Օգոստոսի 29-ին, կեսգիշերից քիչ անց, Տավուշի մարզի պարեկներին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ երեկոյան Իջևանի Անկախության փողոցում գտնվող խանութի դռան փականը կոտրելու միջոցով մտել ու գողություն են կատարել:
Մեկնել է ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը, նաև՝ քննիչ, փորձագետ ու պարեկներ:
Մթերային խանութից գողացել էին տարբեր տեսակի ծխախոտներ՝ պատճառելով մոտ մեկ միլիոն դրամի վնաս:
Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումները հանգուցալուծվեցին նույն օրը, ժամը 17.10-ին:
Իջևանի Բլբուլյան փողոցում հայտնաբերվեց և մի տղամարդու «Լեքսուսը» նստելու պահին ձերբակալվեց գողության մեջ կասկածվող 34-ամյա երիտասարդը: Նրա ձեռքին կար պոլիէթիլենային պարկ` տարատեսակ ծխախոտներով լի, որոնց ընդհանուր արժեքը կազմեց 150 հազար դրամ:
Վարորդն ու 34-ամյա երիտասարդը ձերբակալվել և ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:
Երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Իջևանի բաժնի ձերբակալվածների պահման վայր:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: