ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Վրաստանում է․ կայացել է հանդիպում Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարի պաշտոնական հրավերով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն աշխատանքային այց է կատարել Վրաստան։
Սեպտեմբերի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն այցելել է Վրաստանի հատուկ քննչական ծառայության Քութայիսիի գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կատսիտաձեի հետ։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների համագործակցության առկա հնարավորությունների իրացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը, շնորհակալություն հայտնելով պարոն Կատսիտաձեին հրավերի համար, ընդգծել է, որ իր այցով տրվում է Վրաստանի հատուկ քննչական ծառայության և քննչական մյուս մարմինների հետ նոր որակի և սերտ համագործակցության մեկնարկը։
Հանդիպումից հետո Արգիշտի Քյարամյանը շրջայց է կատարել Վրաստանի ՀՔԾ գրասենյակում, ծանոթացել վերջինիս գործունեության ուղղություններին և առանձնահատկություններին։
ՀՀ քննչական կոմիտեի պատվիրակությանն ուղեկցում է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը։




Լրահոս