ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում եւ փոփոխություններ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերի, այդ թվում՝ միանվագ դրամական աջակցության, կանխավճարի ապահովագրության եւ երեխայի ծննդյան աջակցության ծրագրերի շրջանակում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ պայմանագիր կնքած բանկեր կամ վարկային կազմակերպություններ դիմած, ինչպես նաեւ երեխայի ծննդյան աջակցության ծրագրի շրջանակում նախարարություն դիմած քաղաքացիներին աջակցության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով:

 

Նշենք, որ ՀՀ կառավարության օգոստոսի 24-ի նիստում հիմնավորվեց, որ 2022 թ. ծրագրերի համար նախատեսված ֆինանսական միջոցները կազմել են 1,2 մլրդ դրամ, սակայն փաստացի աջակցություն է ստացել 3,088 շահառու, որոնց վճարվել է շուրջ 2,1 մլրդ դրամ, ինչը պայմանավորված է ծրագրերի շրջանակներում դիմումների թվի աննախադեպ աճով։

Փաստացի 2023 թ. օգոստոսի 15-ի դրությամբ ծրագրերի շրջանակում աջակցություն է ստացել 1685 շահառու, որից  236-ը՝ միանվագ դրամական աջակցության ծրագրով (222,355,306 դրամ), 494-ը՝ կանխավճարի ապահովագրության ծրագրով (22,965,628 դրամ), 955-ը՝ երեխայի ծննդյան աջակցության ծրագրով (982,744,936 դրամ)։

Ընդհանուր առմամբ, վճարվել է 1,228,065,870 դրամ, որից 300 մլն դրամն ապահովվել է բյուջեի վերաբաշխման միջոցով, իսկ 928,065,870 դրամը՝ ծրագրի շրջանակում 2023 թ. 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակների համար նախատեսված միջոցների հաշվին։ Ըստ այդմ՝ առաջարկվում է ծրագրերի շրջանակում 2023 թ. երրորդ եռամսյակում դիմող շուրջ 600 շահառուներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով հատկացնել 450 մլն դրամ։

Այսպիսով, իրականացվում են երեք ծրագրեր. մասնավորապես, առաջին ծրագրով միանվագ դրամական աջակցություն է տրվում մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով:

Երկրորդ ծրագրի շրջանակում հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն, որն ուղղվում է ապահովագրության տարեկան ապահովագրական վճարի մարմանը։ Երրորդ ծրագրով հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում ընտանիքին տրվում է միանվագ դրամական աջակցություն, որն ուղղված է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ծրագրերի լավարկման, դրանց վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման կարեւորությունը:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար  Դավիթ Խաչատրյանը նաեւ  ներկայացրեց  հանրապետությունում ծնելիության  ցուցանիշները:

«Վիճակագրական կոմիտեի պաշտոնական հրապարակման համաձայն՝  3-րդ եւ հաջորդ ծնված երեխաների թվով, 2005 թվականից սկսած, իսկ մինչ այդ ուղղակի չկա վիճակագրություն, մենք ունենք ռեկորդ: Այսինքն՝ 2022 թվականի ամփոփմամբ՝ Հայաստանում ծնվել է 11956 3-րդ եւ հաջորդ երեխա։ Համեմատության համար նշենք, որ  2005 թվականին ծնվել է  5260, 2018թ.՝ 8271 երեխա։ Այսինքն՝ միայն 5 տարվա մեջ 3-րդ եւ հաջորդ ծնված երեխաների  50 տոկոս աճ ունենք։ Այս պահին 1-ին, 2-րդ, 3-րդ եւ հաջորդ կարգաթվով ծնված  երեխաների համամասնությունը, 2022 թվականի տվյալներով, կազմում է 1-ինը 36 տոկոս, 2-րդը՝  31.2 տոկոս եւ  3-րդը՝ 33 տոկոս։ Միանշանակ կարելի է փաստել, որ կառավարության կողմից վերջին 5 տարվա ընթացքում իրականացրած ծրագրերը, հատկապես՝ 3-րդ եւ հաջորդ երեխաների ծննդյան կապակցությամբ,  բավականին արդյունք են տվել», -ասել է փոխնախարարը:

 

 

 

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը պաշտոնի նշանակվել է 2022 թվականի  մարտի 3-ին։ Մինչ մարզպետ դառնալը՝ 2017-2018 թվականներին,  Ճամբարակի համայնքապետարանում եղել է համայնքի ղեկավարի օգնական, խորհրդական։ Նախկինում Կալավանի համայնքապետարանում աշխատակազմի քարտուղար Ղուկասյանը՝ վարչապետ Փաշինյանի սիրելի խորհրդականը, 3 տարի աշխատելով նրա կողքին,  հայրենի գյուղ տեղափոխվելու փոխարեն՝ դարձավ Սյունիքի մարզպետ։

Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ հայտարարագրել է գրեթե 30 մլն դրամ արժողությամբ, հիփոթեքով ձեռք բերված բնակարան։ Մարզպետը որեւէ անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 661 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն 300 հազար դրամ, նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 130 հազար դրամ, որից  6 մլն 573 հազարը աշխատանքի վարձատրություն է վարչապետի աշխատակազմից, իսկ 9 մլն 501 հազար դրամը՝  ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի պետական կառավարչական հիմնարկից։ Մարզպետ Ղուկասյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 2 մլն 55 հազար դրամ գումար՝ որպես եկամտահարկի վերադարձ հիփոթեքի մարման համար։ Մեկ տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղված վճարումները կազմել են 3 մլն 600 հազար դրամ։

Նրա կինը՝ Աստղիկ Ղուկասյանը եւս որեւէ անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն նրա բանկային դրամական միջոցները կազմել են 1 մլն 119 հազար դրամ։ Մարզպետի կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 600 հազար դրամ, իսկ հաշվետու տարվա եկամուտները՝ 189 հազար դրամ։

Հիշեցնենք, որ Ղուկասյանին ՔՊ-ականները մարզպետ դառնալուց հետո լավ չեն ընդունել, կուսակցության սյունիքյան թեւը որեւէ կերպ չի ընկալել, թե ինչպես կարող էին Ճամբարակի Կալավանից ղեկավար բերել Սյունիքի մարզի համար:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

ՎԱՐԿ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղին տրամադրել  4 մլրդ դրամի միջպետական վարկ:

Որոշման մեջ ասվում է, որ կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ազատ միջոցներից տրամադրել միջպետական վարկ Լեռնային Ղարաբաղին 4.0 մլրդ դրամի չափով՝ հետպատերազմյան ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված սոցիալական լարվածության մեղմանն ուղղված լրացուցիչ ֆինանսավորման համար:

 

 

 

ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԴԵՊՔ՝ ԲԱՐԵԿԱՄԱՎԱՆՈՒՄ

Օգոստոսի 23-ին Նոյեմբերյան համայնքի հեռավոր, սահմանամերձ Բարեկամավան գյուղում այրվել է երկհարկանի առանձնատուն։ Փրկարարները տան նկուղային հարկում հայտնաբերել են 87-ամյա Նախշուն Վարդանյանի դին։

ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ հրդեհի մասին ահազանգը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացել են 05։39-ին։ Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ հրդեհը բռնկվել է Բարեկամավանի 2-րդ փողոցի 6-րդ նրբանցքի 4-րդ փակուղու տներից մեկում եւ մոտակա խորդանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։58-ին, մարվել՝ 11։52-ին։ Այրվել են երկհարկանի տունը (մոտ 200 քմ)՝ գույքով, եւ տանը կիցը խորդանոցի տանիքը (մոտ 40 քմ)։ Բարեկամավանի բնակիչները հայտնեցին, որ հրդեհի պատճառը հայտնի չէ։ Խորհրդային իշխանության վերջին տարիներին եւ հատկապես Հայաստանի անկախության  ժամանակաշրջանում Բարեկամավանում մեծ արտագաղթ է եղել, գյուղում թաղեր կան, որտեղ գիշերները մեկ կամ երկու տանն է լույս վառվում, այդ տներում էլ բնակվում են ծեր, միայնակ մարդիկ: Նախշուն Վարդանյանի ամուսինը վաղուց է մահացել, 87-ամյա ծեր կինը ապրել է միայնակ, հարեւանությամբ ապրող միայնակ տղամարդը քնած է եղել, չի տեսել, որ Նախշունի առանձնատունն այրվում է։ Հրդեհը մարելու համար օգնության հասած բարեկամավանցիներն ասում են, որ երբ իրենք դեպքի  վայր են հասել, կրակն արդեն տարածվել էր, հնարավոր չէր տուն մտնել, փրկել ծեր կնոջը։ Փայտե տանիքով տունը մեծ արագությամբ է այրվել, ամբողջությամբ այրվել է նաեւ տանն առկա բավականաչափ գույքը։ Հրդեհից մահացած կինը Վանաձորում ապրող աղջիկ, Ռուսաստանում բնակվող տղա եւ աղջիկ ունի, որոնց  հայտնելով՝ իրենց մոր մահվան մասին չէին ասել, որ նա հրդեհի զոհ է դարձել։ Դեպքից հետո կնոջ զավակները շտապել են գնալ Բարեկամավան։

 

 

 

ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է

Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ 2023 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարում, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների աշակերտների կանխատեսվող թիվը 16475 է, որից 1577-ը կլինեն առաջին դասարանցի։ 2002-2003 ուսումնական տարում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներն ունեին 21 896 աշակերտ։ Անցած 21 տարում մարզի աշակերտների քանակը փոքր քաղաքի բնակչության չափ՝ 5421-ով նվազել է։ Անցած 21 տարում մեծ  չափով նվազել է նաեւ մարզի հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների թիվը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս