Երևանի ավագանու ընտրությունների մասնակից ուժերը դադարեցնում են քարոզարշավը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վաղ առավոտից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։ Այս պահին պաշտոնական տվյալներով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր։

Իրավիճակին արձագանքում են Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, որոնցից մի քանիսն այսօր հայտարարել են քարոզարշավի ժամանակավոր դադարի մասին։

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը գրում է․ «Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ և 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երևանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և մեր հայրենակիցների հետ լինելու համար»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ևս այսօր քարոզարշավ չի իրականացնի։ Այս մասին հայտնեցին կուսակցության մամուլի ծառայությունից։

Հայտարարություն է տարածել նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։ «Ցավալի լուրեր են գալիս սահմանից` ունենք զոհված տղերք և վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին և մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին և հայոց պետությանը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակում ընդգրկված, ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ այսօր իրենց բակերում չսպասեն: Բակային քարոզարշավ այսօր չի նախատեսվում:

Այսօր քարոզարշավ չի անի նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված, այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։

Հայ զինվորի կողքին ենք․․․»։

 




Լրահոս