ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է «սուր իրավիճակն» Ուկրաինայում. գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով Կրեմլի լրատվական ծառայությանը:
Պուտինը, մասնավորապես, նշել է, որ ներկայումս տիրող իրավիճակը հակասահմանադրական հեղաշրջման, բնակչության ոչ մեծամասնության մանդատով արված որոշման արդյունք է, և որ ներկայիս կառավարությունը փորձում է Ղրիմին և Ուկրաինայի մի քանի այլ շրջանների «վզին փաթաթել ոչ լեգիտիմ որոշումներ»:
ՌԴ ղեկավարի խոսքերով՝ Մոսկվան չի կարող արհամարհել իրեն ուղղված խնդրանքը և գործում է միջազգային նորմերին համապատասխան: Պուտինը նաև համոզմունք է հայտնել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները չպիտի զոհաբերվեն տարբեր տարաձայնություններին, անգամ՝ միջազգային կարևորագույն խնդիրներին:
Գերտերությունների ղեկավարները պայմանավորվել են, որ Լավրովն ու Քերրին կշարունակեն այս խնդրի շուրջ ինտենսիվ կոնտակտ պահպանել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտնել էր, որ ԱՄՆ-ն դեռ չի անցնի պատժամիջոցների՝ հնարավորություն տալով հարցի խաղաղ կարգավորման համար: Նա ասել էր, որ ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որ Ռուսաստանն ուղիղ կապի մեջ մտնի Ուկրաինայի ներկայիս ղեկավար ուժերի հետ: