Վարչապետը` ընդդեմ «Առավոտ» օրաթերթի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին` Հրանտ Սուվարյանը, և դուստրը` Նարինե Սարգսյանը, դատի են տվել «Առավոտ» օրաթերթին: Գործն ընդունվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթ:

Aravot.am-ից տեղեկանում ենք, որ «դատարանն այսօր ծրարով ուղարկել է լրատվամիջոցին գործը վարույթ ընդունելու մասին որոշումը, վիճարկվող հրապարակումը և հայցադիմումը: Հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ «Առավոտ» օրաթերթի էլեկտրոնային կայքում՝ Aravot.am-ի փետրվարի 7-ի «ՀՀ վարչապետի դուստրն ու խնամին տիրացել են իմ ունեցվածքին» հրապարակման մեջ գրվել է. «Քաղաքացիներ Սուսաննա Դավթյանն ու Լեմբերիկ Խաչատրյանը պատմում են, թե ինչպես են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու խնամին՝ ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանն ապօրինաբար տիրացել իրենց քարե շինությանը»:

Armlur.am-ի հետ զրույցում Aravot.am-ի խմբագիր Աննա Իսրայելյանը հայտնեց, որ «Առավոտի»` այս թեմային առնչվող երկու հրապարակումներում էլ ներկայացված են ինչպես բողոքող կողմի փաստարկները, այնպես էլ` մյուս կողմի հակափաստարկները:

«Մենք անգամ տեսանյութերն ունենք, և մեր կողմից որևէ գնահատական կամ դիրքորոշում` թեմային առնչվող, չի ներկայացվել: Սակայն, առանց խմբագրություն դիմելու, նրանք միանգամից դիմել են դատարան: Չենք հասկանում` նրանք սպասում էին, որ միայն բողոքող կողմի տեսակե՞տը պետք է բացակայեր»,- նշեց Իսրայելյանը:

Տաթև Հարությունյան




Լրահոս