ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծուները եւ հետագա համագործակցության քայլերը:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանդիպումը կայացավ  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում, որի ընթացքում նախատեսված են նաեւ մի շարք  հանդիպումներ գործարարների համար։

Նախարար Քերոբյանն ընդգծեց, որ մինչ գործարարների հետ հանդիպումը  ՌԴ տնտեսական զարգացման նախարարի հետ  քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված ներդրումների,  համատեղ նախագծերի եւ  լոգիստիկայի հարցերի հետ:

«Մեկ տարի առաջ մենք (ՌԴ էկոնոմիկայի նախարարի հետ) համաձայնագիր ստորագրեցինք Հայաստանում ռազմավարական զարգացման կենտրոն հիմնելու մասին, մեկ տարվա ընթացքում  բավական լավ աշխատանք է տարվել։ Մենք փոխառել ենք Ռուսաստանի դրական փորձը մի շարք ոլորտներում՝ մեր կառավարության որոշ ծրագրեր առաջ մղելու համար»,-ասաց  նախարարը:

Մաքսիմ Ռեշետնիկովը, անդրադառնալով գործարարների հետ հանդիպմանը, ընդգծեց, որ շատ հետաքրքիր եւ կարեւոր  հանդիպում էր, քանի որ գնալով մեծանում են  երկու երկրների միջեւ շփումները, ապրանքաշրջանառությունը, համատեղ ներդրումները եւ  հետաքրքրությունները:

Հավելենք, որ նախարարը նշեց նաեւ, որ բիզնես նախաճաշի ընթացքում բարձրացվել են հարցեր` կապված մակրոէկոնոմիկայի, երկրի տնտեսական քաղաքականության հետ։

Ռեշետնիկովն էլ իր հերթին հիշեցրեց, որ ռուբլու եւ դրամի փոխարժեքները խիստ տատանում են գրանցել. ռուբլու փոխարժեքը դրամի նկատմամբ դրամատիկ անկում է ապրել, եւ դա որոշակի մտահոգություն է առաջացնում Ռուսաստան արտադրանք արտահանող հայ գործարարների մոտ։

Երկու երկրների գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում փորձել են քննարկել մակրոտնտեսական իրավիճակն ու որոշակի գնահատականներ տալ: Մասնավորապես, Ռեշետնիկովը նշեց, որ սա ընթացիկ իրավիճակ է, այն ռազմավարական խնդիրները չի չեղարկում, իսկ ռազմավարական խնդիրները փոխադարձ ներդրումներն են, նոր նախագծերը եւ համագործակցությունը:

Նշենք նաեւ, որ նա նաեւ  խոսեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ինտենսիվ ապրանքաշրջանառությունից` նշելով, որ ընթացքում, իհարկե, հարցեր առաջանում են, որոնք անհրաժեշտ է լինում պարզաբանել համապատասխան գերատեսչությունների հետ։

«Քննարկվեցին նաեւ ավանդական հարցերը՝ տրանսպորտի, մաքսակետի, նոր մոտեցումների եւ նոր ուղիների մասին: Դրանք կան, բայց երբ առկա է նման մեծ եւ ինտենսիվ ապրանքաշրջանառություն, անհրաժեշտ է համապատասխան կողմերի հետ մշտապես վերահսկել այն»,- ասաց ՌԴ տնտեսական զարգացման նախարարը:

Մաքսիմ Ռեշետնիկովն ընդգծեց, որ  նախարար  Քերոբյանի հետ քննարկմանը պայմանավորվել են, որ մեծ պատասխանատվությամբ այս բոլոր հարցերը կվեցնեն իրենց վերահսկողության տակ, բիզնեսին սպառիչ պարզաբանումներ կտան, անհրաժեշտության դեպքում էլ որոշակի պահեր կշտկեն:

 

 

 

ՔՈՎԻԴԻ ՏՎՅԱԼՆԵՐ՝ ԱՀԿ-ԻՑ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 20-ն աշխարհում ավելի քան 1,47 մլն մարդ է վարակվել  կորոնավիրուսով, մահացել է 2059 մարդ։ Հիվանդացածների թիվը, նախորդ 28 օրվա համեմատությամբ, աճել է 63%-ով, իսկ մահացությունների թիվը նվազել է 48%-ով:

Հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 20-ը հիվանդացության 112%-ով աճ է գրանցվել Արեւելամիջերկրածովյան տարածաշրջանում: Հիվանդացության ցուցանիշն աճել է նաեւ Արեւմտախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (+ 88%) եւ Եվրոպայում (+ 12%): Միեւնույն ժամանակ Աֆրիկայում գրանցվել է հիվանդացության 84 %-ով նվազում։

Չորս շաբաթվա ընթացքում մահացության աճ է գրանցվել միայն Արեւելամիջերկրածովյան տարածաշրջանում՝ 70%-ով։

Քովիդի պատճառով արտակարգ դրության ռեժիմը համաշխարհային առողջապահության բնագավառում գործել է 2020 թվականի հունվարի վերջից մինչեւ 2023 թվականի մայիսի 5-ը։ ԱՀԿ-ի՝ 2023 թվականի օգոստոսի 16-ի տվյալներով՝ աշխարհում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 769 806 130 դեպք, մահացել է 6 955 497 մարդ։

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկակական հետազոտություններ էին իրականացրել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների եւ Աբելյան փողոցների խաչմերուկ, Շինարարների եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ, Շինարարների եւ Ջանիբեկյան փողոցների խաչմերուկ (Շինարարների 35 հասցեի դիմաց) հասցեներում գործող բենզալցակայանների նկատմամբ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հաղորդում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության եւ հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին անմիջական սպառնալիք ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության եւ անվտանգության համար։ Տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանների շահագործումը դադարեցնելու որոշումներ էր կայացրել։

Տեսչական մարմնի,  Երեւանի քաղաքապետարանի  եւ Ներքին գործերի նախարարության համատեղ  իրականացրած միջոցառման արդյունքում նշված բենզալցակայանների գործունեությունը փաստացի դադարեցվեց, եւ դրանք ապամոնտաժվեցին։

 

 

 

Ո՞Վ ԿՓՈԽՀԱՏՈՒՑԻ ՎՆԱՍԸ

Օրերս համացանցում կադրեր հրապարակվեցին, որտեղ երեւում էր, թե ինչպես է անձրեւի հետեւանքով փլուզվում Wildberries-ի պահեստի տանիքը:

Տեսաձայնագրության մեջ երեւում է, որ ջրի հզոր հոսքը տանիքից լցվում է արկղերի վրա, որոնց մեջ պահվում էր ապրանքը։ Ապրանքների մի մասը ջրի հոսքը տարել է պահեստի տարբեր սենյակներ:

Ռուսական «Իզվեստիա» կայքը հաղորդել էր, որ աշխատակիցները տարհանվել են, իսկ չվնասված ապրանքը տեղափոխվել է այլ պահեստներ:

Ավելի ուշ Wildberries-ը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում էր, որ սկսել են վերանորոգումն ու անցել բնականոն աշխատանքի:

Իսկ ու՞ր է մնացած ապրանքը, ի՞նչ ճակատագիր է սպասում նրանց:

«Ժողովուրդ» օրաթերթը հարցում է կատարել Wildberries-ի ռուսական գրասենյակին՝ ճշտելու համար, թե, ի վերջո, ուր կորավ վնասված ապրանքը, արդյոք որեւէ մեկը չի պատրաստվում փոխհատուցում տրամադրել քաղաքացիներին իրենց վնասված ապրանքների համար, եւ կա արդյոք հույս, որ մի օր այդ ապրանքները կհասնեն իրենց հասցեատերերին, ինչին ի պատասխան՝ օնլայն խանութի ղեկավարությունը լռում է:

 

 

 

 

ԱՃԻ ԿՐԿՆԱԿԻ ՆՎԱԶՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2023 թվականի հունիս ամսին տնտեսական ակտիվության ցուցանիշը, մայիս ամսի համեմատ, կրկնակի նվազել է։ Տնտեսական աճը եւս դանդաղել է. աճի տեմպը 2023 թվականի երկրորդ եռամսյակում, առաջին եռամսյակի համեմատ, նվազել է 3.0 տոկոսային կետով եւ կազմել 9.1%, իսկ 2023 թվականի առաջին կիսամյակի աճի տեմպը կազմել է 10.5%, որը 2.1 տոկոսային կետով ցածր է 2022 թվականի տարեկան ցուցանիշից։ Նկատի ունենալով վերոհիշյալը, ինչպես նաեւ վերջին շրջանում արձանագրվող որոշակի միտումները՝ չի բացառվում, որ առաջիկայում արձանագրվի աճի տեմպերի էական դանդաղում։ Հավելենք, որ այս տեսակետը կիսում են նաեւ մի շարք միջազգային կազմակերպություններ, ինչպես նաեւ ՀՀ կենտրոնական բանկը, համաձայն որոնց՝ նախորդ տարվա բարձր տնտեսական աճի համեմատ՝ այս տարի սպասվում է էապես ավելի համեստ աճ, տարբեր գնահատումներով՝ 4.5-7.5%։




Լրահոս