Անհետ կորած զինծառայողների ծնողները ժամանակ են տվել․ Պապիկյանը կհանդիպի՞ նրանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ArmLur.amգրել էր, որ Էջմիածնի «Քիմիկներ»-ի զորամասից 44-օրյա պատերազմի մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը ՀՀ պաշտպանության նախարարությունում էին եւ պահանջում էին հանդիպում նախարար Սուրեն Պապիկյանի հետ, սակայն վերջինիս փոխարեն նրանց հետ հանդիպել է նախարարի խորհրդականը, ինչը ծնողներին դուր չի եկել, հանդիպումն էլ՝ թեժ անցել։

Ծնողները հայտարարել էին, որ մինչև չհանդիպեն նախարար Պապիկյանին, ոչ մի տեղ չեն գնալու, սակայն երեկոյան շատ ուշ ժամի ծնողներն այնումաենայնիվ տուն են գնացել, քանի որ նրանց խոստացել են, որ այսօր՝ օգոստոսի 31-ին կհանդիպեն Սուրեն Պապիկյանի հետ:

Նշենք, որ երեկ ՊՆ մամուլի ծառայությունից մեզ հայտնել էին, որ ծնողները հանդիպել են տեղակալ Արման Սարգսյանի հետ եւ ընթացքի մեջ է վարչության պետի հետ հանդիպումը, պաշտպանության նախարարի տեղակալն էլ ծնողներին հայտնել է պաշտպանության նախարարի պատրաստակամությունը՝ առաջիկայում անհատական հանդիպումներ ունենալ:

Հիշեցնենք, որ այս առնչությամբ հարուցված դատական գործը ընթացքի մեջ է, և ծնողները դժգոհում են նաև դատավարությունից։ Որպես մեղադրյալ ներգրավված է ՀՀ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը։ Ըստ մեղադրանքի` 62 զինծառայողները նրա և երկու հրամանատարների պատճառով են Զանգելանում հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ։ Զինծառայողներից միայն 20-ին է հաջողվել դուրս գալ ադրբեջանական շրջափակումից, 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների գտնվելու վայրն անհայտ է:

Մարիամ Ղազարյան




Լրահոս