«Կրեմլում նստած արտագրել են Արցախի գործընթացը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով, որ Արցախի գործընթացը` անկախության համար պայքարից, ինքնորոշման իրավունքի կիրառումից, Մոսկվայի կողմից կիրառվում է Ղրիմում: Ըստ նրա ` սա բացարձակ շահավետ գործընթաց է հայ ժողովրդի շահերի տեսակետից, որը, սակայն, հայ քաղաքական վերլուծաբանների տեսադաշտից դուրս է մնացել:
Քաղաքագետի համոզմամբ ` Հայաստանի համար ստեղծվում է մի նախադեպ Ռուսաստանի` որպես գերտերության կողմից կիրառվող, որը տառ առ տառ կրկնում է Արցախում տեղի ունեցող գործընթացը: Հետևաբար, ըստ Լևոն Շիրինյանի ` մենք պետք է ողջունենք այս քայլը ` ցույց տալով, որ Արևմուտքը հանդես է գալիս որպես ինքնորոշման իրավունքի սկզբունքի դավաճանող կողմ:
Քաղաքագետը նաև նշեց, որ կարելի է առաջիկայում առաջարկել և ստեղծել ԼՂՀ-ի, Հվ.Օսիայի, Աբխազիայի և Ղրիմի ինքնավար հանրապետության կոնֆեդերատիվ կառուցվածք, որը հանդես է գալու որպես կիսաճանաչված կամ չճանաչված պետությունների դաշինք:
Լևոն Շիրինյանը, անդրադառնալով Ռուսաստանի կազմի մեջ մտնելու Ղրիմի խորհրդարանի որոշմանը, մեկնաբանեց, որ դա շատ ավելի լավ նախադեպ է մեզ համար, քանի որ արդեն տևական ժամանակ է, ինչ մենք պայքարում ենք ոչ միայն Արցախի անկախության կայացման, այլև մայր հայրենիքին միավորվելու համար: