Մեր պետության դիրքորոշման բացակայությունն ինձ զայրացնում է. Ալեն Սիմոնյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեր դիրքորոշման բացակայությունն ինձ մի քիչ զայրացնում է»,- Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց Քաղաքացիական պայմագրի կառավարման խորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ուկրաինական վերջին իրադարձություններում Հայաստանի իշխանությունների դրսևորած պասիվությանը: Ըստ նրա` պետք էր առաջին հերթին պետական մակարդակով գոնե ցավակցություն հայտնել ուկրաինացի ժողովրդին, որ իմանան, որ աշխարհի վրա Հայաստան անունով պետություն գոյություն ունի:

«Ցավակցության խնդիր է առաջանում, թե ում ուղարկես այդ ցավակցական խոսքը: Կարելի էր ուղարկել կառավարության անունով, որը ընդունվում է թե´ Եվրոպայի, թե´ ՌԴ-ի կողմից»,- իր խոսքում նշեց Ալեն Սիմոնյանը` ավելացնելով, որ այս դեպքում խնդիր չէր լինի «մեծ եղբորը» նեղացնելու:

Ըստ նրա` այսօր Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը զոհ է գնում ռուսական պրոպագանդային և հայրենասիրություն է գովերգում, բայց հայրենասիրությունը Ռուսաստանի կազմում չի լինում, ուղղակի կամ անուղղակի ձևով: «Պետք է դա ֆիքսել, որ պետք չի հայրենասեր լինել, Հայաստանը սիրել, բայց` Ռուսաստանի կազմում. դա հայրենասիրություն չէ»,- նշեց Armlur.am-ի  զրուցակիցը:

Ըստ նրա` պետք է շատ աչալուրջ հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում. չէ՞ որ այդ բոլոր իրադարձություններն անմիջականորեն անդրադառնում են Հայաստանի վրա: «Մենք ՀԱՊԿ-ի անդամ ենք: Եթե Ռուսաստան-Ուկրաինա կամ ՆԱՏՕ-ի հետ կապված գործողություններ եղան, մենք պարտավոր ենք ջոկատներ ուղարկել, մասնակցել և այլն»,- նշեց քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամը:

Անդրադառնալով Ղրիմի ինքնորոշման հարցին` Ալեն Սիմոնյանը նշեց, որ եթե մի մարդու կամքից կախված գործողություն է կատարվում, թեկուզ` ձեռնտու, արդյոք մենք դա ընդունելո՞ւ ենք, թե՞ ոչ: «Եթե Պուտինը պետք է որոշի Ղրիմը անկախանա, ապա ինչո՞ւ Ստալինը չպիտի որոշի, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չպիտի Խրուշչովը Ղրիմը նվիրի Ուկրաինային: Մենք այդ շարանից դուրս գալո՞ւ ենք, թե՞ ոչ»,- եզրափակեց իր խոսքը Ալեն Սիմոնյանը:




Լրահոս