Սեպտեմբերի 8- ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը: Ինչպես տեղեկացանք Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից, այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվում է տոնական պատարագ: Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն փոխանցվել է Եկեղեցու Սրբազան ավանդության շնորհիվ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում է պարտեզ աղոթելու, հանկարծ հայտնվում է Տիրոջ հրեշտակը եւ ավետում, որ զավակ է ունենալու, ում երանի են տալու բոլոր ազգերը: Աննան գոհություն է հայտնում Աստծուն, որ լսեց իր անդադրում աղոթքների ձայնն ու խղճաց իրեն:
Նա խոստանում է իր զավակին Աստծուն նվիրել: Նույն այս տեսիլքը երեւում է նաեւ Հովակիմին` հայտնելով բարի լուրը: Ս. Կույսի հայրը նույնպես փառք է տալիս Բարձրյալին այդ մեծ շնորհին արժանանալու համար եւ իր ընտիր արջառներից ու ոչխարներից մատաղ է անում` բաժանելով աղքատներին: Աննան հղիանում է, ունենում մի աղջիկ, որին անվանում են Մարիամ, այսինքն` լուսավորված: Նա էր այն ընտրյալը երկրի վրա, ում Աստված իր առաքինությունների ու արժանիքների շնորհիվ պատվեց լինելու Աստծու մայրը: Որպես մայր անհանգստացավ, տառապեց իր Որդու համար, սակայն երբեք չերկնչեց ու չընդդիմացավ Աստծուն` քաջ գիտակցելով Բարձրյալից իրեն վստահված առաքելության կարեւորությունը: Նա առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: Հայ Եկեղեցին Աստվածամոր ծննդյան տոնը հաստատուն կերպով տոնում է սեպտեմբերի 8-ին: