Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրման առաջարկությանը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․ « 2023թ. հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց Հայաստանում տեղակայել ԵՄ մշտադիտարկման նոր քաղաքացիական առաքելություն՝ վերջինիս մանդատի մեկնարկից երկու տարի ժամկետով։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը: Հայկական կողմը մեծապես կարևորում է ինչպես սույն, այնպես էլ Եվրոպական միության հետ անվտանգային ոլորտում համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի դրույթներով՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության (ՀԵՄԱ) կարգավիճակի մասին համաձայնագրի» ստորագրումը։ Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և ստանձնած միջազգային պարտավորություններին»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։