Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմի մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերն Armlur.am-ի տեղեկություններով, այս պահին գտնվում են ՀՀ պաշտպանության նախարարությունում։
Բանն այն է, որ նրանք հանդիպում են պահանջում նախարար Սուրեն Պապիկյան հետ, սակայն վերջինիս փոխարեն նրանց հետ հանդիպել է նախարարի խորհրդականը, ինչը ծնողներին դուր չի եկել, հանդիպումն էլ՝ թեժ անցել։
Ավելին, տեղեկացանք, որ այս պահին ծնողները գտնվում են նախարարության փոքր դահլիճում և հայտարարել են, որ մինչև չհանդիպեն նախարար Պապիկյանին, ոչ մի տեղ չեն գնալու։
Armlur.am-ն այս առնչությամբ մեկնաբանություն խնդրեց նախարարությունից, լրատվական բաժնից հայտնեցին. 《Ծնողները հանդիպել են տեղակալ Արման Սարգսյանի հետ, այժմ ընթացքի մեջ է վարչության պետի հետ հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալը ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ ծնողների հետ》:
Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:
Մարիամ Ղազարյան