Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում տեղի ունեցավ գյումրեցի նկարիչների «Սերունդների երկխոսություն» պատկերագրքի շնորհանդեսը։ Առաջին անգամ Գյումրիում ներկայացվեց նաեւ նախագծի DJ ART տարբերակը։ «Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ պատկերագրքի համար հիմք ծառայել է համանուն նախագիծը, որի շրջանակներում ներկայացվել են գյումրեցի նկարչական ընտանիքներ։
Նախագիծն իրականացնում է Հայկական կրթամշակութային «Ռեալ Արտ» հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆինանսավորմամբ եւ Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ: Նախագծի հեղինակը արվեստաբան Արաքս Մարգարյանն է։ Նպատակն է բացահայտել Ալեքսանդրապոլ/Լենինական/Գյումրու մշակութային բեղունության գաղտնիքը, ներկայացնել սերնդափոխությունը կերպարվեստի ոլորտում, ցույց տալ տեղի ունեցող զարգացումները։ Նախագիծը հետամուտ է հանրայնացնել Գյումրու կերպարվեստը, այն դարձնել գրավիչ ու ճանաչելի։
Նշենք, որ նախագծի շրջանակներում անցած ամիսների ընթացքում ներկայացվել է 4 նկարչական ընտանիք՝ Միրզոյաններ, Ղուկասյաններ, Մանուկյաններ եւ Ավետիսյաններ՝ 8 ստեղծագործողների, որոնք աշխատում են տարբեր ոճերով, տեխնիկաներով։ Նախագիծն իրականացվել է Գյումրու համայնքապետարանի աջակցությամբ։
«Նախագիծը սիրվեց ու հավանության արժանացավ ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաք այցելած հյուրերի կողմից, ինչի մասին փաստում է այցելուների թիվը՝ ավելի քան երեք հազար, սակայն, ես կարծում եմ, նախագիծը կունենա նաեւ շարունակություն, քանի որ քաղաքում շատ հրաշալի նկարչական ընտանիքներ էլի կան, ու նախագիծը չի կարելի ավարտված համարել։ Գյումրին ունի մեծ ներուժ։ Հենց այս նախագծի ծնունդը այս գիրքն է, որն ավելի վիզուալ է»,- նշեց նախագծի հեղինակ Արաքս Մարգարյանը՝ շնորհակալություն հայտնելով նրանց, ում շնորհիվ պատկերագիրքը հրատարակվել է։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի ղեկավար Լիլիթ Թովմասյանը, Գյումրու քաղաքապետի անունից շնորհակալագրեր հանձնելով նախագծի մասնակիցներին ու հեղինակներին, նշեց, որ այս նախագիծն այն նախագծերից մեկն է, որ երբեւէ ունեցել էին Գյումրիում. «Շատ հետաքրքիր խորհուրդ ուներ, մի կողմից՝ սերունդների միջեւ կապը, մյուս կողմից՝ դեպի ապագան նայող։ Այն նաեւ անդրադարձ է այն արվեստագետներին, ում մինչ այս առիթ չէինք ունեցել ներկայացնելու, կամ տեւական ժամանակ ցուցադրություն չէր եղել։ Ես վստահ եմ, որ հաջորդ տարի եւս նախագիծը շարունակություն կունենա»:
Պատկերագրքի ու տեքստերի հեղինակը Արաքս Մարգարյանն է, լուսանկարները՝ Գուրգեն Գինոսյանի, ձեւավորումը՝ Մկրտիչ Մաթեւոսյանի։ Պատկերագիրքը երկլեզու է, անգլերեն թարգմանությունը՝ Մարինե Հովհաննիսյանի եւ Կարինե Արեւշատյանի։
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ
Հայաստանում անցկացվող «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում առաջին անգամ նաեւ գորգագործության բաց դաս է անցկացվել։ Միջոցառումն իրականացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը։
Առաջին նմանօրինակ միջոցառումը տեղի է ունեցել օգոստոսի 26-ին Հյուսիսային պողոտայում. գորգագործության եւս մեկ ցուցադրական դաս անցկացվեց օգոստոսի 27-ին Սարյան փողոցում։
«Վարպետաց դասերի միջոցով նպատակ ունենք գորգագործությունը հասարակության շատ ավելի լայն շրջանակներին հասանելի դարձնելու։ Այցելուները կարող են մոտենալ ու փորձել հանգույց գործել՝ ինչ-որ չափով ծանոթանալով գորգագործական ավանդույթներին»,- ասում է թանգարանի տնօրեն Լուսինե Թորոյանը՝ տեղեկացնելով, որ Ժողովրդական արվեստների թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում նաեւ փայտագործության ցուցադրական դաս է անցկացվել։
Թանգարանի տնօրենի խոսքով՝ հատկապես վերջին տարիներին գորգագործության հանդեպ հետաքրքրությունը բավականին մեծացել է, իսկ նմանօրինակ միջոցառումներ թանգարանը կազմակերպել է ինչպես Երեւանում, այնպես էլ ՀՀ մարզերում. «Եթե դեռ 10 տարի առաջ շատ քիչ կենտրոններ կային, որոնք զբաղվում էին գորգագործությամբ եւ նաեւ դասընթացներ էին կազմակերպում, այսօր այդ կենտրոնների թիվը բազմապատկվել է ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում»։
Ի դեպ, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանն այս տարի նշում է հիմնադրման 45-ամյակը. այդ առիթով հատուկ արարողակարգով մեկնարկեց թանգարանի հոբելյանին նվիրված գորգի գործման գործընթացը։ Լուսինե Թորոյանի խոսքով՝ գորգը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ։
Հիշեցնենք՝ «Եվրոպական ժառանգության օրերն» այս տարի անցկացվեցին «Կենսունակ ժառանգություն» խորագրով: Այն նվիրվում էր «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 20-ամյակին։
Երկու օրերի ընթացքում ավելի քան 100 մշակութային կազմակերպություններ իրենց հարկի ներքո հյուրընկալեցին այցելուներին՝ կազմակերպելով օրվա խորհրդին համահունչ բազմաթիվ մշակութային միջոցառումներ: Տեղի ունեցան դասական եւ հայկական ժողովրդական համերգներ, տեսաֆիլմերի ցուցադրություններ, գրական-երաժշտական ցերեկույթներ, կրթական, ինտերակտիվ ծրագրեր, հանդիպում-քննարկումներ, դասախոսություններ, վարպետաց դասեր եւ այլն:
ԸՄԲԻՇՆԵՐԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԸ
Համաշխարհային դպրոցական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում։
Արծաթե մեդալակիրներ են դարձել 57 կգ քաշային Ավետիք Թութխալյանը եւ 62 կգ քաշային Մաքսիմ Մկոյանը, 44 կգ քաշային Նարեկ Հակոբքյոխվյանը նվաճել է բրոնզե մեդալ. հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ այս խաղերում ոսկե մեդալակիրներ էին դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարին մասնակցած 44 կգ քաշային Մարատ Աճեմյանը եւ 62 կգ քաշային Արամ Սարգսյանը։
ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԸ՝ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐ
Հայ պատանիները մրցանակային տեղեր են զբաղեցրել 29th Abu Dhabi International Chess Festival մրցաշարում:
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում է, որ Միքայել Ռոստոմյանը մինչեւ 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Ֆելիքս Թոխյանը մինչեւ 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների խմբում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ զբաղեցրել 7-րդ հորիզոնականը։ Ֆելիքս Թոխյանը մասնակցել է նաեւ պատանեկան մրցաշարին եւ 7.5 միավորով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը:
Համլետ Սահակյանը պատանեկան մրցաշարում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը մինչեւ 12 տարեկանների պայքարում: Բոլոր մրցանակակիրների մարզիչն է Հայկ Խաչիկյանը:
ԱՊԱԳԱ ՄԵՍՍԻՆ
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսիի ավագ որդին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» ակումբային ակադեմիայի խաղացող. հաղորդում է Daily Mail-ը։
11-ամյա Տիագո Մեսին հանդես կգա ակադեմիայի մինչեւ 12 տարեկանների թիմում։ Լիոնել Մեսին այս ամռանն է միացել «Ինտեր Մայամիին», որի կազմում անցկացրած 9 խաղում խփել է 11 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում, նվաճել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթը։
ՉԻ ՕԳՆԻ «ՌԵԱԼԻՆ»
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը 4-6 շաբաթ չի կարողանա օգնել իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմին. հաղորդում է El Chiringuito TV-ն։
23-ամյա ֆուտբոլիստը ազդրի մկանային վնասվածք էր ստացել «Սելտայի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի խաղում։ «Ռեալը» հաղթել էր անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի գոլի շնորհիվ։ «Սելտայի» դեմ խաղում Վինիսիուսը վնասվածքի պատճառով փոխարինվել էր 18-րդ րոպեին։
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ մասնակցել էր 55 հանդիպման, խփել 23 գոլ, կատարել 21 գոլային փոխանցում։