«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` նախօրեին «Օջախ»ռեստորանում ՕԵԿ-ականների և Սերժ Սարգսյանի փակ հանդիպման մի մասն անցել է լարված մթնոլորտում: Շուրջ 5 ժամ տևած ճաշկերույթ-քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը լսել է ՕԵԿ-ականների պատգամավորների դժգոհությունները ` ուղղված իրենց կուսակցության անդամ նախարարներին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով ` հանդիպմանը ներկա են եղել ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները ` ի դեմս խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի, քարտուղար Մհեր Շահգելդյանի, անդամներ` Հովհաննես Մարգարյանի, Կարեն Բոթոյանի, Լևոն Դոխոլյանի և Իշխան Խաչատրյանի: Ներկա են եղել նաև ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Սերժ Սարգսյանը եղել է միայնակ:
Հանդիպումն ընդհանուր առմամբ անցել է ջերմ մթնոլորտում: Սերժ Սարգսյանն իր կոալիցիոն միակ գործընկեր համարվող կուսակցականների հետ խոսել է ամենատարբեր թեմաների մասին, բաժակների զրնգոցների ներքո պատասխանել բազում հարցերի: Այնուհետե եկել է մի պահ, երբ Ս. Սարգսյանը դիմել է ՕԵԿ խմբակցության անդամներին ` հետաքրքրվելով, թե նրանք ինչ գնահատական են տալիս ՕԵԿ-ական նախարարների աշխատանքին: ՕԵԿ խմբակցության պատգամավորները հերթով, նախապես գծագրված սցենարի նմանությամբ, դժգոհել են ՕԵԿ-ական նախարարների աշխատանքից: ՕԵԿ-ականները դժգոհել են, որ նախարարներն իրենց հետ չեն համագործակցում, չեն աշխատում ու ընդհանրապես իրենց կարծիքը հաշվի չեն առնում:
3 նախարարների համար էլ ՕԵԿ-ական պատգամավորների պահվածքն անականկալ է եղել: Նրանք չեն պատկերացրել, որ հնարավոր է` պատգամավորները Սերժ Սարգսյանի ներկայությամբ իրենց մասին նման կերպ արտահայտվեն ՝ բարձրաձայնելով ՕԵԿ ներսում առկա ոչ այնքան հարթ իրավիճակի նրբությունները:
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ ՕԵԿ առաջնորդի, խմբակցության պատգամավորների և նախարարների միջև փոխհարաբերությունները վերջին ժամանակաշրջանում լարվել են: Անգամ վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ «կրքերն»այնքան են թեժացել, որ նախարարները ստիպված են եղել լքել քաղխորհրդի նիստերի դահլիճը:
Թերևս սա է եղել պատճառը, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը պլանավորել է նախագահի մոտ վատաբանել նախարարներին, որպեսզի հող պատրաստի նրանց փոխարինելու նոր ՝ ավելի ենթարկվող կերպարներով:
«Ժողովուրդ»-ը երեկ փորձեց այս ամենը ճշտել ՕԵԿ նախարարներից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար ԱՐՄԵՆ ԵՐԻՑՅԱՆ
-Պարոն Երիցյան, ինչո՞ւ են ԱԺ ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչները Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վատաբանել ՕԵԿ-ական երեք նախարարների կատարած աշխատանքը:
-Իսկ ո՞վ է ասում, որ նման բան է եղել, եղել է սովորական հանդիպում նախագահի ու մեր կուսակցության քաղխորհրդի հետ, ուրիշ ոչինչ:
-Իսկ ի՞նչ եք այդքան երկար քննարկել Սերժ Սարգսյանի հետ, Ձեր ասած «սովորական» հանդիպումը տևել է ավելի քան հինգ ժամ:
-Սեղանի շուրջ ի՞նչ են քննարկում, քննարկել ենք մեր աշխատանքները, ի՞նչ է, ո՞նց է, ինչպե՞ս են մեր աշխատանքներն ընթանում: Ճիշտն ասած, ես չեմ հաշվել, թե մենք քանի ժամ ենք հանդիպել, քանի ժամ ենք քննարկում ունեցել, բայց այդպիսի մի արտառոց բան տեղի չի ունեցել, որ ասեմ: Նորմալ հանդիպում է եղել:
-Մեր տեղեկություններով ` ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավորները դժգոհել են ՕԵԿ 3 նախարարների աշխատանքից:
-Չէ, չէ, նման բան չի եղել, մենք իրար հետ աշխատում ենք: Ընդհանրապես կատարված աշխատանքի, չկատարված աշխատանքի մասին խոսք չի եղել, ընդհանուր խոսվել է, թե կուսակցության աշխատանքներն ինչպիսին պետք է լինեն: Ավելի լավ պետք է աշխատենք, բոլորս միասին: Բայց որ առանձնացնեն նախարարներին և այլն ` նման բան չի եղել: Ընդհանրապես նախագահի հետ լինում են նման հանդիպումներ ու ես դա շատ դրական եմ գնահատում:
-Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը որոշել առանձին հանդիպել ՕԵԿ-ականների հետ, ո՞րն էր հանդիպման նպատակը:
-Դուք գիտեք, որ պարոն նախագահը նման շփումներ միշտ ունենում է. հանդիպում է տարբեր գերատեսչությունների հետ, տեղեկանում նրանց գործունեությունից, հետաքրքրվում կատարված աշխատանքներով ու նաև հանդիպում կուսակցությունների հետ: Դրանք պարբերական բնույթ են կրում, ու կարծում եմ, որ չպետք է այդ ամենից զարմանալ կամ դա համարել արտառոց դեպք:
-Նշվում է, որ ՕԵԿ-ում լարված…
-Չէ, չէ, ՕԵԿ-ում լարվածություն չկա, երևի չար լեզուներն են վատ բաներ խոսում:
Հ. Գ. ՀՀ գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարները չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին: Գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց Սերգո Կարապետյանի հավաստիացումը առ այն, որ իրականում նման բան չի եղել: Իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը խնդրեց, որ հարցն ուղղել ՕԵԿ մամլո խոսնակին, քանի որ դա կուսակցական հարց է: ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանն էլ հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել այս թեմայով:
Սոնա Գրիգորյան
Թամարա Միքայելյան