Արտակարգ դեպք Երևանում. տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում՝ 39/6 հասցեի դիմաց, 64-ամյա Ֆելիքս Մ.-ն իր վարած թիվ 10 երթուղին սպասարկող տրոլեյբուսով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 56-ամյա Սուսաննա Կ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և մինչ օպերատիվորեն կժամաներ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանն ու պարեկ Վաղարշակ Սարգսյանը: Վերջիններս քաղաքացիների օգնությամբ վիրավորին առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, ապա օպերատիվորեն ժամանած բժիշկները նրան տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՊԾ Երևանի քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:Վարորդին հոգեբանական օգնություն են ցուցաբերել դեպքի վայրի հարևանությամբ գտնվող «Միստր Գիրոս» սննդի կետի աշխատակիցները:Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները SHAMSHYAN.com-ի թղթակցին ասում էին, որ վրաերթի ենթարկվածը տրոլեյբուսի ուղևոր է եղել և նա իջել է տրոլեյբուսից, սպասելով վարորդի հրահանգաներին, վարորդն էլ չնկատելով նրան՝ անզգուշաբար վրաերթի է ենթարկել: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:




Լրահոս