ՀԱՐՑ. Ես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ապացույց ունեմ, որ մեկ տարի առաջ մահացած մարդն ինձ գումար է պարտք: Հիմա, երբ ցանկանում եմ դատական ակտերի հարկադիր ծառայության միջոցով հետ ստանալ գումարս իր ժառանգներից, ԴԱՀԿ-ն ասում է, որ շատ այդպիսի մարդիկ կան, որոնց տվյալ անձը պարտք է, ու ես պետք է հերթ կանգնեմ: Ի՞նչ սկզբունքով է տեղի ունեցել հերթագրումը, եւ ես ինչպե՞ս իմանամ, թե իմ հերթը երբ է հասնելու:
ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտապանից բռնագանձված, այդ թվում պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաեւ բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են ԴԱՀԿ ծառայության մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հերթականությամբ: Կոնկրետ պարտապանի վերաբերյալ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված մի շարք կատարողական վարույթներով պահանջատեր Հենզել Աբրոյանի մասով (թիվ 01/02-2787/11 կատարողական վարույթ) պահանջների բավարարումն, ըստ վերոնշյալ օրենքի դրույթի, դասվում է 7-րդ հերթի բավարարման ենթակա պարտավորությունների շարքին: Այսինքն` Հենզել Աբրոյանի պահանջներն օրենքով սահմանված կարգով ենթակա են բավարարման նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւում է, որ մեկ տարի առաջ մահացած քաղաքացին բավական շատ պարտքեր է ունեցել: ԴԱՀԿ ծառայության պատասխանից հասկացվում է նաեւ, որ նման իրավիճակում վաճառքի է հանվում մահացածի գույքը, եւ նոր միայն գումարը բաշխվում պարտքատերերի միջեւ: Մոտեցումը տրամաբանական է, սակայն այդպես էլ պատասխան չի տրվում հարցին, թե եթե անձն իրենց պատկանող որեւէ նյութական միջոց չունի, ու հետեւաբար ինչ-որ բան վաճառելու եւ այն պարտքի դիմաց վերադարձնելու հնարավորություն չկա, ապա այդ դեպքում ի՞նչ է սահմանում օրենքը: