«Ֆեյք» -երի և վիրավորանք գրողների ահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ շրջանառվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը վերաբերում է ԶԼՄ-ներին: Մասնավորապես ՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակները պնդում են, որ վերջին շրջանում լայն տարածում է ստացել սոցիալական ցանցերում կեղծ օգտատերերի ՝  «ֆեյքերի» միջոցով վիրավորանք կամ զրպարտություն պարունակող տեղեկատվության տարածումը, որը խախտում է «մի շարք անձանց ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, արժանապատվության իրավունքը»:

Այս թեմայի շուրջ Armlur.am -ի թղթակիցը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հետ:

-Ինչո՞վ է պայմանավորված բոլոր խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ օրենսգրքում նման փոփոխությամբ հանդես գալը: Խնդիրն այդքան հրատա՞պ է:

-Նախ և առաջ ցանկանում եմ մատնանշել այն հանգամանքը, որ այս հարցը արդեն տևական ժամանակ է, ինչ մտահոգում է հասարակության ամենատարբեր շերտերին, լինեն դրանք լրագրողներ, ֆեյսբուքյան հասարակ օգտատերեր, բլոգերներ, թե պարզապես հարցին քաջատեղյակ անձինք: Խնդիրն այն է, որ բավական երկար ժամանակ է, ինչ անընդհատ խոսվում է ֆեյսբուքյան տիրույթում առկա, երբեմն նույնիսկ անկառավարելի մթնոլորտի մասին, երբ անհայտ կամ կեղծ օգտատերերը տարածում են այնպիսի տեղեկություններ, որոնք բացի այն, որ չեն համապատասխանում իրականությանը, մեծամասամբ անցնում են թույլատրելիի սահմանը, պարունակում են վիրավորանք, զրպարտություն, անձի պատիվը, արժանապատվությունը, հեղինակությունը, գործարար համբավը արատավորող, հաճախ գռեհիկ, բոլոր տեսակի չափերը անցնող տեղեկություններ: Եթե անձը իր համար որդեգրել է այդպիսի գործելաոճ, ապա նա պետք է պատրաստ լինի պատասխանատվության ենթարկվելուն: Եթե որևէ մեկը ցանկանում է վիրավորել կամ զրպարտել ինչ-որ մեկին իր անունից, ապա դա իր իրավունքն է, բնականաբար դրանից բխող համապատասխան հետևանքներով: Սակայն բոլորվին այլ հարց է, երբ իրական կյանքում շատ զգույշ մարդիկ, վիրտուալ կյանքում սկսում են «հերոսանալ» ՝ խրոխտ ու համարձակ կեցվածքով մտքեր հայտնել և այլն: Խնդիրն ավելի է բարդանում, երբ լրատվական կայքերն էլ այցելություն ապահովելու համար այս վիրտուալ արկածախնդիրներին դարձնում են հերոսներ: Բայց այս ամբողջ շղթայի մեջ կարծես բաց է մնում մեկ հարց, թե ով պետք է պատասխանատվության կրի այն մարդու առաջ, ում վիրավորել ու զրպարտել են: Ահա այս հարցերի կարգավորմանն է ուղղված այն նախագիծը, որը խորհրդարանական բոլոր ուժերի աջակցությամբ դրվել է շրջանառության մեջ:

-Իսկ ինչպիսի՞ն են այսօր առկա կարգավորումները:

