«ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ ՉԷԻ ԱՆՎԱՆԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երաժիշտ, երգահան, գործիքավորող DerHova-ն (Հարութ Տեր-Հովակիմյանը) ծնվել ու մեծացել է Կանադայում, ծնողները Սիրիայից են` Հալեպ քաղաքից: Թեեւ Հարութը երաժշտական կրթություն չունի, սակայն բազմաթիվ հայտնի երգերի հեղինակ է` Էմմիի եվրատեսիլյան մրցութային երգը` «Ayo», Սիրուշոյի «Եվրատեսիլ»-ի երգը`  «Քելե-քելե», Սոֆի Մխեյանի «Օրը եւ ներկան», «Լույս խավարում» երգերը, Արփիիի եւ ռեփեր Դավոյի «Իմն ես» երգը…  Հիմա Էմմիի «Ayo» երգի նոր  տարբերակն է պատրաստել, շուտով նաեւ տեսահոլովակ կնկարահանվի:
Հարութնն առաջին անգամ Հայաստան է եկել 1983 թվականին, այնուհետեւ 2000 թվին, ինչից հետո էլ որոշել է տեղափոխվել եւ ապրել Հայաստանում: Իսկ ժամանակավոր երաժշտական դադարը պայմանավորված էր նրանով, որ տեղափոխման հարցերն է լուծել:  
-Այս տարի մի քանի ամիս էստեղ չէի, մեկնել էի Կանադա, անձնական հարցերս կարգավորեցի, չէի կարողանում նստել, կենտրոնանալ ու աշխատել:
-Ի՞նչ հասկանանք անձնական հարցերի տակ:
-Ես տեղափոխվում էի, ինձ մոտ մի քիչ խառը վիճակ էր. տուն վաճառել, տարբեր հարցեր կարգավորել: Դրսի գործերով էի զբաղվում հիմնականում: Դե մինչեւ Հայաստան գալը ես դրսի շուկայի համար էի աշխատում:  
-Ի՞նչը Ձեզ պահեց Հայաստանում:
-Ինքս էլ չգիտեմ: Որոշել եմ, էստեղ եմ ուզում ապրել, բնակարան եմ գնել, հիմա վերանորոգում եմ: Շատ բարդ բան է տեղափոխվելը:
-Սովորաբար հակառակ պրոցեսն է տեղի ունենում, շատերը գնում են, իսկ Դուք հետ եք գալիս:
-Դե սկզբում մտածում էի` կփորձեմ, եթե չստացվի, կարող եմ հետ վերադառնալ: Իմ մորաքույրն ու իր ամուսինն էլ էստեղ են 1991թ-ից: Եթե նրանք էստեղ չլինեին, ես էլ չէի դիմանա: Նրանք ինձ շատ են ուժ տվել եւ օգնել այս ընթացքում: Հիմա միտք չունեմ գնալու, անցած ամիս նշեցի իմ 9-րդ տարին, ինչ այստեղ եմ: Երեւի այն, որ ես դեռ ամուսնացած չեմ, ինձ պլյուս է, քանի որ իմ արվեստով կարող եմ զբաղվել եւ այստեղ:  
-Գիտեմ, որ ունեք ռեստորան նաեւ:
-Ավելի շատ լաունջ-բարի է նման, քան ռեստորանի: Գլխումս միշտ եղել է այդ մտահղացումը: Ծանոթներ ունեի դրսից, նրանք միտք ունեին ռեստորան բացելու, հետո իմացան, որ ես էլ եմ հետաքրքրված, միացա նրանց: Ռեստորանը միայն իմը չէ, ես փայատեր եմ: Հիմնական գործերով ես չեմ զբաղվում, ասենք, PR-ը եւ մի քանի գործերն եմ ես անում: Բայց մի՛ մտածեք, որ իմ հիմնական եկամուտը գալիս է ռեստորանից:  Քանի որ ինձ ճանաչում են, դա էլ է օգնում, որ մեր հաճախորդների մեջ լինեն մշակութային մարդիկ, երգիչներ, նաեւ քաղաքական գործիչներ:
-Դուք երաժշտական կրթություն չունեք: Ինչպե՞ս եք ստեղծագործում:
-Ես դեռ պատանեկան տարիքից եմ սկսել իմ երաժշտական գործունեությունը: 16 տարեկան էի, երբ իմ առաջին պայմանագիրը ստորագրեցի կանադական երաժշտական կազմակերպություններից մեկի հետ:  Ահավոր բծախնդիր եմ վերաբերվում իմ գործին, տարին 5-6 երգից ավել չեմ թողարկում:
-Հետեւո՞ւմ եք հայաստանյան շոու բիզնեսի իրադարձություններին:
-Աշխատում եմ հեռու մնալ: Շատ բաներից էլ տեղյակ չեմ: Չգիտեմ` ով ինչ է անում, ինչ դիսկ է թողարկում, երգ գրում, տեսահոլովակ նկարում:
-Կա՞ մեկը երգարվեստում, ում իսկական արտիստ եք համարում:
-Մեկ-մեկ ինձ թվում է, թե կա, բայց հետո ինչ-որ բան են անում, որ հիասթափեցնում են: Ինձ համար յուրօրինակ արտիստներ են Անուշ եւ Ինգա Արշակյանները: Լսել եմ, որ իրենք մասնակցում են երգի ստեղծման ընթացքին, դա ինձ համար շատ կարեւոր է: Ինձ դուր չի գալիս, երբ մի երգիչ գալիս է ինձ մոտ երգ պատվիրելու եւ ասում, որ իմ վերջին երգերից մեկի նման երգ է ուզում: Ես ել ասում եմ` նմանատիպ բան չեմ անի, արի հասկանանք` դու ով ես, ինչպես ես մտածում, քո ոճը որն է: Դժբախտաբար, մեծամասամբ այդպիսի մարդիկ են, ում չէի անվանի արվեստագետ:  
-Պատահո՞ւմ է, որ մերժում եք երգ գրելու առաջարկները:
-Լինում է, իհարկե: Եթե զգամ, որ լավ բան չենք ստանալու, չեմ համաձայնի:
-Լսել եմ, որ մեծ հոնորար եք պահանջում:
-Չէի ասի: Միգուցե թվա, թե թանկ է, բայց եթե նրանք մեկից խոսք են գնում, մյուսից երաժշտություն, իսկ երրորդի մոտ գնում են գործիքավորման համար, ես փաթեթներ եմ առաջարկում: Հետո կախված է նրանից, թե ում համար եմ գրում: Չեմ թաքցնում, չեմ էլ ամաչում դա ասել:
-Այսինքն, եթե գիտեք, որ երգիչը վճարունակ է, ավելի շա՞տ եք պահանջում:
-Այո՛, եթե իմանամ մեկն է, ով հետո այդ երգով փող է աշխատելու, համերգներ է ունենալու, ինչո՞ւ ես ավելի մեծ թիվ չասեմ: Ես այստեղի եկամուտը դրսի հետ չեմ համեմատի: Կարող է դրսում ես գործի սկզբից մի կոպեկ չստանամ, բայց տարիների ընթացքում լավ վճարվեմ, որը մեծ թիվ կկազմի:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս