«Լույս» հիմնադրամը վերլուծություն է հրապարակել 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է, որ 2018թ. տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում իրավիճակի շրջադարձային փոփոխության ենթարկված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի նոր իշխանությունների՝ սեփական (զրոյական) կետից կարգավորման գործընթացը կառուցելու մոլուցքը հանգեցրեց Ռուսաստանը, Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ներկայացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացած 30-ամյա կարգավորման ձեւաչափի, 2007թ.-ից մինչեւ 2021թ. կիրառված սկզբունքների ու այդ ընթացքում արձանագրված ձեռքբերումների (միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա կառուցված բանակցային բանաձեւ ու դրա հիման վրա մշակված փաստաթուղթ) խափանմանը եւ առիթ դարձավ 2020թ. ադրբեջանաթուրքական ագրեսիայի համար։
Հայաստանի իշխանությունները, հրադադարի հաստատման գործընթացի հետաձգումով շարունակաբար թուլացնելով դիրքերը, ստիպված եղան հանուն դրա հաստատման ստորագրել բազմաթիվ թերություններ ունեցող եւ միջազգային իրավունքի տեսակետից որեւէ արժեք չունեցող՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ անգամ ստանձնելով իրենց լիազորություններից դուրս գտնվող պարտավորություններ։
Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության համար մարդկային, տարածքային, նյութական, բարոյական ու հոգեբանական աղետալի հետեւանքների հանգեցրած այդ ագրեսիայի ընթացքում կոպտորեն ոտնահարվել են միջազգային իրավունքի սկզբունքներ ու նորմեր, իրականացվել են պատերազմական հանցագործություններ, ինչը պատերազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական կողմերից պահանջում էր համապատասխան աշխատանքներ ծավալել միջազգային ատյաններում այդ հանցագործությունների փաստաթղթավորման նպատակով։ Անհրաժեշտ աշխատանքը հնարավորություն կտար կարգավորման գործընթացը վերադարձնել Մինսկի խմբի շրջանակներ, անհապաղ գործարկել բանակցային փաստաթղթով նախատեսված Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման մեխանիզմը՝ զսպելու համար Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ու կանխելու հետագա զանգվածային հանցագործություներն ինքնորոշված Արցախի նկատմամբ, ինչպես դա տեղի է ունեցել Արեւելյան Թիմորում, Հարավային Սուդանում եւ այլն։ Միաժամանակ դա կզսպեր Ադրբեջանի շարունակական ագրեսիան ու հիմք կդառնար իրական խաղաղության համար։
Հայաստանի իշխանությունների ռազմավարական սխալները շարունակվեցին հրադադարի հաստատումից հետո նույնպես։ Ենթարկվելով Ադրբեջանի նոր ագրեսիային 2022թ. սեպտեմբերին, այս անգամ արդեն՝ Հայաստանի Հանրապետության տարածքի կորուստներով՝ նրանք զրոյական կետի հասցրին հայկական գործոնը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այլեւ Ադրբեջանի հետ հարաբերությունների առնչությամբ կազմակերպվող եռավեկտոր հանդիպումների ընթացքում, որոնք նախաձեռնել են Մոսկվան, Բրյուսելը, Վաշինգտոնը։ Հանդիպումները, որոնք կողմերը համարում են «բանակցություններ», որեւէ միջազգային կազմակերպության հովանու ներքո չեն իրականացվում, դրանց չեն մասնակցում միջնորդական առաքելություններ, դուրս են մղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափը, օրակարգը, սկզբունքներն ու խնդիրները, իրականացվում են կեղծ «գաղափարների», միջազգային իրավունքում որեւէ նշանակություն չունեցող՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին հղումներով՝ դառնալով քաղաքական մանիպուլյացիաների հարթակներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր անվտանգային մարտահրավերների առջեւ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ցեղասպանության։ Դրան է տանում նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը ոտնահարող «պետք է ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարգումն ու անվտանգությունը» մոտեցումը, որը փորձում են պարտադրել պաշտոնական Երեւանը, Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը։
ԱԴՐԲԵՋԱՆԻՑ՝ ԱՐՑԱԽԻՆ
Ադրբեջանը երկու բեռնատարով 40 տոննա ալյուր է ուղարկում Արցախ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, սակայն չի հստակեցվում՝ արդյոք համաձայնություն է ձեռք բերվել Արցախի իշխանությունների հետ։
Ադրբեջանի պատգամավոր Նովրուզ Ասլանն էլ ասել է, թե դրական արձագանք են ակնալում «Ղարաբաղի հայերից»։
ՏԵՍԱՆԿԱՐԱՀԱՆՈՂ ՍԱՐՔ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջների խախտումների մեծաքանակ լինելը, որոնք խցանումների եւ վթարային իրադրության առաջացման պատճառ են հանդիսանում, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով՝ Երեւան քաղաքի Քոչինյան-Բուզանդի փողոցների խաչմերուկներում տեղադրվել է տեսանկարահանող սարք:
Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թվականի սեպտեմբերի 4-ից։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:
ԿԱՆԱՅՔ՝ ԲԱՆԱԿՈՒՄ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ՝ կյանքի է կոչվել 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչների՝ կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ծրագիրը։
ՊՆ-ից տեղեկացնում են, որ ծառայության ժամկետը 6 ամիս է, որի ընթացքում ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։
Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչեւ լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում մասնակիցները կստանան պատվովճար՝ 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում՝ 1 միլիոն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում՝ նշված գումարը վեց ամսվա բաժանելու եւ փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով։
6-ամսյա ժամկետը լրանալուց հետո մասնակիցները կարող են ծառայությունը շարունակել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով եւ անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:
ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի եւ մի շարք խոշոր շրջանների կողմից Լեռնային Ղարաբաղի համար ուղարկված մարդասիրական բեռով բեռնատարների շարասյունն օգոստոսի 30-ին կլինի Լաչինի միջանցքի մուտքի մոտ, որտեղ այս պահին Լեռնային Ղարաբաղ մուտքին է սպասում նաեւ Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնության շարասյունը։ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտնում է, որ օգոստոսի 30-ին Հայաստան է ժամանելու Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն, որը կուղեկցի Երեւանից դեպի Լաչինի միջանցք ուղեւորվող շարասյունը։
ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԹԵԺ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ՝ ողջ օրը, Արցախում լարված է եղել: Արցախի ԱԺ-ում երեկ երեկոյան ընդլայնված քննարկում է եղել, որին մասնակցել են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը եւ արցախցի պատգամավորները: Ընդլայնված հանդիպմանը քննարկվել է արցախցի երիտասարդների՝ նախօրեի առեւանգումը Հակարիի կամրջի մոտից, որը վերջին շրջանում հաճախակի բնույթ է կրում, քննարկվել են անվտանգային հարցերը, ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչպես նաեւ նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը:
Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են հայտնում, նախկին նախագահները եւ պատգամավորների մեծամասնությունն իրենց դիրքորոշումն են հայտնել, որ անվտանգային լարված իրավիճակում նախագահի հրաժարականը տեղին չէ, քանի որ իրավիճակը կարող է ավելի լարվել դրանից հետո: Վերջնական որոշումը, ամեն դեպքում, Արայիկ Հարությունյանինն է, բայց վերջինս դեռ իր որոշման մասին չի հայտնել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հարությունյանն այս օրերին տարբեր շրջանակների հետ հանդիպումներ է ունենում, ակտիվ քննարկումների մեջ է եւ առաջիկայում իր որոշման մասին կհայտնի:
Արցախի նախագահների եւ պատգամավորների մասնակցությամբ այս քննարկումը տեւել է մինչեւ լուսաբաց եւ բավականին թեժ է անցել: Իրավիճակն այդ ընթացքում լարված է եղել նաեւ Արցախի ԱԺ բակում, որտեղ մի խումբ ցուցարարներ պահանջում էին Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Քննարկումից հետո Արայիկ Հարությունյանը հանդիպել է ցուցարարների հետ, նրանց հարցերին պատասխանել ու խոստացել առաջիկայում նորից հանդիպել նրանց հետ:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀԵՌԱԽՈՍԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում առկա իրադրությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացումը, ինչպես նաեւ շեշտել դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:
Զրուցակիցներն ընդգծել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետեւողական ջանքերի կարեւորությունը: