ՀՀ ՆԳՆ փրկարարն ծառայությունը հայտնում է հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք վարժանքների մասին, որոնց մասնակցելու են ԵՄ երկրները։ Մինչ այդ անցկացվել է կոնֆերանս։
Հաղորդագրությունում, մասնավորապես, նշված է․
«Սեպտեմբերի 6-ից 8-ը Երևանում մեկնարկել է «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» (HOPE FSX 2023) ծրագրի ամփոփիչ պլանավորման կոնֆերանսը։
Կոնֆերանսին մասնակցում են ՆԳՆ փրկարար ծառայության, ՀՀ պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների և կոնսորցիումի անդամ երկրների՝ Վրաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Ֆրանսիայի, Մոնտենեգրոյի և Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերները։
Եռօրյա կոնֆերանսի օրակարգում ընդգրկված են 2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը Հայաստանում կայանալիք «HOPE 2023» լայնամասշտաբ վարժանքի սցենարի ներկայացման, միջանկյալների խաղարկման, հիմնական միջոցառումների անցկացման, տարածքների թեստավորման, մասնակից պետական գերատեսչությունների դերերի և գործառույթների ներկայացման, ընդունող երկրի աջակցության ընթացիկ կարգավիճակի հստակեցման, ժամանող թիմերի համագործակցության, ինչպես նաև վարժանքի անցկացմանն առնչվող մի շարք հարցեր։
«HOPE 2023» լայնամասշտաբ վարժանքն իր բնույթով և ծավալով աննախադեպ է, որն ամբողջությամբ տեղի է ունենալու Հայաստանում։ Վարժանքի շրջանակներում նախատեսվում է հյուրընկալել Եվրամիության երկրներից մոտ 250 փրկարարների, դիտորդների և փորձագետների։
Ինչպես նշեց Եվրոպայի Քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO), ծրագրի պատասխանատու Մարիանջելա Պելիչիան, լայնամասշտաբ վարժանքն ուղղված է ընդունող երկրում տարերային աղետներին արձագանքելու կարողությունների պատրաստակամության բարձրացմանը։
«Այն, ինչ մենք փորձում ենք անել լայնածավալ վարժանքների ծրագրի միջոցով, արձագանքող անձնակազմի համար անվտանգ ուսումնական միջավայր ստեղծելն է, որը հնարավորություն կտա ստուգել վերջիններիս՝ ցանկացած բնական աղետին անմիջապես արձագանքելու կարողությունները»։
Ծրագրի պատասխանատուն նաև հավելեց, որ չնայած մի շարք դժվարությունների, ողջ նախապատրաստական աշխատանքներն ընթացել են բարձր մակարդակով, որի ընթացքում հաջողությամբ անց են կացվել մի շարք գործնական վարժանքներ, համաժողովներ և բաց քննարկումներ։
Ծրագրի հայաստանյան համակարգող փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանն էլ հավելեց, որ հնարավորինս իրականին մոտեցված վարժանքի հիմնական նպատակն է խաղարկել Եվրամիության քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի ակտիվացման և հումատիտար աջակցության ընդունման ձևաչափերը, ինչպես նաև Հայաստանի, որպես ընդունող երկրի, հնարավորությունների փորձարկումը․ մասնավորապես՝ մաքսային, անցագրային կետերում օտարերկյա ուժերի ժամանման և անցման աշխատանքների դյուրինացումը և կազմակերպումը։
Միևնույն ժամանակ ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաև տվյալների տարածման միջոցների և հանրային իրազեկման արշավների իրականացման ուղղությամբ»։