Այսօր Ազգային Անվտանգության ծառայությունից՝ ԱԱԾ մեկուսարանից, ՀՀ վերաքննիչ դատարան տեղափոխվեց ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկը»: Վերաքննիչ դատարանում նիստը սկսվելուց առաջ Armlur.am-ը մի քանի հարցեր ուղղեց Լևոն Սարգսյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի և ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:
Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաև Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին։Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Արդյունքում, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաև այլ հանցագործությունների կատարման համար «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվեց ազատազրկման՝ 9 տարի ժամկետով, իսկ նրա ազգական Սուրեն Ղազարյանը 8 տարվա ազատազրկման: Արդյունքում, Լևոն Սարգսյանը դատարանի որոշումը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ քննությունը դեռեւս շարունակվում է:
Մանրամասները ՝ Armlur.am-ի տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան