ՍԻՐՈ ՃԱՄՓՈՎ ԴԵՊԻ ՎԵՐԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 25-ին երգահան, երգիչ Հայկոն կդառնար 50 տարեկան:

 

Երկու տարի առաջ ՝ սեպտեմբերի 21-ից, մամուլը սկսեց ողողվել մեծ երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի՝ Հայկոյի առողջական վիճակի վատթարացման մասին լուրերով: Տխրության ու անհանգստության ֆոնին մեծ էին նաեւ հույսն ու աղոթքները՝ սիրելի երգչին առողջացած ու իրեն հարազատ դարձած բեմին տեսնելու:

Ութօրյա կյանք ու մահի համառ պայքարից հետո, ցավոք, շատերի սրտի ու սիրո երգիչը, շատերի ընկերը, հարազատն ու սիրելին, հանգստության խորհրդանիշ դարձած Հայկոն հեռացավ կյանքից:

Շուրջբոլորը լռեց, մեծն երգահանի արվեստը սկսեց ավելի բարձր հնչել…

Հայկոյի երկամյա ֆիզիկական բացակայությունը չի դարձել խոչընդոտ նրա՝ յուրօրինակ արվեստի տարածմանը: Հայկոյականը շարունակվում է անգամ նրա բացակայության պարագայում:

Օգոստոսի 25-ին Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում Սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ տեղի կունենա մեծ համերգ՝ նվարված մեծ երաժշտի 50-ամյակին: Հայտնի մենակատարներ եւ արտիստներ նոր շունչ կտան Հայկոյի ստեղծագործություններին: Համերգի նախնական փորձից հրապարակումներ են արել մի շարք հայտնիներ, որոնք մասնակցելու են համերգին: Մասնավորապես ելույթ են ունենալու Էմմին, Էրիկը, Ներսես Ավետիսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռազմիկ Ամյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ երգչի 49-րդ ամյակը եւս հարազատները, ընկերները նշեցին առանց Հայկոյի, սակայն մեծ բեմում՝ Հայկոյի երգերով, նրա մասին պատմություններով ու հիշողություններով։

«Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ մեծ համերգ՝ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հիշատակին։

«Սերը սիրուց հետո՝ կարոտով…» խորագիրը կրող համերգին ներկայացվեցին Հայկոյի երգերը, կինոերաժշտությունը, Հայկոյի մտքերը՝ հայտնի արտիստների մեկնաբանությամբ եւ մեծ նվագախմբի կատարմամբ։

Վաղ առավոտից սոցիալական ցանցերը ողողված էին Հայկոյի նկարներով, երգերով, նրա մասին հուշերով։ «Երկնային ծնունդդ շնորհավոր, սիրո հավե՛րժ երգիչ», «Դու միշտ կմնաս մեր սրտերում», «Սեր Հայկո», «Ապրեց այնպես, որ իրեն միշտ հիշեն», «Քո սերը մի ուրիշ աշխարհ էր». գրում են նրա ընկերները, հարազատներն ու երկրպագուներն ու նշում, որ Հայկոն շարունակում է ապրել՝ իր երգերի, իր թողած բարի անվան շնորհիվ։

Հավելենք,  որ համերգից ամիսներ առաջ իր գործունեությունը սկսեց «Հայկո Հակոբյան» մշակութային հիմնադրամը, որի գլխավոր նպատակն է  պահպանել եւ հանրայնացնել Հայկոյի ստեղծագործական ժառանգությունը։

Հիմնադրամը նախատեսում է իրականացնել մշակութային եւ կրթական մի շարք ծրագրեր։

Բացի այդ, նաեւ նախատեսվում էր ստեղծել «Հայկո Մյուզիք Ֆեսթ» HAYKO MUSIC FEST ամենամյա փառատոնը, որը կանցկացվի ամեն տարվա օգոստոսի 25-ից 30-ը։

 

 

 

 

ԲՈԳՈՍՅԱՆԸ՝ Netflix-ՈՒՄ

Ամերիկահայ դերասան Էրիկ Բոգոսյանը Netflix-ի նոր՝ «Սողուն» ֆիլմում կնկարահանվի Բենիսիո Դել Տորոյի, Ջասթին Թիմբերլեյքի եւ Ալիսիա Սիլվերսթոունի հետ. հայտնում է Armenian Film Society-ն։

«Սողունը» պատմում է երիտասարդ անշարժ գույքի գործակալի դաժան սպանության մասին. դետեկտիվը փորձում է բացահայտել ճշմարտությունը մի դեպքում, երբ ոչինչ այնպես չէ, ինչպես թվում է, եւ դրանով իսկ կոտրում է սեփական կյանքի պատրանքները: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։

Էրիկ Բոգոսյանի Պուլիտցերյան մրցանակի առաջադրված «SUBURBIA» եւ «TALK RADIO» պիեսներն ադապտացվել են Ռիչարդ Լինկլեյթերի եւ Օլիվեր Սթոունի ֆիլմերում: Իր կարիերայի ընթացքում նա նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում ու հեռուստասերիալներում, այդ թվում՝ «Արարատ», «Օրենք եւ կարգ. հանցավոր մտադրություն», «Միլիարդներ», «Ժառանգներ»:

 

 

 

 

Ի ՊԱՏԻՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ

Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն նոր դաջվածք է արել՝ հարգանքի տուրք մատուցելով իր հայկական ծագմանը. գրում է RadarOnline.com-ը։

Դերասանը ցուցադրել է հսկայական նոր դաջվածք իր նախաբազկի վրա՝ խորհրդանշելով իր ընտանիքի՝ ավելի քան 100 տարի առաջ ԱՄՆ ճանապարհորդությունը:

Մանգանիելոյի նոր դաջվածքը արվել է կնոջից՝ Սոֆյա Վերգարայից յոթ տարվա ամուսնությունից հետո բաժանումից մեկ ամիս անց:

Նկարիչ Ռուբեն Մալայանի հրապարակած լուսանկարում 46-ամյա դերասանը հպարտությամբ ցուցադրել է իր մարմնի նոր արվեստը։ Այժմ նրա նախաբազկին գրված է՝ «Հրեշտակ»։

«Իմ վերջին աշխատանքն անհամեմատ ամենամեծն է իր մասշտաբով,- գրել է Մալայանը.- @JoeManganiello-ի համար, որը, վստահ եմ, հպարտությամբ կկրի այն»:

Դաջվածքը խորը նշանակություն ունի Մանգանիելոյի համար, որը Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է։

Դեռ ապրիլին «Magic Mike» աստղը կիսվել է իր մեծ տատիկի ողջ մնալու պատմությամբ Գլենդելում Հայոց ցեղասպանության միջոցառման ժամանակ:

Մանգանիելոյի նախատատը կարողացել է գոյատեւել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ժամանակ, որի ընթացքում հայերը խոշտանգվել եւ սպանվել են։

Պատմելով իր ընտանիքի պատմությունը՝ դերասանը մտածել է հայկական մշակույթը հարգելու կարեւորության մասին։ «Ես չէի գիտակցում, թե որքանով է ներկայացված հայոց պատմությունը», – ասել է Մանգանիելոն միջոցառման ժամանակ: Նա ընդգծեց իր մեծ տատիկի՝ նման պատմություններով կիսվելու կարեւորությունը:

 

 

 

 

ՊԱՅՔԱՐ՝ ՄԵԴԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Սլովենիայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի եզրափակչի 6 մասնակից։

46 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Համեստ Աֆրիկյանն ապահովել է արծաթե մեդալ։ Նա հաղթել է բուլղարացի Ռոբերտա Հաջիյսկային եւ կպայքարի ոսկե մեդալի համար։

Անահիտ Հարությունյանը 48 կգ քաշային կարգում հաղթել է սլովակ Մարհոլդ Տիարա Անաստասիային ու դուրս եկել եզրափակիչ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ ավելի վաղ եզրափակչի ուղեգիր էր նվաճել 46 կգ քաշային Լիաննա Ժամհարյանը։

Տղաների պայքարում 50 կգ քաշային կարգում եզրափակչի ուղեգիր է նվաճել Կարեն Զախարյանը, որը հաղթանակի է հասել մոլդովացի մարզիկ Տիմոսկով Անդրեի նկատմամբ։

54 կգ քաշային կարգում Արսեն Դարբինյանը հաղթել է ուկրաինացի Խորոշեւսկի Հլիեբին, 80 կգ քաշային կարգում եզրափակիչ է դուրս եկել Հրաչ Խաչատրյանը՝ պարտության մատնելով հունգարացի Դոմյան Ալեքսին։

Հայաստանի 7 բռնցքամարտիկներ էլ բրոնզե մեդալ են նվաճել։

Նշենք նաեւ, որ Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել Արթուր Մելքումյանի գլխավորությամբ։ Մարզչական շտաբում են նաեւ Արմեն Բաղդասարյանը, Խաչիկ Խաչատրյանը եւ Արթուր Վարդեւարյանը։

 

 

 

 

ԿԳԼԽԱՎՈՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

Իտալիայի հավաքականից հեռացած Ռոբերտո Մանչինին կգլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը. հաղորդում է իտալական Gazzetta dello Sport-ը։ 58-ամյա իտալացի մասնագետի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2026թ. աշխարհի առաջնության ավարտը։ Երեք տարվա համար Ռոբերտո Մանչինին կստանա մոտ 90 միլիոն եվրո։

Մանչինին Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացել էր օգոստոսի 13-ին։ Նրան փոխարինել է անցած մրցաշրջանում «Նապոլիի» հետ Իտալիայի չեմպիոնի տիտղոսը նվաճած իտալացի Լուչանո Սպալետին։

Մանչինիի ղեկավարությամբ Իտալիայի հավաքականը դարձել է 2020թ. Եվրոպայի չեմպիոն, սակայն չէր նվաճել 2022թ. աշխարհի առաջնության ուղեգիր։

 

 

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ՝ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող աթլետիկայի աշխարհի առաջնությունում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց իսպանացի Ալվարո Մարտինը, որն առաջինն էր 35 կմ մարզական քայլքում։ Ալվարո Մարտինն այս առաջնությունում չեմպիոն էր դարձել նաեւ 20 կմ մարզական քայլքում։ Կրկնակի աշխարհի չեմպիոն դարձավ նաեւ իսպանացի Մարիա Պերեսը, որը ոսկե մեդալ նվաճեց կանանց նույն մրցատարածությունում։ Մարիա Պերեսը հաղթել էր նաեւ 20 կմ մարզական քայլքում։

 




Լրահոս