Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը եւ տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված էր մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ, մասնավորապես՝ աճում էին ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու, փոխանակելու դիմումները։ Բացի այդ, նշվում է, որ անհամեմատ շատացել են նաեւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումները: Կուտակումներից խուսափելու համար անձնագրայիններում անցան էլեկտրոնային սպասարկման:
Թվում էր, թե այսքանով խնդիրը լուծված է, սակայն ավելի ուշ առաջացավ մեկ այլ խնդիր: Հերթերի կուտակումները մայրաքաղաքից տեղափոխվեց մարզեր: Պատճառը հերթերի ուշ հասնելն ու համակարգի թերի վիճակն էր: Երեւանից քաղաքացիները տեղափոխվում էին մարզերի անձնագրայիններ՝ «հայավարի» իրենց գործարքը կատարելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ՝ ճշտելու, թե ինչ լուծում են նախատեսում այս դեպքում:
«Յուրաքանչյուր հերթագրման համար ամենաքիչը տրամադրվում է 7, ամենաշատը՝ 25 րոպե՝ կապված ծառայության բովանդակությունից: Օրինակ՝ ելքի կնիք տրվում է 7 րոպեում, իսկ անչափահասի անձնագրավորում՝ 25»:
Մեզ նաեւ տեղեկացրին, որ, իհարկե, այժմ հերթերը մայրաքաղաքում բեռնաթափվել են, սակայն անձնագրայինների աշխատանքի արդյունավետությունը դեռեւս քննարկման ու գնահատման փուլում է, քանի որ վիրտուալ հերթերը ձգվում են շաբաթներ շարունակ:
«Եկող շաբաթվանից սկսած՝ ավելացվելու է նոր գործիքակազմ, որը ավելի արդյունավետ կդարձնի հերթագրումների համակարգը: Հաշվի առնելով, որ, օրինակ, լիազորված անձը կարող է միանգամից տասնյակ մարդկանց համար հերթագրվել եւ գալ գործարք կատարելու, թողել ենք այդ հնարավորությունը, բայց նաեւ կան քաղաքացիներ որոնք չարաշահում են սա եւ հերթագրվում են մի քանի անգամ միեւնույն գործարքի համար այն նպատակով, որ երբ հարմար լինի, այդ օրն էլ մոտենան։ Մենք լիազորված անձանց համար այլ լուծում ենք մտածել, մնացածի համար սահմանափակում ենք դրել: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա մեկ անգամ հերթագրվելու հնարավորություն, եւ եթե չի կարողանա այդ օրը ներկայանալ, ստիպված կլինի եւս մեկ անգամ հերթագրվել, այսինքն՝ միաժամանակ երեք տարբեր անձնագրայիններում երեք տարբեր օրեր պահել անձնագրավորման համար չի կարողանա»:
Վարչությունից տեղեկացրին նաեւ, որ նոր գործիքներ են մտածվել՝ հերթագրումը չեղարկելու հետ կապված: Մասնավորապես՝ քաղաքացիների՝ հերթագրումը չեղարկելու դեպքում այդ տեղերը կազատվեն, եւ այլ քաղաքացիներ հնրավորություն կունենան չեղարկված տեղերում հերթագրվելու: Եթե, օրինակ, քաղաքացին, անընդհատ թարմացնելով, տեսնում է, որ մոտակա հասանելի օր կա, կարող է հերթագրվել: Բացի սա, կա նաեւ ձեռքով կարգավորում։ Սա իրենից ենթադրում է հետեւյալը. եթե քաղաքացու գործարքը հրատապ է, եւ այդ հրատապությունը հինավորված է որեւէ փաստաթղթով , օրինակ՝ կա պլանավորված ճամփորդություն, եւ ավիատոմսերը գնված են, դրանք եւս իրականացվում են արտահերթ սպասարկումով: Այս հրատապությունը եւս ունի իր կատեգորիաները՝ առողջական խնդիրներ, հաշմանդամներ, տարեցներ եւ այլն: Այսինքն՝ ինչ-որ կարգավորումներ այժմ ձեռքով են արվում, մինչեւ կավտոմատացվեն:
Հարցին, թե արդյոք այս համակարգը չի պարունակում կոմերցիոն գործարքների հավանական ռիսկեր, տեղեկացրին, որ գործիքակազմը երկար թեստավորվելու է, որպեսզի «հերթ վաճառելու» ռիսկերից խուսափեն։ Ավելի կոնկրետ արվելու է ամեն բան, որ չեղարկված հերթը ավելի ուշ երեւա օնլայն համակարգում, որպեսզի գործարքներ չկատարվեն:
