ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է լրատվամիջոցների նկատմամբ պատասխանատվություն սահմանել Facebook սոցիալական ցանցից անանուն օգտատիրոջ էջերի վիրավորական և զրպարտական բնույթի տեղեկատվությունը հրապարակելու համար:
Հայտնի բլոգեր Սյունե Սևադան Armlur.am-ի հետ զրույցում օրինագիծը խելամիտ, բայց փոքր-ինչ վիճելի է որակեց: Նրա խոսքով ՝ լրատվական դաշտը որոշ չափով կմաքրվի, քանի որ, ըստ նրա, հիմա լրատվական կայքերը ցանկացած մարդու կարծիք ընդունում են որպես փաստ՝ առանց ինֆորմացիան ստուգելու:
«Էլ չեմ ասում, որ շատ կայքեր, առանց զգուշացնելու, հրապարակում են մարդկանց անձնական էջերում արված գրառումները, որոնք միայն իրենց ընկերների համար էին արվել: Միգուցե դա ուղղակի կարծիք է, իսկ մարդ կարող է ունենալ բացասական կարծիք ու կիսվել դրանով իր ընկերների շրջապատում, բայց` ոչ հանրային հարթակներում:
Նման սահմանափակումը որոշ չափով կմաքրի ոլորտն անպետք աղբից: Ամեն մի զրպարտություն չի հրապարակվի: Լրատվական կայքերը սենսացիայի ետևից ընկնելուց ու լայքեր հավաքելուց առաջ սառը կդատեն, հետո նոր կորոշեն հրապարակել այս կամ այն գրառումը»,- պարզաբանեց բլոգերը՝ շեշտելով, որ մյուս կողմից էլ միայն անանուն օգտատերերը չեն, որ զրպարտում են ու վիրավորական բնույթի գրառումներ կատարում:
«Կարծում եմ՝ օրենքը պիտի կիրառվի բոլոր օգտատերերի համար: Ուղղակի, նախ պետք է հասկանալ՝ դա անձնական գրառում է, թե` հրապարակային, կարող է լրատվական կայքը հրապարակել տվյալ նյութը, թե՝ ոչ: Կարծիքի համար պատասխանատվության ենթարկելը գրաքննություն է հիշեցնում»,- հավելեց Սյունեն:
Նրա խոքով՝ նման գործելաոճը սխալ և անլուրջ կլինի, իսկ եթե նյութը գրվել է մարդկանց լայն շերտերի համար ու պարունակում է զրպարտություն, վիրավորանք, ապա կարելի է պատասխանատվության ենթարկել:
«Ի վերջո, լավ ասացվածք ունենք` յոթ անգամ մտածի՛ր, նոր վիրավորի՛ր ու զրպարտի՛ր»,- եզրափակեց երիտասարդ բլոգերը:
Լիլիթ Լալայան