Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ամուսնու կողմից կնոջ սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին ՔԿ-ից հայտնում են, որ իրականացված քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգմանքները:
Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 25-ին՝ ժամը 08։53-ին, Վանաձոր քաղաքի բնակիչը զանգահարել է ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն եւ հայտնել, որ սպանել է իր կնոջը։
Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նշված օրը՝ ժամը 08։45-ի սահմաններում, ամուսինը իրենց տան բակում գտնվող տաղավարում անձնական հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է վերջինիս պարանոցի շրջանին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:
Նշենք, որ քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ տղամարդը դեռեւս 2021 թվականից տառապում է խրոնիկական հոգեկան հիվանդությամբ, ինչը հաշվի առնելով՝ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նրա նկատմամբ նախաքննության ընթացքում նշանակվել են համալիր ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական, ինչպես նաեւ կրկնակի համալիր հանձնաժողովային դատահոգեբուժական եւ դատահոգեբանական փորձաքննություններ:
Ըստ փորձագիտական եզրակացության՝ մեղադրյալը հանցանքը կատարելու պահին թեեւ ֆորմալ հասկացել է իր գործողությունների հակաիրավական բնույթը, դրանց քրեորեն պատժելիությունը, սակայն հաշվի առնելով նրա մոտ հուզակամային արտահայտված խանգարումները, զառանցական գաղափարների առկայությունը, դրանց հետեւանքով հոգեկան գործունեության ապակազմակերպվածությունը, իր մղումների նկատմամբ կամային վերահսկողության թուլությունը, իր գործողությունների նկատմամբ կամային եւ ինտելեկտուալ վերահսկողություն իրականացնելու կարողությունների բացակայությունը եւ այլ գործոններ՝ նա չէր կարող գիտակցել եւ հաշիվ տալ իրեն իր գործողությունների համար եւ ղեկավարել դրանք: Ուստի մեղադրյալն արարքը կատարելու պահին գտնվել է անմեղսունակության վիճակում։
Հավելենք, որ հաշվի առնելով դեղորայքային բուժման ֆոնի վրա պահպանվող ակտուալ հոգեախտաբանական ախտանիշները, վարքային դրսեւորումները, միտումները, հակասոցիալական վարքագիծը՝ նա բարձր սոցիալական վտանգավորություն է ներկայացնում, կարիք ունի հարկադրական բուժման հատուկ տիպի հոգեբուժական հիվանդանոցային պայմաներում:
2023 թվականի ապրիլի 13-ին դատարանի կողմից որոշում է կայացվել քրեական վարույթը բժշկական հարկադրանքի վարույթի փոխակերպելու մասին։ Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը վերացվել է, եւ նույն օրը նրա նկատմամբ որպես անվտանգության միջոց է կիառվել բժշկական հսկողությունը:
Նախաքննությունն ավարտվել է, եւ վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին:
«ՀԱՄՄԵՐԸ»՝ ՔՆՆԻՉՆԵՐԻ ՄՈՏ
Երեւանի կենտրոնում շրջող «Համմեր»-ի «անորսալի» վարորդի գործը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը: Նկատենք, որ գործը դատարանում է, սակայն քնիչները «Համմեր» մեքենան դեռ հետ չեն վերադարձրել Գեղամ Սահրադյանի հորը՝ նշելով, որ մեքենայի մեջ պատրոն կա:
Հիշեցնեք, որ 2023թ. փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին հաղորդում էր ստացվել այն մասին, որ փետրվարի 10-ին` ժամը 23։30-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում Պարեկային ծառայության ծառայողներին է մոտեցել «Համմեր» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը մեքենան լիցքավորելու համար գումար է պահանջել պարեկներից։
Մերժում ստանալուց հետո, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, նա մեքենան վարել է Աբովյան փողոցով՝ երթեւեկությանը հանդիպակաց, չի ենթարկվել ոստիկանության ծառայողների «կանգ առ» ազդանշանին, մեքենան շարունակել է վարել Արամի, Փ. Բուզանդի, Վ. Սարգսյանի, Ագանթագեղոսի, Տիգրան Մեծի, Ամիրյան փողոցներով, այդ թվում նաեւ` հետիոտնի համար նախատեսված վայրով՝ դիտավորյալ վնասելով փողոցներում կայանված թվով 8 քաղաքացիական մեքենաներ։
Այնուհետեւ նա երթեւեկել է ՀՀ կառավարության վարչական շենքի հանդիպակաց՝ ոչ երթեւեկելի հատվածով, որտեղ, շարունակելով չենթարկվել պարեկային ծառայության օրինական պանաջին, վրաերթի է ենթարկել Պարեկային ծառայության աշխատակցին, դիտավորյալ վնասել Պարեկային ծառայության թվով 3 ավտոմեքենա։
Այդ գործողությունները կանխելու համար պարեկային ծառայողներն իրենց ամրակցված ատրճանակներով մոտ տարածությունից մի քանի անգամ կրակել են վերոհիշյալ ավտոմեքենայի անվադողերի ուղղությամբ՝ փորձելով կանգնեցնել այն, սակայն վարորդը շարունակել է երթեւեկությունը, խույս տալով պարեկներից` մեքենան թողել է Երեւան քաղաքի Ագաթանգեղոս 7-րդ շենքի կամարանցման տակ եւ դիմել փախուստի:
Վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Համմեր» մակնիշի ավտոմեքենան պատկանում է Արարատի մարզի բնակիչ Գեղամ Ս.-ին, որը եղել է ենթադրաբար թմրանյութի ազդեցության տակ:
Պարզվել էր, որ տեղյակ լինելով որդու՝ թմրամոլ լինելու մասին` հայրն ավտոմեքենայի բանալիները թաքցրել է նրանից, սակայն երիտասարդը փնտրել ու գտել է ավտոմեքենայի պահեստային բանալին, որից հետո ավտոմեքենայով մարզից եկել է Երեւան քաղաք:
«Համմերը» քննիչները հետ չեն տվել՝ նշելով, որ «փորձագետը պետք է գա, պատրոն կա, միջից հանի»:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ԶԻՆՎՈՐԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մազման Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։
Բանն այն է, որ նա, հանդիսանալով ՊՆ N զորամասի 2-րդ հրաձգային գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայող, 23.09.2021 թվականին մարտական դիրքի վրանում վառարանը վառելու նպատակով բենզինով լի տարայից լցրել է վառելանյութի վրա, բացել վառարանի դուռը եւ փորձել վառելանյութը դնել վառարանի մեջ։
Այդ ժամանակ վառարանից բոց է առկայծվել ու հրդեհ բռնկվել, որի հետեւանքով այրվել է վրանը, առաջացրել են ծանր հետեւանքներ՝ պետությանը պատճառվել է 29.147.381,92 ՀՀ դրամի նյութական վնաս։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՀՐԱՎԻՐՎԵՑԻՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Երեւանում արագաչափերի եւ լուսացույցների սպասարկումն իրականացնող «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը, նրան փոխկապակցված եւս մի քանի անձ՝ Գայանե Վերդյանը, դստրերը՝ Աստղիկ եւ Տաթեւիկ Ղազարյանները, հրավիրվել են Հայաստանի Հանրապետության դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Azdarar.am կայքում նշվում է, որ նրանց պատկանող գույքերի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, կազմվել են ամփոփագրեր։
Ըստ ծանուցագրերի՝ հիշյալ անձինք դատախազություն պետք է ներկայանան սեպտեմբերի 4-ին։
Քննությամբ պարզվել է, որ 2017 թվականի փետրվարի 15-ին ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության միջեւ կնքվել է ՀՀ-ին պատկանող, երթեւեկության նկատմամբ հսկողություն իրականացնող համակարգերի հավատարմագրային կառավարման պայմանագիր, որով սահմանվել է, որ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերությունը վարձատրվում է ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ տեխնիկական հսկողության համակարգերի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար նշանակված տուգանքների փաստացի գանձումների գումարի եւ կրած ծախսերի համար հատուցման ենթակա գումարների տարբերության 10 տոկոսի չափով:
Պետությանը պատճառված վնասի` ընդհանուր 770.960.963 ՀՀ դրամ գումարից 290.327.078 ՀՀ դրամը նախաքննության ընթացքում համահիմնադիրների կողմից հատուցվել է, իսկ դեռեւս չհատուցված մասով չորս մեղադրյալների գույքերի եւ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի ֆինանսական միջոցների վրա դրվել են կալանքներ: