ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է «ԱՆԿԱԽ ԴԻՏՈՐԴ»-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 23-ից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ՝ պարզելու համար, թե դիտորդ մարմինն ինչ խախտումներ է արձանագրել այս ընթացում:

Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հիմնական խնդիրն այն է, որ, օրինակ, մինչ քարոզարշավի մեկնարկը Երեւանի քաղաքապետարանի մեդիառեսուրսները եւ Հանրային Հեռուստաընկերությունն ակտիվորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավն են իրականացրել, ընդ որում՝ նրան լուսաբանել են ավելի շատ, քան մյուս բոլոր փոխքաղաքապետերին միասին:

-Պետք է ասեմ, որ երկարաժամկետ դիտորդության միջանկյալ զեկույցը կլինի ամենայն հավանականությամբ տասը օրից, հետեւաբար այս պահին ներկայացնելու դիտարկումներ չկան: Այդուհանդերձ պետք է ասեմ, որ եթե մենք ինչ-որ էական, լուրջ հանցագործություններ պարունակող խախտումներ արձանագրեինք, դրա մասին առանձին հայտարարությամբ հանդես կգայինք: Նման խախտումներ քարոզարշավի փուլում մենք չենք հանդիպել: Մենք արձանագրել ենք որոշակի խնդիրներ նախքան քարոզարշավը, մասնավորապես՝ Երեւանի քաղաքապետարանի մեդիառեսուրսներով եւ Հանրային հեռուստաընկերությամբ Տիգրան Ավինյանի մրցակցայն առավելության ստեղծման առումով:

-Պարո՛ն Իոաննիսյան, այժմ էլ ամենուր հանդիպում ենք Տիգրան Ավինյանի  քարոզչական պաստառներին, մինչդեռ մյուս թեկնածուների պաստառներին հազվադեպ կարելի է հանդիպել: Սա արդյոք խախտում չէ՞, արդյոք անհավասարություն չէ՞:

-Ոչ, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նաեւ «Իրազեկ քաղաքացիների միավորման» առաջարկած օրենսդրական կարգավորման արդյունքում հավասարապես բաշխում է հանրային տրանսպորտի կանգառները, վերելակները եւ դեռ հին ժամանակներից գործող գովազդային մեծ վահանակները: Այսինքն՝ չի կարող որեւէ ուժ ուզենալ եւ չստանալ, օրինակ, վերելակում գովազդ փակցնելու հնարավորություն: Այստեղ հարցն այն է, որ, հնարավոր է, մեկ ուժ պատվիրի այդ ամենը, մյուսն ասի՝ ես այդ ամենը կանեմ հեռուստացույցով կամ թռուցիկներ կբաժանեմ: Ուժերը իրենք են որոշում՝ որ միջոցին դիմեն. ի սկզբանե բոլորին հավասար հնարավորություններ է տրված: Դա չի նշանակում, որ կան պաստառներ, որոնք օրենքի խախտմամբ են փակցված: Իհարկե, նկատել ենք որոշ պաստառներ, որոնք փակցված են օրենքի խախտմամբ, որոնք այդքան էլ զանգվածային չեն եղել:

-Ո՞ր ուժի պաստառն է դա եղել:

-Քանի որ այս պահին զեկույցի մանրամասները դեռ չկան, անուններ ասել այս պահին չեմ կարող. մոտավորապես տասը օրից կհայտարարվի: Հիմա էթիկապես ճիշտ չի լինի ասել մի քաղաքական ուժի անուն, որն այս պահին գիտեմ, սակայն նրա մասին, որին դեռ տեղյակ չեմ, չասեմ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ԱՆԱՐԳԱՆՔ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 28-ին Սլովենիայում հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:

Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առեւտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաեւ նորարարությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Այս համատեքստում կարեւորվել է Կորեայի միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին:

Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն  հրավիրելով սննդի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:

Նշենք նաեւ, որ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլեւ Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսեւորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի եւ հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:

Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերին:

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԵՎԱՆԳՈՒՄԸ

Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող արցախցիների խմբից քիչ առաջ ադրբեջանցիները հերթական տղամարդուն են առեւանգել։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ ադրբեջանցիների կողմից առեւանգված քաղաքացին 21-ամյա երիտասարդ է։ Մենք տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ  Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առեւանգված  երիտասարդն Ալեն Նելսոնի Սարգսյանն է՝ ծնված 2001թ.:

«Առեւանգման պատճառների մասին որեւէ հավաստի տեղեկություն դեռեւս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, որը մեկնում էր Երեւան իր ուսումը շարունակելու նպատակով:

Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ», – հայտնում են շտաբից:

 

 

 

ԴԻՐՔԵՐՈՒՄ ՔՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԼՐՋԱՑԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ ՊՆ Սյունիքի մարզի բանակային կորպուսում ազատումներ են սպասվում: Պարզվում է՝ ՊՆ ղեկավար կազմը քննարկել է այն հարցը, որ դիրքերում քնելու թեման հայոց բանակում հատկապես վերջին շրջանում շատ է լրջացել, հաճախ ճակատագրական ավարտ է ունեցել զինվորների համար: Երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 27-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում էին ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Հայկազյանը եւ Արմեն Խաչատրյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները դարձյալ մարտական դիրքում քնելու թեմայով վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա. բժիշկներին չի հաջողվել նրանց կյանքը փրկել: Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին մահացած ժորա Կարապետյանի գործով արդեն կա երկու ձերբակալված: Ըստ քննության տվյալների՝ զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ ինքնասպան էր եղել. պատճառը կրկին մարտական դիրքում քնելն է եղել:




Լրահոս