Գիտելիքի և դպրության օրը պետական տոն է, որը նշվում է սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվա առաջին օրը։ Նշվում է 1984 թվականից, հաստատվել է ԽՍՀՄ Բարձրագույն խորհրդի նախագահության՝ հունիսի 15-ի № 373-11 «Սեպտեմբերի 1-ը համաժողովրդական տոն՝ Գիտելիքի օր հայտարարելու մասին» հրամանագրով։ Պետական տոն է Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում[4], Բելառուսում և Ղազախստանում։
Օրը տոն է բոլոր աշակերտների, ուսանողների, ծնողների, ուսուցիչների, դասախոսների ու բոլոր այն մարդկանց համար, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են ուսումնական հաստատությունների հետ։ Սովորողները տոնական տեսք ընդունած գնում են դպրոց՝ նշելով իրենց ուսումնական տարվա առաջին օրը։
Օրվա խորհուրդը պահպանելու, սովորողների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու նպատակով դպրոցներում անցկացվում են տոնական հանդիսություններ՝ նվիրված Գիտելիքի, գրի և դպրության օրվան։ Բարձրաստիճան պաշտոնյաները օրվա կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձն են հղում սովորողներին։