Անձեռնմխելի՝ բոլոր իմաստներով. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա իր համարում «Հրապարակ»-ը գրել է.

«Միանգամից ասեմ, որ համակարգչի ետեւում թաքնված, անանուն հայհոյանքներ ու սպառնալիքներ շաղ տվող «ֆեյքն» ամենաստոր երեւույթն է: Նրա համար բարոյականության ոչ մի չափանիշ չկա, եւ նրա դեմ պայքարելն էլ նորմալ մարդու արժանապատվությունից ցածր է: Բայց այն օրինագիծը, որ ԱԺ մի խումբ պատգամավորներ որոշել են անցկացնել, ոչ մի լավ բանի չի կարող հանգեցնել: Անտեղյակների համար նշեմ, որ խոսքը վերաբերում է ֆեյսբուքյան ստատուսներին ու քոմենթներին: Օրինագծի հեղինակները որոշել են սահմանափակել ֆեյսբուքյան օգտատերերի «տարածման» դաշտը եւ այնպես անել, որ դրանք տարածող լրատվամիջոցները հրաժարվեն այդ ստատուսներն ու քոմենթներն օգտագործելու գայթակղությունից: Մի հասարակություն, որտեղ մարդիկ վախենում են պայքարել իրենց իրավունքների համար, որտեղ ֆեյսբուքյան տիրույթն այդքան սիրվեց միայն այն պատճառով, որ մարդիկ անանուն, առանց բացահայտվելու, ուստիեւ անպատիժ, արտահայտվելու, տեղեկություններ փոխանակելու հնարավորություն ստացան, փաստորեն, որոշել է սահմանափակել այդ ազատությունը: Այնպես անել, որ իրական օգտատերը հրաժարվի ազատ արտահայտվելուց եւ լեզվին կապ դնի: Չէ՞ որ նրա ցանկացած ստատուս կամ քոմենթ կարող է հայտնվել որեւէ կայքում, ապաեւ նրա հեղինակին հասցնել դատարան: Իսկ ԶԼՄ-ներին էլ կստիպի հրաժարվել այդ ստատուսներն ու քոմենթները տարածելուց, քանի որ եթե պարզվի, որ օգտատերն անիրական է, ԶԼՄ-ն կհայտնվի դատարանում: Այս նախաձեռնությամբ ԱԺ պատգամավորները փորձում են իրենց անձը դուրս դնել քննադատությունից, այնպես անել, որ անգամ Ֆեյսբուքում, սեփական պատին մարդիկ վախենան իրենց վիրավորելուց ու քննադատելուց: Սա գրաքննության ժամանակներին վերադառնալու փորձ է»:




Լրահոս