Ո՞ւր է ժողովրդի ջուրը. «Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը փոքր ՀԷԿ-երի բում է ապրում: Այս պահին ՀՀ-ում գործում է ավելի քան 150 փոքր ՀԷԿ, եւս 70-ը գտնվում է կառուցման փուլում: Փոքր ՀԷԿ-երի շինարարության վերելքը սկսվեց մի տասը տարի առաջ: Այդ ժամանակներում աշխարհում քննարկվող հիմնական թեմաները գլոբալ ջերմացումը, արդյունահանվող էներգակիրների համաշխարհային պաշարների հնարավոր սպառումը եւ վերջինիս լայնածավալ օգտագործման կապն էր գլոբալ ջերմացման հետ: Նաեւ Ատոմային էներգետիկայի ռիսկերը միջազգային հանրությանը հանգեցրին այն եզրակացության, որ առաջիկա տասնամյակներում անհրաժեշտ է զարկ տալ վերականգնվող աղբյուրներից էներգիա ստանալու քաղաքականությանը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները սկսեցին միջոցներ տրամադրել այս նպատակով, վարկային տրանշներ բացել եւ Հայաստանը նույնպես, ինչպես ասում են, ընկավ երակի վրա: Բայց ի տարբերություն բազմաթիվ այլ երկրների՝ հիմնական շեշտը մեզ մոտ դրվեց ոչ թե արեւի, հողի, քամու էլեկտրակայանների, այլ փոքր ՀԷԿ-երի վրա: Եւ ահա, այսօր մենք լսում ենք դրա արձագանքները:

Տեսեք՝ ընդամենը մի փոքրիկ հանրապետություն, որի տարածքում հոսող հանրահայտ գետերի անունները կարելի է մատերի վրա հաշվել, եւ ավելի քան 200 փոքր ՀԷԿ: Ջուրը, անշուշտ, վերականգնվող պաշար է, այսինքն՝ ջրի պաշարները երկրագնդի վրայից չեն անհետանում, բայց մարդկային գործունեության հետեւանքով կարող է փոխվել նրանց աշխարհագրությունը, ինչը եւ տեղի է ունենում այս օրերին Հայաստանում: Փոխվում է մարդկանց միջավայրը. գետերը, որ իրականում գետակներ են եւ տասնյակ բնակավայրերի համար բնականոն կենսամիջավայր ապահովող հիմնական գործոն՝ վեր են ածվում առուների, որովհետեւ գյուղերի, դրանց վարելահողերի վերեւից ջրերը մտցնում են խողովակներ, դրանցով տանում փոքր ՀԷԿ-եր, էներգիա ստանում, եւ բաց են թողնում գյուղերից ներքեւ: Ու այս ընթացքում տեղի են ունենում աղետալի երեւույթներ. պակասում կամ ցամաքում է ոռոգման ջուրը, ցամաքում են խմելու ջրի աղբյուրները, որոնք սնուցում են ոչ միայն գյուղերին, այլեւ շատ ավելի խոշոր բնակավայրերի ամբարներն են լցվում, ի հայտ են գալիս սողանքային գոտիներ, լողալու, հանգստի գոտիները վերանում են, վերափոխվում է բուսական եւ կենդանական աշխարհը, տեղի է ունենում էկոհամակարգի աղճատում: Այս ամենը իր հետ բերում է տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական հետեւանքներ: Այս ամենը ստեղծում է անհեթեթ իրավիճակներ: Օրինակ, զբոսաշրջիկների խմբեր կարող են այցելել ուղեցույցներում լայնորեն գովազդվող Շաքիի ջրվեժ՝ Սյունիքի մարզ, Սիսիանի տարածաշրջան, ու իրենց համար անսպասելի հայտնաբերել, որ ոչ մի ջրվեժ չկա: Երբ մոտակայքում ալարկոտ պտտվող պահակին հարցնես, թե բա էստեղ ջրվեժ չի՞ եղել, նա առանց այլեւայլության կպատասխանի. եղել է եւ կա, եթե ուզում եք տեսնեք՝ երկու հազար դրամ տվեք, կբացենք:

Սա, ըստ էության, մի տեսարան է, որ պատկերացում է տալիս Հայաստանում իրականացված փոքր ՀԷԿ-երի քաղաքականության մասին: Գետերը վեր են ածվում փականով աշխատող սելավատարների, եւ յուրաքանչյուր քաղաքացու մոտ հարց է առաջանում. ինչու՞ ինչ-որ մեկին իրավունք է տված փակել-բացել ինձ պատկանող ջրվեժը, եւ ինչու՞ պետք է վճարեմ ինձ պատկանող ջրվեժը տեսնելու համար, իսկ ի՞նչ է եղել այն կենդանիների հետ, որ ապրել են այդ ջրվեժում: Սրանք հարցի մի փոքր խորհրդանշական կողմն են, գործնական խնդիրները ավելին են: Առանց այն էլ չմշակվող հողերի մեծ պրոբլեմ ունեցող Հայաստանում չմշակվող հողերի թիվն ավելի է մեծանում ջրի սակավության պատճառով, եւ ուրեմն՝ արտագաղթ, եւ ուրեմն՝ աղքատություն, եւ ուրեմն, եւ ուրեմն:

Ի դեմս փոքր ՀԷԿ-երի, մենք ունենք էներգիայի նոր աղբյուր, բայց դեռ չենք հետազոտել՝ ինչ ենք կորցրել այդ աղբյուրն ունենալու համար: Եւ արդյոք գինը, որ վճարել ենք, համարժեք է: Ստացվում է նաեւ, որ ժողովրդի ջուրը վերցրել, տվել ենք էլիտային, որովհետեւ հայտնի է` փոքր ՀԷԿ-երը այսպես կոչված էլիտար զբաղմունք են. գրեթե յուրաքանչյուր փոքր ՀԷԿ-ի ետեւում կտեսնեք պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, միլպետների, գեներալների, դատախազների, օլիգարխների եւ այսպես շարունակ: Դեռ լավ է, Հայաստանյան էլիտան էդքան էլ ոգեւորված չէ հողմերի էներգիան օգտագործելու գաղափարով, թե չէ էս երկրում հասարակ ժողովրդին շնչելու օդ էլ չի մնա:




Լրահոս