Սեպտեմբերի 7-ին պաշտոնական այցով Աբու Դաբիում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:
Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա պատմության ընթացքում երկու երկրների միջև ձևավորվել է ամուր և դինամիկ կերպով զարգացող համագործակցություն՝ հիմնված երկու բարեկամ ժողովուրդների ավանդապես ջերմ կապերի վրա: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ԱՄԷ-ը հանդիսանում է տարածաշրջանում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը՝ պատրաստակություն հայտնելով համատեղ ջանքերով շարունակել տարբեր բնագավառներում փոխշահավետ երկխոսությունը:
Անդրադառնալով երկկողմ քաղաքական երկխոսության խորացմանը և համագործակցության կայուն առաջընթացի ապահովմանը՝ ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը և երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը։
Երկու պետությունների միջև առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացման և ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում նշվել է հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ գործունեության նշանակությունը:
Նախարարներն ընդգծել են նաև, որ երկու երկրների միջև շաբաթական շուրջ 30-ի հասնող ուղիղ չվերթներն էականորեն նպաստում են երկկողմ գործարար կապերի, զբոսաշրջության, մշակութային և ապակենտրոնացված համագործակցության բնագավառների ակտիվացմանը:
Այս առումով գոհունակությամբ նշվել է նաև առաջիկա օրերին Երևանում հայ-էմիրաթական գործարար ֆորումի անցկացումը: Որպես փոխգործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են նաև բարձր տեխնոլոգիաների, թվայնացման, կիբերանվտանգության, նորարարության բնագավառները:
Քննարկվել է նաև երկկողմ օրակարգում հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտների ներառումը:
ՀՀ և ԱՄԷ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցերի շուրջ:
Արարատ Միրզոյանն իր էմիրաթցի գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը և հայկական կողմի տեսլականը տարածաշրջանում խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ շուրջ 9 ամիս տևող ապօրինի արգելափակմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է արժանապատիվ կյանքի հետ անհամատեղելի հումանիտար ծանր մարտահրավերների, որը կարող է ունենալ անդառնալի հետևանքներ:
Արարատ Միրզոյանն ընդգծել է ՄԱԿ-ի միջազգային արդարարադատության դատարանի կողմից խնդրո առնչությամբ կայացված երկու որոշումների՝ Ադրբեջանի կողմից իրականացման անհրաժեշտությունը: