Որքան էլ զարմանալի թվա, ազգային-ազգատագրական երգերի նկատմամբ այսօր կա հետաքրքրություն: Երգիչ, երգահան Գուսան Հայկազունի համերգները դա են ցույց տալիս. այդ մասին armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց հենց երգահանը, ով 100-ից ավելի երգերի հեղինակ է: Նրա բոլոր ստեղծագործությունները սիրելի ու ընդունված են ոչ միայն հայրենիքում, այլև` Սփյուռքում:
-Գուսա’ն Հայկազուն, ինչո՞վ է պայմանավորված ազգային-ազատագրական երգերի նկատմամբ մեր ժողովրդի հետաքրքրությունը: Որքանո՞վ է ճիշտ այն տեսակետը, որ ազգային-ազատագրական երգերի նկատմամբ հետաքրքրությունն առաջանում է այն ժամանակ, երբ երկիրը պատերազմական վիճակում է:
-Իհարկե, դա ինչ-որ չափով ճիշտ է, բայց մեր պարագայում պատերազմը շարունակվում է, հետևաբար, հայրենասիրական երգերն անհրաժեշտ են: Ազգը կարող է 100 տարի խաղաղ ապրել, բայց դրանից հետո միշտ կռիվ լինում է:
ԽՍՀՄ տարիներին անգամ երգվում էին հայրենասիրական երգերը, որոնք նախապատրաստեցին Աարցախյան շարժումը ու այն սերնդին, որն ազատագրեց Արցախը:
Այսօր հայրենասիրական երգերն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան քնարական ու գուսանական երգերը: Իսկ միակ բացատրությունը հետևյալն է` մենք դեռ պատերազմի մեջ ենք: Դեռ հազարամյակներ առաջ ` հեթանոսության տարիներին, ունեցել ենք ժամանակ, երբ զարգացել է մշակույթը: Մեզ հիմա ոգի է պետք, իսկ ոգի տալու համար հայրենասիրական երգը մեծ դեր ունի:
Ի դեպ, ասեմ, որ ազգային-ազգատագրական երգեր գրելն էլ բավական բարդ է: Պատահական չէ, որ այս ժանրում ստեղծագործողները քիչ են: Ճիշտ է, գրվում են ազգային-ազատագրական երգեր, բայց դրանք թիթեռի կյանք են ունենում:
-Ազգային-ազատագրական երգի ժանրը որքանո՞վ է դինամիկ, զարգացող և փոփոխվող: Այսօրվա ստեղծագործողը կարո՞ղ է որևէ նոր բան ստեղծել, թե ժանրն ինքնին կանոնիկ է:
-Իհարկե, այսօրվա ստեղծագործողն այնքան բան կարող է գրել: Պատերազմը դեռ չի ավարտվել, եթե անգամ պատերազմ չլինի էլ, մենք երկիր ունենք վերադարձնելու: Ես 2-3 տարի առաջ դրսից պատվեր եմ ստացել և գրել «Մուսա լեռան» զավակները, որը մեծ ուժ ու եռանդ տվեց հայերին: Ինձ համար այսօր ազգային-ազգատագրական երգերի հիմնական թեմատիկան պահանջատիրությունն է: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, որի ժամանակ ոչ թե պետք է ասել, որ մեզ 100 տարի կոտորել են, այլ` պահանջատեր լինել:
-Քանի որ պատվերների մասին խոսեցիք, հետաքրքիր է` այսօրվա մեր երգիչ-երգչուհիները որքանո՞վ են հայրենասիրական երգերի պատվերներ տալիս:
-Անձամբ ես պատվերներ չեմ ստանում, և դա վատ է: Նույնիսկ երգիչներն ինձանից երգ չեն ուզում: Այսօրվա մեր երգիչները սպասում են, որ երգը կատարվի, հետո իրենք կատարեն` առանց հեղինակին ճանաչելու: Ես հիմնականում դրսից եմ ստանում պատվերներ:
-Ձեր երգերի մեծ մասը երգում են տարբեր կատարողներ: Եթե անկեղծ լինեք, որքանո՞վ են նրանք հավատարիմ հեղինակի ասելիքին, կատարում այնպես, ինչպես որ կա:
-Ցավո հարց եք տալիս: Ինձ և ժողովրդի համար սիրելի երգերից մեկը` «Պիտի գնանք վաղ թե ուշ», աղավաղվում են, կլկլոցներով են երգում: Այն դարձել է սգո երգ: Դա էլ բավական չէ, երգի բառերն են փոխում: Երգիչներին թվում է, թե մի բառ կարելի է փոխել, ու դա ճիշտ է:
–Փորձե՞լ եք դրա դեմն առնել ու պայքարել:
– Բազմիցս ելույթ եմ ունեցել ու ասել եմ այդ մասին: Չես կարող բոլորի դեմ պայքարել:
-Որպես ազատամարտիկ, ըստ ձեզ` մի խումբ ազատամարտիկների պայքարն այս իշխանության դեմ որևէ արդյունքի հանգեցնի՞:
– Եթե երկրում կա հարց, դա պետք է լուծվի: Լուծմանը հասնելու համար պետք է պայքարել, ոտքի կանգնել: Հայրենիքը հյուրանոց չէ, որ մի բան դուրդ չգա, տեղափոխվես ուրիշ տեղ: Հայրենիքը քո տունն է, որի պատը, եթե ճաքել է, պետք է այն վեանորոգել:
-Եթե ճիշտ եք համարում պայքարը, ինչո՞ւ իրենք կողքին չեք:
-Իսկ ո՞վ ասաց, որ կողքին չեմ:
-Ազատության հրապարակում պարբերաբար մի խումբ ազատամարտիկներ նախորդ տարի հանրահավաքներ էին կազմակերպում, իսկ դուք այնտեղ չէիք:
-Ես` որպես մտավորական, մասնակցում եմ բոլոր հանրահավաքներին: Ճիշտ է, առաջին շարքերում չեմ, բայց այնտեղ եմ: Իշխանությունը պետք է հասկանա, որ հանրահավաք անողը վատ մարդ չէ, դեմ չէ պետությանը: Հակառակը, այդ ձևով պետք է պետությունը պետություն դառնա:
-Եթե երկրում առկա խնդիրների մասին բարձրաձայնելը նորմալ է, ինչո՞ւ է այդ խնդիրները բարձրացնող ազատամարտիկներին Սերժ Սարգսյանը համարում նվնվացող:
-Սխալ արտահայտություն է, ազատամարտիկը չի նվնվում, նա բարձրաձայնում է իր պահանջները: Թե’ երկրի նախագահը, թե’ բոլորը պետք է ցավ զգան ու ցավ են զգում, որ մեր հերոս տղաները կարող է սոված ընտանիք պահեն:
Սոնա Դավթյան