին գրավոր փաստերով դիմել է ՀՀ կառավարությանը`  նշելով,  որ  2008թ-ից չունի հայրենիք եւ պահանջել ոչ միայն  պաշտոնյա անձանց  հասցրած բարոյական եւ  նյութական կորուստները վերականգնել, այլեւ  վերադարձնել «Հայխնայբանկ»-ի  իր ավանդը:
Նամակի վերջում հեղինակը նշում է, որ 1991թ-ից շուրջ 20 տարի հանրապետության ոչ մի կառավարող անձ չցանկացավ պարզաբանել, թե ինչու են նրան արժանացրել նման «հարգանք»-ի:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս