2021 թվականին մամուլում մեծ աղմուկ բարձրացավ, որ «ՀայՓոստ» ընկերությունը «ատեստացիայի անվան տակ զանգվածային կրճատումներ է անում»: Պարզվում է՝ «ՀայՓոստ»-ում կան աշխատակիցներ, որոնք, ընկերության ֆինանսական ծանր դրությանը զուգահեռ, բարելավել են իրենց ֆինանսական վիճակը, օրինակ՝ ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը: «Ժողովուրդ» օրաթերթը թերթեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի կողմից ներկայացված պաշտոնական հայտարարագիրը, եւ պարզվեց, որ հեղափոխության տարում նա ամսական մոտ 470 հազար ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) աշխատավարձ է ստացել: Այնուհետեւ, երբ 2020-ից աշխատանքի է անցել «ՀայՓոստ» ՓԲԸ-ում, վարձատրություն է ստացել 1 մլն 900 հազար դրամ, որը 2 տարի անց՝ ամուսնու պաշտոնական առաջխաղացումից հետո, դարձել է 9 մլն 474 հազար դրամ: Այսինքն՝ 2021 թվականին «ՀայՓոստ»-ից նա ստացել է 6 մլն 812 հազար դրամ, իսկ 2022 թվականին՝ 9 մլն 474 հազար դրամ: Թե ինչպես, ինչի հաշվին է Շուշան Ալեքսանյանի ստացած ամսական մոտ 150 հազար ՀՀ դրամ վարձատրությունը 2 տարի անց դարձել ամսական մոտ 800 հազար դրամ, դժվար է ասել: Բարդագույն այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ գործատուից: Ինչպե՞ս է ստացվել, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի կնոջ՝ Շուշան Ալեքսանյանի աշխատանքի վաձատրությունը աճել է գրեթե 4 մլն-ով՝ դառնալով 9 մլն 474 հազար դրամ: Ի՞նչ հիմնավորմամբ է եղել աշխատանքի վարձատրության բարձրացումն այն դեպքում, երբ որոշ ժամանակ առաջ «ՀայՓոստ» ՓԲԸ-ն մասսայականորեն հաստիքներ էր կրճատում մարզերի եւ Երեւանի մասնաճյուղերում, նաեւ «ՀայՓոստ»-ում ՊՎԾ-ի կողմից արձանագրվել են շուրջ 4,1 մլրդ դրամի խախտումներ, որի համար ընկերությունը տուգանվել է։ Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի այս հստակ հարցադրումներին «ՀայՓոստ»-ից ստացանք հետեւյալ պատասխանը. «Հարցման մեջ նշված անձը «ՀայՓոստ» ՓԲԸ-ում աշխատանքի է անցել 2020 թվականից, աշխատանքի վարձատրությունը որոշված է ընկերության եւ աշխատակցի միջեւ կնքված աշխատանքային պայմանագրով սահմանված ամսական դրույքաչափով, որը, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հդվածի համաձայն, հանդիսանում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, որը ենթակա չէ տրամադրման կամ հրապարակման ՀՀ աշխատանքային օրենսգրքի 199-րդ հոդվածի ուժով»: Այսինքն՝ «ՀայՓոստ»-ը գաղտնի է պահում, թե ինչպես է կրճատումներ իրականացնող ընկերությունում կոնկրետ ՔՊ խմբակցության ղեկավարի կինը աշխատավարձի մոտ 5 անգամ բարձրացում ունեցել:
Ամառվա տապը քիչ-քիչ կոտրվում է՝ տեղը զիջելով աշնանային նուրբ եղանակին: Թեժ արեւին փոխարինելու է գալիս մելամաղձոտ աշունը, սակայն վիզաների ու անձնագրայինների թեժ ու ինչ-որ տեղ նաեւ հոգնեցնող հերթերը այդպես էլ չեն վերանում: Շատ քաղաքացիներ, որոնք պլանավորել էին իրենց հանգիստն անցկացնել երկրից դուրս, դեռեւս սպասում են վիզա ստանալու իրենց հերթին, այնինչ շատ-շատերը անհասկանալի կարճ ժամկետում ստացել են իրենց վիզաներն ու երկրից երկիր են շրջագայում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այս առեղծվածի հիմքում մի շարք տուրիստական ընկերությունների «հերթ առաջ տալու» բիզնեսն է: Իսկ ի՞նչ է դա նշանակում: Մինչեւ ուշ գիշեր լինում են դեպքեր, երբ վիզա ստանալու օնլայն համակարգում իրենց հերթից