Հետագայում մարզերում եւս կարող են անցնել հերթագրման օնլայն համակարգի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանգստյան օրերին՝ շաբաթ ու կիրակի, ամբողջ թափով քարոզարշավ կանի. իշխող ուժը ողջ կուսակցական ու պետական ռեսուրսները կկենտրոնացնի քարոզարշավի վրա: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկա երկու օրերին, բացի պատգամավորներից եւ ավագանու ցուցակի անդամներից, նաեւ պետական ողջ ապարատը կլծվի քարոզարշավին, քանի որ ոչ աշխատանքային օրեր են, ու պետական աշխատողները սահմանափակված չեն քարոզարշավին մասնակցելու: Իշխանությունն էլ հրահանգել է պետական կառույցների ղեկավարներին, որպեսզի ամեն ոչ աշխատանքային օրերին իրենց աշխատակիցներին եւս ակտիվ մասնակից դարձնեն քարոզարշավին: Ըստ ԸՕ-ի՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող հանդիսացող թեկնածուները քարոզչություն իրականացնելիս սահմանափակված են օրենքով։ Համաձայն օրենսգրքի 23-րդ հոդվածի՝ պաշտոնատար անձանց արգելվում է պաշտոնեական լիազորությունները ծառայեցնել քարոզարշավ իրականացնելիս։ Այսինքն՝ պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են քարոզարշավն իրականացնել ոչ աշխատանքային ժամերին եւ օրերին, ինչպես նաեւ չեն կարող օգտվել նրանց հատկացված ծառայողական տրանսպորտային միջոցներից։ Նկատենք, որ այսօր արդեն քարոզարշավի 4-րդ օրն է, բայց ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերից միայն չորսը՝ ՔՊ-ն, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հաղթանակ»-ը, «Մայր Հայաստանը», «Ապրելու երկիր»-ն են, որ ակտիվ քարոզարշավ են անում. մյուս ուժերը սահմանափակվում են միայն քննարկումներով ու փակ հանդիպումներով:
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի տարեկան հայատարարագիրը «դասական ոստիկանի» հայտարարագիր է. նա ոչինչ չունի իր անունով: Հիշեցնենք, որ Արմեն Խաչատրյանը մշտապես աշխատել է ոստիկանության համակարգում՝ որպես տեսուչ: 2013-2018 թվականներից եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պլանավորման, հաշվառման եւ վերլուծության բաժնի պետ, ապա՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ։ Այսինքն՝ աշխատել է նախկինների օրոք ամենակոռումպացված համակարգում որպես ճանապարհային տեսուչ, սակայն կարողացել է սյունեցու ճկունությամբ քաղաքականություն մտնել 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ որպես սպիտակ ձեռնոցներվ հեղափոխական: Նա, սակայն, ինչպես նախկինների օրոք, հասցրել է կնոջը, երեխաներին պետական օղակներւմ աշխատանքի տեղավորել «նոր Հայաստանում»: Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը պատգամավոր Խաչատրյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ 50-ամյա պաշտոնյան ո՛չ գույք ունի, ո՛չ էլ տրանսպորտային միջոց: Նա հայտարարագրել է մի բնակարան Մալաթիա-Սեբաստիա համայնքում, որը, ըստ նշվածի, պատկանում է այլ անձի, սակայն շահագործվում է պատգամավորի կողմից: Խաչատրյանը հայտարարագրել է 1986 թվականի արտադրության Vaz 2106 մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2007 թվականին: Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 950 դրամ, իսկ նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 425 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ԱԺ աշխատակազմից։ Արմեն Խաչատրյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 140 հազար դրամ եւ 41 հազար դոլար։ Նա վարկերի մարման համար ծախսել է 5 մլն 598 հազար դրամ։ Խաչատրյանի կնոջ՝ Մարիամ Մինասյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 319 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 3 մլն 510 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ Երեւանի պետական հումանիտար քոլեջից. ի դեպ, նա հենց այդ քոլեջի տնօրենն է։ Խաչատրյանի որդին՝ Էդուարդ Խաչատրյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ հողամաս, որը գտնվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում. այն ձեռք է բերվել 2021 թվականին, սակայն 2022 թվականին այն օտարվել է 5 մլն դրամով Շանթ Պետրոսյանի կողմից։ Տարեսկզբին որդին ունեցել է 2 մեքենա՝ Toyota մակնիշի, 2015 թվականի արտադրության, որը ձեռք է բերվել 2019 թվականին, եւ Nissan մակնիշի՝ 2011 թվականի արտադրության, 2021 թվականին ձեռք բերված։ Տարվա ընթացքում ձեռք է բերել եւս մեկ մեքենա՝ Volkswagen, 2002 թվականի արտադրության, որը նույն տարում օտարվել է 500 հազար դրամով։ Նույն տարում օտարվել է նաեւ Nissan մակնիշի մեքենան 3 մլն 500 հազար դրամով։ Տպավորություն է, թե մեքենաների առքուվաճառքի բիզնեսով է զբաղված եղել: Պատգամավորի որդու բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 707 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն: Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 17 մլն 420 հազար դրամ, որից 4 մլն 420 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ փորձագիտական վարչության պետաիրավական փորձաքննությունների բաժնից։ Այսինքն՝ պատգամավորի որդին աշխատում է ԱԺ-ում: Նրա մյուս եկամոտները հաշվետու տարում օտարված գույքից ստացված եկամուտներն են։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարում կազմել է 3 մլն 989 հազար դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 14 մլն 260 հազար դրամ։ Պատգամավորի դուստրը՝ Սյուզան Խաչատրյանը, հայտարարագրել է միայն 500 հազար դրամ կանխիկ գումար։ Որտեղից, ինչ ծագում ունի այն՝ նշված չէ:
Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից 14 ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։ 14 ուժերից ամենահարուստը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Տիգրան Ավինյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 45 անշարժ գույք Երեւանում եւ մարզերում, որոնք բոլորը վարձակալված են։ Հետաքրքիր է, որ այս կուսակցության ամենամեծ գրասենյակը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 1050 քառակուսի մետր տարածքով։ Իսկ Երեւանի Հանրապետության փողոցում գտնվող վարչական շենքի մակերեսը 843 քմ է։ Բացի այս անշարժ գույքերից, ՔՊ-ն ունի նաեւ շարժական գույք՝ «Տոյոտա Տակոմա» մակնիշի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 424 մլն դրամ, եկամտի աղբյուր են հանդիսանում կուսակցության անդամների անդամավճարներն ու նվիրատվությունները, որոնք մեկ տարվա ընթացքում կազմել են 586 մլն դրամ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է, միայն մեկ անշարժ գույք ունի՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող։ Կուսակցության դրամական միջոցները կազմում են 43 հազար դրամ եւ 668 եվրո, իսկ մեկ տարվա եկամուտն էլ 2 մլն 684 հազար դրամ է եղել, որը գոյացել է անդամավճարներից։ Իսկ, ահա, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ հայտարարագրի, ո՛չ գույք ունի, ո՛չ եկամուտ, իսկ դրամական միջոցներն էլ 15 հազար դրամ է կազմել։ Չնայած «Ապրելու երկիր» կուսակցությունը եւս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն ունի դրամական միջոցներ եւ եկամուտ։ Մանե Թանդիլյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 481 հազար դրամ, իսկ, որպես նվիրատվություն, ստացել է 30 մլն դրամից ավելի գումար։