ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը պաշտոնը ստանձնել է 2019 թվականի ապրիլի 19-ին. մինչ պաշտոնը ստանձնելը՝ 2018 թվականին, եղել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար։ Իսկ մինչ կառավարական համակարգ մտնելը Բաղրամյանը եղել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դասախոս եւ հենց այդ տարիներին՝ 2017 թվականին, համատեղ սեփականությամբ ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում եւ ավտոտնակ, երկուսն էլ՝ Արաբկիր վարչական շրջանում։ ՀԾԿՀ նախագահ դառնալուց հետո՝ 2021 թվականին, Բաղրամյանը եւս մեկ բնակարան է ձեռք բերել՝ անհատական բնակելի տուն Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանում։ Նա որեւէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը, չունենալով որեւէ անշարժ գույք, հայտարարագրել է 2015 թվականին արտադրված, Lexus մակնիշի մեքենա, որը ձեռք է բերվել 2019 թվականին։ ՀԾԿՀ նախագահի՝ տարեսկզբին առկա 9 մլն 300 հազար դրամ բանկային հաշիվները տարեվերջին զրոյացել են։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2 մլն 987 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 1 մլն 600 հազար դրամ եւ 2 հազար դոլար։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 974 հազար դրամ, որից 18 մլն 655 հազար դրամը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Եկամուտների աղբյուրներից տեղեկանում ենք, որ Բաղրամյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 5 մլն 161 հազար դրամ՝ որպես եկամտահարկի վերադարձ՝ 3 հիփոթեքով բնակարանների՝ բնակարանի, անհատական բնակելի տան, կառուցվող բնակարանի գումարը վճարելու համար։ Հիփոթեքով ձեռք բերված բնակարանների հիփոթեքի մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 68 մլն 355 հազար դրամ։ Ֆինանսական մյուս աղբյուրները վարկեր են, նվիրատվություն եւ այլ եկամուտներ։ Բաղրամյանը հաշվետու տարվա ընթացքում վարկերի մարմանն է ուղղել 24 մլն 223 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 3 մլն 700 հազար դրամ գումար։ Նրա կինը՝ Զարուհի Բաղրամյանը, բացի մեքենայից, այլ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 273 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3 հազար դոլար եւ 500 հազար դրամ։ Զարուհի Բաղրամյանի կնոջ՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 1 մլն 098 հազար դրամ, որից 907 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ից, իսկ եկամուտների մյուս մասը, որպես այլ եկամտի տեսակ, ստացել է Ֆինանսների նախարարությունից ՝ 47 հազար դրամ, եւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից՝ 143 հազար դրամ։
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը շարունակում է Արցախում իր համար պաշտոններ որոնել. հենց նոր պաշտոն է ազատվում, որոշում է ինքնաառաջադրվել ու պատկերացնել իրեն այդ պաշտոնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օգոստոսի 28-ին Արցախի ԱԺ-ում նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ բավականին թեժ ու երկարատեւ քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը եւ Արցախի պատգամավորները: Ի թիվս անվտանգային եւ հումանիտար հարցերի՝ քննարկվել է նաեւ Արայիկ Հարությունյանի հարցը, որը վերջին օրերին Արցախի քաղաքական թոփ թեման է դարձել: Արցախում Հարությունյանի հրաժարականի մասին խոսակցություններից ամենաշատը ոգեւորվել է Սամվել Բաբայանը. թեեւ հրաժարականի մասին ընդամենը խոսակցություններ են, ու հստակ ոչինչ դեռ չկա, բայց Բաբայանը կրկին ակտիվացել է, քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, այսպես ասած, արդեն դիրքավորվել է՝ որպես Արցախի նախագահ: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նախագահների եւ պատգամավորների մասնակցությամբ քննարկման ժամանակ էլ բավականին ակտիվ է եղել ու ոգեւորված հայտարարություններ արել: Ի հեճուկս իր ցանկությունների՝ Սամվել Բաբայանին որպես նախագահի թեկնածու Արցախում չեն դիտարկում, քանի որ հանրային եւ քաղաքական լայն շրջանակների համար նա անընդունելի կերպար է՝ իր «նիկոլական» հայտարարությունների համար: Թե ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա, համենայնդեպս, այս պահին Արայիկ Հարությունյանի հրաժարականի լուրերը դեռ խոսակցությունների մակարդակի են, հստակ ոչինչ չկա, քանի որ նրա հրաժարականը լուրջ վտանգներ է պարունակում: Հարությունյանը ապահովում է Արցախի ինքնիշխանությունը, եւ այս պարզ ճշմարտությունը շատերը Հայաստանում եւ Արցախում չեն գիտակցում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքական իշխանությունները երկու կարեւոր պաշտոնների համար թեկնածու են փնտրում, բայց չեն կարողանում գտնել: Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ եւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Արմեն Ավթանդիլյանը ազատվել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից: Այս մասին նշված է Հանրապետության նախագահի՝ օգոստոսի 25-ի հրամանագրում։ Արդեն 5 օր է՝ դեռ չեն կարողանում ուժեղ ու շատ խիստ բնավորության անձի գտնել ու նշանակել ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ: Իշխանության վերնախավը փնտրտուքի մեջ է, պետք է կարողանան գտնել մեկին, որը կկարողանա համակարգում առկա խայտառակ իրավիճակը կարգի բերել: Իրավիճակը բարդ է նաեւ քրեակատարողական ծառայության պետ գտնելու հարցում: Բանն այն է, որ դեռեւս օգոստոսի 5-ին Սերգեյ Ատոմյանին ազատեցին քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ու մինչ օրս չեն կարողանում գտնել մեկին, որը կկարողանա բանտերում առկա վիճակը կարգավորել։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունում չկան մարդիկ, որ այս կարեւորագույն պաշտոններում նշանակումներ կատարվեն, կամ ոչ ոք այլեւս ցանկություն չունի աշխատելու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետական մարմիններում:
ՀՀ իշխանությունները շարունակում են ճաշկերույթների վրա մեծ գումարներ ծախսել։ «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ, օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմն այս տարվա սկզբից մինչեւ օգոստոսի կեսը ընկած ժամանակում մեկ անձից գնման ընթացակարգով 84.6 մլն դրամ է ծախսել։ Նշենք, որ այդ գումարից 11.2 մլն դրամը հատկացվել է հենց այդպիսի ծախսերի վրա՝ «Երեւան հյուրանոց», «Փոյնթ օֆ վյու», «Սալոն ռեստորան», «Սարյան 1 Թրեվլ Քլաբ», «ԷՄ ԲԻ ՋԻ գրուպ» եւ այլն։ Բացի այդ, վարչապետի աշխատակազմը «Արցախ Կարպետ» ընկերությունից ձեռք է բերել «Վիշապագորգ» հուշանվեր՝ 350 հազար դրամ արժողությամբ, 2 «Արցախ» գորգ՝ 610 հազար դրամ արժողությամբ։ Մեծ գումար է կազմել մեքենաների ապահովագրությունը։ Օրինակ՝ աշխատակազմին սպասարկող 46 ավտոմեքենաների ապահովագրության եւ վերանորոգման համար ծախսվել է մոտ 6.9 մլն դրամ։ Հավելենք, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը դաժանաբար քննադատում էր մեկ անձից կատարվող գնումները՝ համարելով կոռուպցիա: Հիմա անում է այն, ինչ քննադատում էր նախկինում: