Արցախի նախագահին կընտրեն վաղը, միակ թեկնածուն Սամվել Շահրամանյանն է, Սամվել Բաբայանի դիմումը մերժվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը հայտարարություն է տարածել ԱԺ հատուկ նիստ գումարելու մասին․

«Առաջնորդվելով Սահմանադրության 168.1-ին հոդվածի 1-ին մասով և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով ՝ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները Հանրապետության նախագահի թեկնածու են առաջադրել Սամվել Սերգեյի Շահրամանյանին, «Միասնական հայրենիք» խմբակցությունը՝ Սամվել Անդրանիկի Բաբայանին:

«Միասնական հայրենիք» խմբակցության կողմից Սամվել Անդրանիկի Բաբայանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը հետ են վերադարձվել ՝վերջին տասը տարում միայն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, վերջին տասը տարում Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չներկայացնելու պատճառով:

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 149.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն 2023 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11:00-ին, իրավունքի ուժով կգումարվի Ազգային ժողովի հատուկ նիստ՝ Հանրապետության նախագահի ընտրության հարցով»:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ օրեր առաջ էր գրել, որ Արցախի նախագահի պաշտոնի համար առաջադրել են նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը։




Լրահոս