-Նախ կցանկանայի նախագիծը բաժանել երկու մասի, անհայտ աղբյուրից վերցված և տարածված գրառումներ և որևէ լրատվական նյութի տակ տեղ գտած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանություններ: Նախագծի առաջին մասը պարզապես ուղղված է գործող իրավակարգավորման առավել հստակեցմանը: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այսօր ևս կարելի է լրատվամիջոցի դեմ դիմել դատարան, եթե տեղեկատվության աղբյուրը անհայտ է: Ընդ որում սա շատ ավելի վտանգավոր և հայեցողական մեկնաբանության տեղ է թողնում, քան նախագծով առաջարկվող կարգավորումը: Այսինքն, ցանկացած դեպքում, երբ ուղղակի անհնար է գտնել հեղինակին ՝  կարելի է մեղադրել լրատվամիջոցին ու ասել աղբյուրը հայտնի չէ: Դրա համար նախագծում դրվել են չափանիշներ, ու նաև լրատվամիջոցին ազատելու հիմքեր: Այդ իսկ պատճառով, նախագիծը փորձել է հստակեցնել, որ խոսքը վերաբերում է այն դեպքերին , երբ անձը ում վիրավորել կամ զրպարտել են փորձում է գտնել դա անողին, սակայն չի կարողանում: Ողջամիտ ջանքերը, թե ՀՀ և թե ՄԻԵԴ դատական պրակտիկայում մեկնաբանելի են և խնդրահարույց չեն: Բեռը կրում է այն անձը ում վիրավորել կամ զրպարտել են, ոչ թե լրատվամիջոցը: Նախագիծը մեկ քայլ առաջ է գնացել առկա իրավակարգավորումներից և հնարավորություն տվել ազատել ԶԼՄ -ին պատասխանատվությունից ՝  նույնականացնող տվյալներ ներկայացնելով: Ինչ վերաբերում է լրատվական նյութի տակ վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար պատասխանատվություն սահմանելուն, այսինքն՝ նախագծի երկրորդ մասին, ապա պետք է նշել, որ նշված կարգավորումը նորույթ է մեր օրենսդրությունում: Ընդ որում երկու կարգավորումների համար էլ հիմք է ծառայել ՄԻԵԴ որոշումները: Մասնավորապես մեկնաբանությունների մասով ընդամնեը մի քանի ամիս առաջ՝ 2013 թվականին, ընդունվեց որոշում (Դելֆին ընդդեմ Էստոնիայի), որը սահմանեց, որ լրատվամիջոցը պատասխանատվություն է կրում իր կայքում տեղ գտած վիրավորական կամ զրպարտչական մեկնաբանությունների համար: Հիմքում իհարկե դրվել էր հենց այն հանգամանքը, որ լրատվամիջոցը հարթակ է այդ մեկնաբանությունների տարածման համար: Լրատվամիջոցին հնարավորություն է ընձեռվել հեռացնել վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունը ՝ պահանջը ներկայացնելու պահից անհապաղ, սակայն ոչ ուշ քան տասներկու ժամվա ընթացքում: Սա, անկասկած, լրատվամիջոցին իրավիճակը գնահատելու և իր շահերին համապատասխան որոշում կայացնելու հնարավորություն կտա: Քանի որ շատ իրավիճակներում լրատվամիջոցը ուղղակի չի կարող հետևել այդ մեկնաբանությունների հայտնվելուն, իսկ ըստ դատարանի մոտեցման նա այդ պահից ի վեր արդեն պատասխանատու է համարվում: Դա չի նշանակում իհարկե, որ լրատվամիջոցը պետք է այդքան սպասի, եթե նա ունի հնարավորություն դա անհապաղ հեռացնելու: Միևնույն ժամանակ նախագծով սահմանվել են որոշ հասկացություներ, որոնք մինչ այս պահը օրենդրության մեջ և դատական պրակտիկայում տեղ չեն գտել, մասնավորապես հրապարակային էլեկտրոնային կայք, կայքի իրավատեր: Մասնավորապես կայքի իրավատիրոջ համար տրվել է երկու չափանիշ ՝ հնարավորություն և իրավասություն հեռացնել այդ մեկնաբանությունը: Ասեմ , նաև որ այս կարգավորումը, լրատվամիջոցի վրա նախնական մոդերացիա անելու պարտականություն ևս չի դնում, այսինքն ի սկզբանե նա պատասխանատու չէ, եթե որևէ վիրավորական մեկնաբանություն է հայտնվել, այլ հարց է, եթե անձը ում մասին արվել է մեկնաբանությունը, դիմում է լրատվամիջոց:

Սոնա Գրիգորյան




Լրահոս