հրաժարվում, այլ կերպ ասած՝ «հերթից դուրս են գալիս» բազմաթիվ քաղաքացիներ, եւ փաստացի շատ ուշ ժամերի ազատված տեղեր են ի հայտ գալիս, եւ այս առիթը օգտագործելով՝ տուրիստական շատ ընկերություններ գումարի դիմաց մարդկանց առաջարկում են վիզա ստանալու օրը «առաջ գցել»: Արդյունքում ոմանք շատ կարճ ժամանակահատվածում ստանում են վիզաներ, ոմանք էլ, տեղյակ չլինելով գործի նրբություններից, ամիսներով սպասում են իրենց հերթին: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վիզաների աջակցման կենտրոնի ղեկավար Անի Քոչարյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչու է խտրական վերաբերմունք ցուցաբերվում քաղաքացիների նկատմամբ: Անի Քոչարյանն ասաց, թե հեռախոսով հարցերի չի պատասխանում: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնապես գրավոր հարցում ուղարկել է Վիզաների աջակցման կենտրոն: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովը 2023թ. պատվիրակությունների ընդունման եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար 3 մլն 872 հազար դրամ ընդհանուր արժողությամբ կոնյակներ է ձեռք բերել։ Գնումը դարձյալ կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից։ Իսկ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել էին 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։ Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը նույն պատճառաբանությամբ՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության եւ արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար, նաեւ օղիներ էր ձեռք բերել 959 հազար 670 դրամով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմպանի» ՍՊԸ-ից։ Այսինքն` այն մեղադրանքները, որոնք հնչեցվում էին նախկինների եւ այն կառույցների հասցեին, որոնք, իբրեւ, մսխում էին պետական բյուջեի գումարները, հատկանշական են նաեւ հիմա. նախկինից ոչնչով չտարբերվող քաղաքականությամբ պետբյուջեի միջոցները անխնա ծախսվում են:
Հայկ Մարությանը, որ երեւանցիներին առաջարկում է շարունակել կիսատ թողած աշխատանքը, իր պաշտոնավարման ժամանակ աշխատանքի պատասխանատվությամբ չի փայլել: «Ժողովուրդ» օրաթերթը շատ է գրել, որ նա ամենաշատ արձակուրդ վերցրած քաղաքապետերից է եղել: Եւ հիմա երեւան են գալիս տարբեր տեղեկություններ, թե ինչպես է նրա գործողությունների հետեւանքով տուժել մայրաքաղաք Երեւանը: Տեղեկություններ ենք ստացել այն մասին, որ նոր աղբավայրի կառուցման մրցույթի գնահատումը ձախողել է Հայկ Մարությանը, քանի որ ոչ մի մասնակից Հայկ Մարությանի հետ կապ հաստատել չի ցանկացել, իսկ իր սրտի ուզած մասնակցին էլ ինքը՝ Մարությանը, չի կարողացել անցկացնել։ Ավելին՝ հանձնարարել է իր խորհրդական Արթուր Սարգսյանին չգնահատել մրցույթի մասնակիցների հայտերը, մինչեւ ժամկետները անցնեն, եւ մրցույթը ձախողվի։ Իսկ ո՞վ էր Արթուր Սարգսյանը, որ կատարել է Մարությանի տարակուսելի հանձնարարականը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրան քաղաքապետարանում աշխատանքի է բերել քաղաքապետի կինը՝ Իվա Մարությանը, ում ընկերուհին Արթուր Սարգսյանի մտերիմ ընկերուհին է, ինչպես նաեւ Իվա Մարությանի հիմնադրամի տնօրենը։ Ինչո՞ւ է ձախողվել նոր աղբավայրի կառուցման մրցույթը: «Ժողովուրդ» օրաթերթը դարձյալ փորձեց Հայկ Մարությանից մեկնաբանություն ստանալ, սակայն չհաջողվեց: Նա ինչպես քաղաքապետարանում էր անհասանելի լրագրողների համար, այնպես էլ հիմա է: