Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ գործով մաս կա անջատված եւ իրավապահները փնտրում են պատվիրատուին :
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են Է.Ղազարյանի վնաս պատճառելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Ըստ նախաքննական մարմնի ,2022 թվականի հոկտեմբերի 18-ին՝ ժամը 13:00-ին, Էդգար Ղազարյանը ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:15-11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան քաղաքի Եղբայրության փողոցի 16/2 շենքի բակում երկու անհայտ անձինք հարձակվել են իր վրա, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դեպքի առթիվ նույն օրը նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, որի նախաքննությունը շարունակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում:
Նախաքննության ընթացքում կատարվել են հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, առգրավվել են դեպքի վայրում առկա անվտանգության տեսախցիկների տեսագրությունները եւ ենթարկվել զննության: Արդյունքում քննչական գործողություններով պարզվել են դեպքի էական հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնք հանդիսանում են Առինջ գյուղի 48, 37 եւ 31 տարեկան բնակիչներ: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում անհատականացվել են նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, որոնց տրվել են իրավական գնահատականներ:
Այսպես, ձեռք բերված տվյալների համաձայն՝ 37-ամյա տղամարդը քննությամբ դեռեւս չպարզված շարժառիթով Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու՝ վերջինիս մարմանական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ 2022թ. հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:45-ի սահմաններում, 31-ամյա համագյուղացու հետ մեկ այլ՝ 48-ամյա համագյուղացու օժանդակությամբ վերջինիս վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւան քաղաքի Եղբայրության փողոցում գտնվող՝ Էդգար Ղազարյանի բնակության վայր, սպասել նրան: Նկատելով մոտեցող Էդգար Ղազարյանին՝ իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով աննկատ հարձակվել են նրա վրա, ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ եւ դիմել փախուստի:
2023թ. հունիսի 15-ին վարույթ իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ 37 եւ 31-ամյա տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ 48-ամյա տղամարդու նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չբացակայելու արգելքը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան