«Նախագահ Միշելը շարունակել է ակտիվորեն ներգրավված լինել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղման գործում: Վերջին շաբաթների ընթացքում նրա ջանքերը՝ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ, որպես առաջնահերթություն կենտրոնացած էին Ղարաբաղի հայերի հումանիտար իրավիճակի հասցեագրման վրա: Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից տարածած հաղորդագրությունում։
«Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Կլաարը և նախագահ Միշելի թիմը սերտ կապի մեջ էին Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հետ՝ մուտքի ապաարգելափակման համար լուծում մշակելու նպատակով։ Ներկայումս տեղում հումանիտար իրավիճակը արագորեն վատթարանում է. տեղի բնակչության կարիքների հասցեագրմանն ուղղված քայլերը հրամայական են:
ԵՄ-ն խորապես համոզված է, որ Լաչինի միջանցքը պետք է ապաշրջափակվի՝ նախկին պայմանավորվածությունների և Արդարադատության միջազգային դատարանի որոշման համաձայն, և նշում է, որ մատակարարումների համար Աղդամի ճանապարհի օգտագործումը կարող է լինել հրատապ և ամենօրյա կարիքների բավարարմանն ուղղված հստակ և կայուն լուծման մաս: Այս տարրերի շուրջ քննարկումները սկսվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Բրյուսելում ղեկավարների վերջին հանդիպումից հետո։
ԵՄ-ն նաև ընդգծել է, որ Բաքուն պետք է հստակություն մտցնի Ղարաբաղի հայերին Լաչինի միջանցքով դեպի Հայաստան և հետ տեղաշարժի ընթացակարգերի առումով: Միևնույն ժամանակ քննարկումները կենտրոնացել են նաև Ղարաբաղի հայերի համար էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումների շուտափույթ վերականգնման վրա: Ներկայիս իրավիճակից բացի, Եվրամիությունը շեշտել է այս հակամարտության ժառանգությանն անդրադառնալու անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ կայուն լուծումը հեշտացնելու համար», – նշել են գրասնեբյակից։: