80-ականներից հետո 2010 թվականին առաջին անգամ լույս տեսավ նոր Կարմիր գիրքը, որը կրկին իր մեջ ներգրավեց ոչնչացած կամ ոչնչացման եզրին գտնվող կենդանական աշխարհի ներկայացուցիչների անուններ:
Ինչպես Armlur.am–ին հայտնեց «Էկոլոգիական դաշինքի» անդամ Սիլվա Ադամյանը, իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ նախկինում Կարմիր գրքում գրանցված է եղել 55 տեսակ թռչուն, 90-ականների վերջին` 67, այս պահին` 97: Այսինքն` Հայաստանն ունի թռչնատեսակների` Կարմիր գրքի մեջ գրանցվելու «վերելք»:
«Բոլորիս համար ակնհայտ է, որ դա կապված է շրջակա միջավայրի խնդիրների, կլիմայական փոփոխությունների հետ: Ինչ վերաբերում է Երևանին, ապա այստեղ ունենք շատ լուրջ խնդիր, այն է` ագռավների, կաչաղակների, ամենակեր թռչունների պոպուլյացիայի շատացում: Նրանք սնվում են ճնճղուկազգիների բներով, որը լուրջ խնդիր է առաջացնում: Ճնճղուկազգիների, ճնճղուկների, երգեցիկ թռչունների վերացման վտանգ կա: Այն տեսակային կազմը, որ մենք ունենք մեզ մոտ, շատ երկրներ կերազեին, որ իրենց մոտ գրանցվեր 351 տեսակի թռչուն, սակայն մենք շատ շռայլ ենք վերաբերվում այն ամենին, ինչ ունենք»,- նշեց բնապահպանը:
Նրա հավաստմամբ` մեզ մոտ լուրջ խնդիր կա անտառային տարածքների հետ կապված, քանի որ տարիների ընթացքում անտառային տարածքները քչանում են, ծառահատումների, բնակլիմայական պայմանների հետ կապված:
«Երբ մենք պետական մակարդակով ներկայացնում ենք իրավիճակի հաշվետվությունը, չի ասվում, որ ունենք անտառային տարածքների անկում: Մեր անտառները հատվում են տարբեր պատճառներով, չնայած բնապահպանության նախարարաության աշխատակիցները պնդում են, որ դա կապված է վառելափայտի օգտագործման հետ. այդպես չէ, իրականում կառուցապատում է լինում, կահույքի գործի համար են դուրս բերում և այլն, սրա հետևանքով ունենում ենք լուրջ կենսաբազմազանության կորուստ»,-ասաց Ադամյանը` որպես խնդիր առանձնացնելով նաև ջրաճահճային տարածքների կորուստը Հայաստանում: Նրա փոխանցմամբ` Հայաստանում արդեն կորել են մեծ քանակությամբ ջրաճահճային թռչուններ, կա խորքային ջրերի սակավություն:
Որպես լուրջ խնդիր բնապահպանն առանձնացրեց նաև որսորդությունը. թռչուններին ճանաչել այն պահին, երբ նրանք թռչում են, շատ դժվար է, և երբ որսորդներն ասում են, թե կրակել են ոչ կարմիրգրքայինի վրա, չարաչար սխալվում են: Բնապահպանի համոզմամբ` մեծ սխալ է աշնանային սեզոնին որս կատարելու թույլատրումը:
«Մենք չենք կարող որսորդությունից խուսափել, ավելի լավ է՝ դա արվի գրագետ ձևով:
Իսկ բնապահպան Մամիկոն Ղասաբյանի փոխանցմամբ` այս պահին Կարմիր գրքում նշված է 678 բուսատեսակի և 40 սնկի անուն:
Ինչ վերաբերում է Կարմիր գրքում հայտնված կենդանատեսակներին, Ղասաբյանը հայտնեց, որ դրանց թիվը գնալով շատանում է. այս պահին գրանցված է 153 ողնաշարավոր և 155 անողնաշարավոր կենդանատեսակ: Ամենաշատը կենդանիների կյանքը, ըստ բնապահպանի, վտանգված է Սյունիքի մարզում և Խոսրովի արգելոցից մինչև Մեղրի ընկած տարածքում: