ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը, Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, մոնիթորինգ է իրականացրել՝ նվիրված քարոզարշավի մեկնարկին ու քաղաքական ուժերի ստարտային հնարավորություններին:

 

Ըստ այդմ՝ ակումբի ֆոկուս խմբերն արձանագրել են, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկը բավականին պասիվ է տրվել, ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի միջեւ ընտրապայքարը դեռեւս այդքան էլ դինամիկ ընթացք չունի, նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում ակնհայտ է ոչ միայն ուժերի, այլեւ երեւանցիների պասիվությունը: Փորձագետներն արձանագրում են, որ, ըստ քարոզարշավի առաջին շաբաթվա արդյունքների, քաղաքական ուժերը դեռեւս չեն կարողացել գրավել երեւանցիների հետաքրքրությունն ու իրենց օրակարգով գրավել նրանց ուշադրությունը:

Քաղաքական ուժերն էլ, կարծես, ջանք չեն գործադրում այդ պասիվ հետաքրքրությունը կոտրելու, ակտիվացնելու քաղաքական գործընթացը: Որոշ ուժեր փորձում են արտաքին քաղաքական աստառ տալ երեւանյան գալիք ընտրություններին, անգամ հակառուսական տրամադրություններ գեներացնել, օրինակ՝ Տիգրան Խզմալյանը քարոզարշավն անցկացնում է ԵՄ դրոշով, իսկ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը քարոզարշավի ընթացքում դարձյալ բարձրաձայնում է ՀՀ-ի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը: Որպես նրանց հակակշիռ՝ օրինակ՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը ներկայանում է որպես հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման ջատագով:

Նշենք նաեւ, որ մոնիթորինգ իրականացրած փորձագետները նշում են, որ ծրագրային առումով քաղաքական ուժերի մեծ մասի մոտ գերակշռում է պոպուլիզմը, իրական խնդիրները չեն արտացոլվում, եւ երեւանցիներին չեն ներկայացվում նրանց հուզող խնդիրների լուծումները, փոխարենը այլընտրանքային իրականություն է հրամցվում՝ դժվար իրականացվելիք ծրագրերով: Այդպես, իշխանության թեկնածուն խոստանում է ամեն տարի մետրոյի նոր կայարան բացել, մեկ այլ թեկնածու խոսում է տրանսպորտն անվճար դարձնելու մասին, եւ նմանատիպ այլ խոստումներ են հնչում: Մինչդեռ, ինչպես վկայում են փորձագիտական ակումբի հարցումները երեւանցիների շրջանում, նրանց հետաքրքրում են այնպիսի խնդիրների լուծումներ, ինչպիսիք են ջրամատակարարումը, աղբահանությունը, Երեւանի օդի աննախադեպ աղտոտվածության մակարդակն ու դրա դեմն առնելու ուղիները, փողոցների բեռնաթափումը, տրանսպորտի խնդիրը եւ այլն: Նաեւ երեւանցիներին շատ հետաքրքրում է առողջապահական ոլորտին առնչվող հարցերը, մանկապարտեզների խնդիրը, քանզի ոչ բոլոր երեխաներն են կարողանում հաճախել պետական մանկապարտեզներ անգամ տարիներով հերթագրված լինելու պարագայում: Այս հարցերն են, որ առաջնային նշում են երեւանցիները հարցումների ժամանակ:

Հավելենք նաեւ, որ հարցումներն իրականացվել են Երեւանի բոլոր համայնքներում շուրջ 1200 երեւանցիների շրջանում:

 

 

 

ՔՈՎԻԴԻ ԹՎԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ

Կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում աճել է գրեթե 20 %-ով. աճ է գրանցվել 46 տարածաշրջաններում: «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկանում է նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։

«Անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչության համար կազմել է 2,82 եւ, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ավելացել 19,6 %-ով։ Հիվանդացության աճ է նշվել Ռուսաստանի Դաշնության 46 սուբյեկտներում, այդ թվում՝ 18 տարածաշրջաններում աճն ավելին է, քան երկրի միջինը», – մեջբերում է «ՀԼԸ ծՏՉՏրՑՌ»-ն հատված հաղորդագրությունից։

Նշենք, որ վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում կորոնավիրուսով հոսպիտալացվել է 1035 մարդ, ինչը, նախորդ շաբաթվա համեմատությամբ, ավելի է 3,3%-ով։ Հոսպիտալացումների թվի ավելացում գրանցվել է Ռուսաստանի 30 սուբյեկտներում, ընդ որում՝ 10 տարածաշրջաններում այս ցուցանիշի աճը երկրի միջինից բարձր է։

Հավելենք, որ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակից ապաքինվել է 3104 մարդ, ինչը 12,1%-ով ավելի է նախորդ շաբաթվա ցուցանիշից։ Ըստ օպերատիվ շտաբի տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում հիվանդությունից մահացել է 11 մարդ։

 

 

 

ՕՆԼԱՅՆ ԿԱՆԳԱՌՆԵՐ

Երեւանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն առաջիկայում կերեւա օնլայն քարտեզների վրա, ինչը քաղաքացիներին հնարավորություն կտա  օնլայն հարթակներում տեսնել ավտոբուսների տեղաշարժը։ Այս մասին նշվեց Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական նիստի ընթացքում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություննեով՝ օնլայն քարտեզների վրա Երեւանի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու համար անհրաժեշտ սարքավորումներն արդեն մատակարարվել են, այս պահին իրականացվում են սարքերի կոնֆիգուրացման եւ տեղադրման աշխատանքները:

Նշված աշխատանքների շրջանակներում քաղաքացիները հնարավորություն կունենան ոչ միայն առցանց ռեժիմով տեսնել ավտոբուսի շարժը եւ դրա մոտենալու ժամանակահատվածը դեպի նախատեսված կանգառ, այլ տվյալ ավտոբուսում հասանելի կլինի անվճար wi-fi  ծածկույթ՝ ինտերնետ հասանելիությամբ։

 

 

 

ՄԵՂՔԸ՝ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՎՐԱ

Դիլիջանի ոլորաններում՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, էքսկավատորով քերել են դարավանդը եւ սննդի, առեւտրի բազում օբյեկտներ սարքել։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին գրավոր հարցում եմ ուղարկել, թե բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող Դիլիջանի ազգային պարկի տարածքում ով է թույլատրել այդ օբյեկտների կառուցումը։ Նախարարությունից ստացված պատասխանում նշված է. «Դիլիջանի ոլորաններում գտնվող, մեծ տարածքներ զբաղեցնող առեւտրի կրպակները գտնվում են համայնքային հողերում, իսկ փոքրիկ վաճառակետերը տեղադրված են ճամփեզրին շատ մոտ եւ սահմանակից են ազգային պարկին»։

 

 

 

 

«ՈՍԿԵ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐ»՝ ԻՋԵՎԱՆՈՒՄ   

Օգոստոսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզկենտրոն Իջեւանում ծանոթացել է ներքաղաքային 500 մետր ավտոճանապարհի ավարտված աշխատանքներին: Դրանք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում, ներդրվել է 80 միլիոն դրամ: Ընդամենը 500 մետր ճանապարհ նորոգելու համար 80 միլիոն դրամ են ծախսել. ճանապարհը ոսկո՞ւց է։ Մայիսյան կամուրջ-Սարիգյուղ 6,9 կիլոմետր բարվոք վիճակում գտնվող ավտոճանապարհի նորոգման համար պետական բյուջեից ծախսում են 938 միլիոն դրամ։ Այդտեղ ճանապարհ չեն կառուցում, բարվոք վիճակում գտնվող միջպետական ճանապարհին ասֆալտի 2 շերտ են փռելու, ճանապարհի եզրին ջրահեռացման առուներ սարքելու եւ դրա համար հսկայական գումար՝ 938 միլիոն դրամ են ծախսելու: Ինչպես 2019 թվականին Նիկոլ Փաշինյանն էր կառավարության նիստին  խոստովանել, իրենք ասֆալտ շատ են սիրում։ Հատկանշական է, որ իրենք ասֆալտապատում սիրում են «նախկինների» հետ. Մայիսյան կամուրջ-Սարիգյուղ ավտոճանապարհը նորոգում է «Սիսիանի Բուատ» ՍՊԸ-ն որը կապվում է ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի հետ։ Հետագայում Նաղդալյանը դուրս է եկել ընկերությունից, իր բաժնեմասը փոխանցել այլ անձանց։

 

 

 

ԴՊՐՈՑՆԵՐ՝ ԱՌԱՆՑ ԶԻՆՂԵԿԻ

Նոր ուսումնական տարում  հանրակրթական դպրոցներում աշխատելու հնարավորություն չեն ունենա այն զինղեկները, որոնք ունեն միջնակարգ կրթություն։ Նոյեմբերյան համայնքի դպրոցներում 3 զինղեկ կա, որոնք չունեն բարձրագույն կրթություն։ Նոյեմբերյան համայնքի Արճիս գյուղի միջնակարգ դպրոցի զինղեկը, որը չունի բարձագույն կրթություն, 35 տարի դպրոցում զինղեկ է աշխատում։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել՝ նրան հարցնելով՝ Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցներում միջնակարգ կրթությամբ քանի զինղեկ է աշխատում, նրանցից քանիսն է հայտ ներկայացրել մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանիսն է ազատվել աշխատանքից: Մարզպետը  տեղեկատվական հարցումիս դեռ չի պատասխանել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս