ԴԻՄՈՒՄ Է ՄԱՀԱՑԱԾ ՆՈՐԱԾՆԻ ՀԱՅՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիք մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ Անդրանիկ Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով դիմում է իրավապահ մարմիններին։

 

«Ես` Անդրանիկ Մարգարյանս, ապրում եմ Գեղարքունիք մարզի Կարճաղբյուր գյուղում: Տեւական ժամանակ բնակվում եմ Էրեբունի վարչական շրջանում: Ապրում եմ վարձով երեխաներիս եւ կնոջս հետ: Աշխատում եմ քարի արտադրամասում, ապրում եմ օրվա աշխատավարձով: Կինս` Մելինե Մանուկյանը, մինչ ֆիզարձակուրդ գնալը աշխատել է սուպերմարկետում: Կինս հաշվառված է եղել Նոր Արեշի պոլիկլինիկայում: Հղիության ինն ամիսների ընթացքում բացառապես ոչ մի խնդիր չի ունեցել: Հղիության ընթացքին հետեւել է բժշկուհի Մարգարիտա Թավմազյանը:

Հուլիսի 4-ին ստուգման այց է եղել, ամեն ինչ կարգին է եղել: Հուլիսի 5-ին՝ ժամը 14:00-ին, ցավերով տարել ենք Երեւանի «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն: Ընդունարանում հերթապահ բժիշկն է ընդունել կնոջս, ոչ մի խնդիր չի եղել: Հերթապահ բժիշկն ասել է, որ գնում է արձակուրդ, եւ չի վիրահատելու: Ես ասել եմ, որ ստուգեն կնոջս: Ձգձգել են, անցել է երեք ժամ: 17:25 րոպեին նկարել են սիրտը, ասել են զարկերը կա, տանում ենք վիրահատության: Վիրահատությունից հետո ասել են՝ երեխան առողջ է, աղջիկ եք ունեցել, աչքներդ լույս: Անցել է 45 րոպե, կանչել է ինձ բժիշկն ու ասել, որ, կարելի է ասել, երեխան ծնվել է մահացած: Ինձ ցույց չեն տվել իմ երեխային: Ես խնդրել, աղաչել եմ, որ երեխայիս ցույց տան, ոչ մեկ ցույց չտվեց:

Խնդրում եմ Ձեզ պարզաբանել՝ ինչ են արել երեխայիս հետ, եթե մինչեւ վերջին րոպեն խնդիր չի ունեցել ո՛չ կինս, ո՛չ երեխան: Կինս լսել է մեր երեխայի ձայնը. մենք կասկածում ենք, որ մեր երեխան ողջ է: Այս դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, քննություն է ընթանում։

Հարգելի՛ ՀՀ առողջանահության նախարար Տիկին Ավանեսյան, այս նամակը գրում եմ Ձեզ՝ խնդրելով՝ հետեւողական լինեք եւ բացահայտեք այս դեպքի ողջ մանրամասները։ Մեզ մոտ կան բազմաթիվ կասկածներ, որոնց պատասխանը մինչ օրս չունենք։ Հորդորում եմ ՀՀ իրավապահ մարմիններին, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հետամուտ լինել իմ երեխայի մահվան դեպքով տարվող քննությանը։

Ես կտրուկ քայլերի կդիմեմ. հույսս դնում եմ իրավապահ մարմինների խղճին ու մասնագիտական պարտականության վրա՝ սպասելով օբյեկտիվ քննությանը»:

Հավելենք, որ խոսքը Նոր Արեշում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում հուլիսի 5-ին ծնված երեխայի մասին է։ Աղջնակի ծնողները կասկածներ ունեն, որ մահացած երեխան իրենցը չէ։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընտանիքի հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, շեշտել ու հարց է բարձրացնում՝ ինչու իր դստեր մարմինն իրեն ցույց չեն տվել ու դուրս են հանել հիվանդանոցից։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ԱՇԽԱՏԱԿՑԻՆ

Քաղաքացի Նովել Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա 2023 թվականի հուլիսի 12-ին՝ ժամը 10:54-ին, ավազակությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ մուտք է գործել Երեւան քաղաքի Զաքյան 10-րդ հասցեում գործող «Առնիկա» ՍՊ ընկերությանը պատկանող «Վագա ֆարմ» դեղատուն։

Նա, մոտենալով դեղատան աշխատակցուհի Տիգրանուհի Բոյաջյանին, իր հետ նախապես վերցված, մարմնական վնասվածք պատճառելու համար նախատեսված խոհանոցային դանակի սպառալիքով իրականացնելով կյանքի համար վտանգ ներկայացնող բռնություն գործադրելու իրական վտանգ, պահանջել է դրամարկղում եղած գումարը տալ իրեն։

Այդ ժամանակ Տիգրանուհի Բոյաջյանը սեղմել է «Արմոբիլ» անվտանգության ծառայության կանչի կոճակը, որի ձայնից Նովել Քոչարյանը վախեցել է եւ դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով չիրագործելով՝ դիմել է փախուստի:

 

 

 

ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԱՀՎԱՆ ՊԱՏՃԱՌ

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություներ են հասել, թե ինչու է Սյունիքի զորամասերից մեկում երկու զինծառայող կյանքից զրկվել՝ մահացու հրազենային վիրավորում ստանալով: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ օգոստոսի 27-ին դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը եւ  Արմեն Հայկի Խաչատրյանը: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ զինվորները, մարտական դիրքում քնելու թեմայի հետ կապված, վիճել են, որից հետո կռիվը թեժացել է, ու կրակել են միմյանց վրա։ Հենց այս հանգամանքի հետեւանքով էլ երկուսի կյանքը  փրկել չի հաջողվել: Ի դեպ, օրերս գրել էինք, որ օգոստոսի 10-ին մահացել էր ժորա Կարապետյանը, կա երկու ձերբակալված. զինվորին ծառայակիցներն էին հասցրել այն վիճակին, որ նա վերջ էր տվել կյանքին, իսկ, ահա, թեման եղել էր կրկին մարտական դիրքում քնելը:

ՀԱՄԱԿՈՒՐՍԵՑԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ

Ազգային անվտանգության ծառայությունը կալանավորել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության, զորքերի բնակավորման եւ կոմունալ շահագործման վարչության նախկին պետ, գնդապետ Արմեն Սարգսյանին։  «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս ԱԱԾ-ն կալանավորել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի քրեական գործով։ Ի դեպ, նա սպարապետ Վազգեն Սարգսյանի կուրսեցին է։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը  5 տարի առաջ՝ հունիսի 25-ին, ձերբակալվել էր բանկից դուրս գալիս։ Նրա ճամպրուկում հայտնաբերվել էր 120.000 դոլար եւ 436 մլն դրամ։ Ինչպես հայտնի է՝ ԱԱԾ-ում քրեական վարույթ է առկա ՊՆ-ի հողատարածքների ապօրինի վաճառքի մասով, եւ, ահա, այս քրեական վարույթի շրջանակներում էլ կալանավորել են Վաչագան Ղազարյանին։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆՈՒՄ

Համացանցում կադրեր են հայտնվել, թե ինչպես են գիշերն անհայտ անձինք կրակոցներ արձակել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նստավայրի ուղղությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթին այս դեպքով մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ, որ նստավայրի ուղղությամբ կրակոցներ արձակած եւ ներս մտած անձինք երկուսն են եղել, որոնք, ըստ իրավապահ համակարգի պարզած տեղեկությունների, եղել են ալկոհոլի ազդեցության տակ։

Ավելին՝ մեզ հայտնի դարձավ, որ այս երկու անձինք էլ ձերբակալված են։ Հավելենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միջադեպի ժամանակ ներսում չի եղել։

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ԿԱՇԱՌՔ՝ ՊԱՐԵԿՆԵՐԻՆ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթներով կատարված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Մասնավորապես, ոստիկանության պարեկային ծառայության Երեւան քաղաքի գնդի պարեկներ Ռ. Ա.-ն եւ Հ. Մ.-ն Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս պարզել են, որ Ա. Ս.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել։ Վարորդն իր կողմից թույլ տված իրավախախտումը չարձանագրելու համար փորձել է որպես կաշառք 20.000 ՀՀ դրամ դնել պարեկ Հ. Մ.-ի գրպանը: Նույն պահին, պաշտոնատար անձին կաշառք առաջարկելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, Ա. Ս.-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության բաժին, որտեղ էլ սթափության զննության ժամանակ պարզվել է, որ Ա. Ս.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում՝ ալկոհոլի ազդեցության տակ:

Մեկ այլ քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել է, որ ոստիկանության պարեկներ Կ. Գ.-ն եւ Մ. Ս.-ն Կենտրոն վարչական շրջանում ծառայություն իրականացնելու ընթացքում կանգնեցրել են Ճ. Չ.-ի վարած ավտոմեքենան եւ ստուգել կողային ապակիների լուսաթափանցելիությունն ու վարորդի սթափության աստիճանը: Արդյունքում պարզվել է, որ Ճ. Շ.-ն ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում, իսկ ավտոմեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության չափը խախտված է եղել: Այս հանգամանքը հայտնաբերելով` պարեկ Կ. Գ-.-ն կազմել է համապատասխան արձանագրություն եւ Ճ. Չ.-ին մեկ տարի ժամկետով զրկել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան արձանագրություններ չկազմելու համար Ճ. Չ.-ն մոտեցել է պարեկ Կ. Գ.-ին եւ քողարկված ձեւով՝ իբրեւ շնորհակալության ձեռքսեղմամբ, նրան տվել 10.000 ՀՀ դրամ կաշառք: Նույն պահին կաշառք առաջարկելու կասկածանքով Ճ. Շ.-ն ձերբակալվել է եւ տեղափոխվել ոստիկանության բաժին:




Լրահոս