ԲԱԲԱՅԱՆԸ՝ ՏԵՂԱՓՈԽՎԵԼԻՔ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռներով մեքենաներն այսօր առավոտյան Երեւանի Հանրապետության հրապարակից շարժվել էին դեպի Կոռնիձոր` այնտեղից Արցախ ուղեւորվելու համար։

 

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն ժամանել էր Հայաստան, որպեսզի անձամբ ուղեկցի հումանիտար բեռները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը նշեց, որ «հումանիտար» Ադրբեջանը չի թույլատրել, որ Ֆրանսիայից ուղարկված հումանիտար օգնությունը մտնի Արցախ:

-Ի՞նչ էիք կարծում, Ադրբեջանը կթողնե՞ր, որ հումանիտար այդ օգնությունը հասներ Արցախ: Ինչքանով տեղեկացված եմ, այս պահին բեռները Կոռնիձորի հատվածում են, համենայնդեպս, այդ բեռները Արցախ չեն եկել, եւ դժվար թե նման իրավիճակում, հաշվի առնելով Ադրբեջանի պահվածքը, մի օր այդ բեռները կմտնեն Արցախ:

-Այսինքն՝ հույսեր չկա՞ն, որ հնարավոր է՝ բացեն օգնության մուտքը դեպի Արցախ:

-Հաշվի առնելով փաստերը՝ մեծ կասկածներ ունենք:

-Պարո՛ն Բաբայան, Ֆրանսիայից անձամբ Փարիզի քաղաքապետը եկել է, որպեսզի ուղեկցի հումանիտար բեռները, այսինքն՝ նույնիսկ այս ամենը չի՞ խանգարում Ադրբեջանին շարունակել իր հանդուգն պահվածքը, եւ իր համար մե՞կ է միջազգային հանրությունը:

-Միջազգային դատարանը որոշում է կայացնում, բանի տեղ չեն դնում, Ֆրանսիայի քաղաքապետի հե՞տ են հաշվի նստելու: Իհարկե, իրենց համար միեւնույնն է, դրա համար այդ բեռները եթե չթողնեն մուտք գործի Արցախ, Փարիզը պետք է այլ քայլեր ձեռնարկի՝ նաեւ իր ողջ աշխարհաքաղաքական ներուժն օգտագործելով Ադրբեջանի վրա ռեալ ուժ գործադրելու համար, եւ ոչ միայն Ֆրանսիան:

-Եթե Ադրբեջանը իսկապես թույլ չտա, որպեսզի բեռները մտնեն Արցախ, Ֆրանսիան ինչ-որ այլ քայլեր կձեռնարկի՞, ի՞նչ եք կարծում:

-Միանշանակ պետք է որ ձեռնարկի: Եթե ռեալ քայլեր չձեռնարկի, լինելու է մեծ աշխարհաքաղաքական  եւ բարոյական պարտություն հենց Ֆրանսիայի համար:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄ

Ֆրանսիայի մի շարք շրջանների ներկայացուցիչներ եկել են Հայաստան իրենց աջակցությունը եւ բարեկամությունը հայտնելու Արցախի ժողովրդին: Գորիսում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն՝ նշելով, որ Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունը ներառում է ամենատարբեր կուսակցությունների եւ քաղաքական հայացքների ներկայացուցիչներ, որոնց բոլորին միավորում է Հայաստանը եւ Արցախը:

 

«Մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունները դիմեցին մեզ եւ ասացին, որ ժամանակն է գործել, ժամանակն է դիմել Ֆրանսիայի ժողովրդին: Եվ հատկապես Ֆրանսիայի տեղական իշխանությունների միավորման անհրաժեշտությունը կար, որպեսզի կարողանանք մարդասիրական օգնություն ուղարկել Արցախ:

Տեղական ինքնակառավարման մարմինների միավորման շնորհիվ՝ հնարավոր եղավ 10 բեռնատար մեքենա հումանիտար օգնություն հավաքել, որոնք պարունակում են պարենային սնունդ, երեխաների համար սնունդ, կաթի փոշի, նաեւ գեներատորներ, արեւային պանելներ: Այս ամենը հնարավորություն կտա Արցախին դիմադրել»,- ընդգծեց Իդալգոն:

Նա նշեց, որ մարդասիրական օգնությունը նախատեսված է Արցախի 6 քաղաքների համար, որոնք 2022 թվականի դեկտեմբեր ամսից շրջափակման մեջ են: Փարիզի քաղաքապետի խոսքով՝ կանայք, երեխաները, նորածիները, տղամարդիկ չեն կարողանում արժանապատվորեն ապրել իրենց հողի վրա:

«Մեր ուղերձը հստակ է եւ պարզ. նախ եւ առաջ կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը: Արցախահայերը շրջափակման մեջ են՝ անկախ իրենց կամքից, եւ այս շրջափակումը իրականացվում է՝ խախտելով միջազգային իրավունքը եւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, նման է ցեղասպանության:

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազն այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, որակում է որպես ցեղասպանություն, եւ ցեղասպանությունը որակող սկզբունքներից չորսը ճանաչվել են միջազգային հանրության եւ փորձագետների կողմից:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խորհրդականը, որը պատասխանատու է ցեղասպանության կանխարգելման համար, եւս նույն բառն է օգտագործում Արցախում տեղի ունեցող իրավիճակը որակելու համար: Ցեղասպանություն, էթնիկ զտում ավտորիտար ռեժիմի կողմից մի ժողովրդի հանդեպ, որը պարզապես պահանջում է իր իրավունքները հարգել, որն ունի ցանկացած մարդ եւ ժողովուրդ: Այս իրավիճակի պատճառով ենք եկել այստեղ՝ վկայելու եւ դատապարտելու: Եվ մենք նաեւ դիմում ենք Ֆրանսիայի նախագահին, որ նա օգտագործի ՄԱԿ-ի ԱԽ-ում իր դիրքը բանաձեւ ընդունելու համար՝ Արցախի ժողովրդի իրավունքները հարգելու նպատակով»,- շեշտեց Փարիզի քաղաքապետը:

Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության նախագահ, ԼՂ հարցով ուսումնասիրության խմբի ղեկավար Բրունո Ռըտայոն էլ հայտարարեց, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ իրականացնում է ցեղասպանության եւ էթնիկ զտման քաղաքականություն։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում  Արցախում, հանգեցնում է էթնիկ զտման եւ ցեղասպանության։ Այստեղ լինելու մեր առաջին պատճառն այն է, որ ողբերգություն է տեղի ունենում։ Այսօր տեղի ունեցողն Արցախը վերածում է համակենտրոնացման ճամբարի՝ բաց երկնքի տակ։ Էթնիկ զտման եւ ցեղասպանության այդ փորձն ուղղված է 120 հազար մարդու դեմ, որից 30 հազարը երեխաներ են։ Մենք պահանջում ենք Ֆրանսիայի նախագահից, օգտվելով Ֆրանսիայի դիրքից, այսինքն՝ այն փաստից, որ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է, ընդունել տալ մի բանաձեւ, որը վերջապես թույլ կտա բացել Լաչինի միջանցքը եւ դնել այն միջազգային պաշտպանության տակ, որպեսզի բացվի նաեւ երթեւեկությունը մարդասիրական ճանապարհով»,- ասաց ֆրանսիացի սենատորը։

 

 

 

 

ԱԿՏԻՎ ՆՍՏԱՇՐՋԱՆ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները հաջորդ շաբաթվանից կսկսեն նիստեր անել:

«Ժողովուրդ» օրաթերթը  տեղեկացավ, որ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի սեպտեմբերի 4-ին: Այդ օրը նիստ կգումարի նաեւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 5-ին` ժամը 12:00-ին, տեղի կունենա Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, նույն օրը՝ ժամը 14:00-ին, նիստ կգումարի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը:

Սեպտեմբերի 6-ին էլ՝ ժամը 12:00-ին, նիստ կհրավիրի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ ԱԺ նոր նստաշրջանը մեկնարկելու է սեպտեմբերի 12-ից:

 

 

 

 «ՍԻՐԵԼԻ» ԹԵԿՆԱԾՈՒ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ

Քաղաքական իշխանությունները շտապում են ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետի նշանակման հարցում: Բանն այն է, որ մարդ չեն կարողանում այդ պաշտոնում նշանակել, բայց, մյուս կողմից էլ, զորակոչի փուլ է, եւ պաշտոնը թափուր թողնելը անթույլատրելի է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ երեկ ներքին քննարկումների արդյունքում քաղաքական իշխանություններին առաջարկել են, որ լավ  թեկնածու է Հանրապետական զինկոմիսարիատի զինակոչի բաժնի պետ, փոխգնդապետ Արեն Սարգսյանը: Ու արդեն քննարկվել է նրան այդ պաշտոնում նշանակելու հարցը: Թե ինչ կորոշի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարզ կլինի առաջիկայում։ Գաղտնիք, չէ, որ մշտապես Փաշինյանն է ի վերջո իր համար «սիրելի» կադրերին նշանակում նման պատասխանատու պաշտոններին, որոնք հիմնականում ձախողում են. վկան խաղաղ պայմաններում մահացած զինվորներն են:

 




Լրահոս