Հայաստանի և Հոնդուրասի դարավոր բարեկամության մասին առաջին հիշատակությունները տեսնում ենք դեռևս Վանի թագավորության սեպագիր արձանագրություններում:
Նման եզրակացության եմ երբեմն հանգում, երբ կարդում եմ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջի նորությունները, կամ էլ կառավարության կայքէջում հետևում նիստերի օրակարգին: Բանն այն է, որ միջազգային իրադրության լարված այս պայմաններում, երբ մեր «ավագ եղբայրը» կոնֆլիկտ ունի Ուկրաինայի հետ, ինչի կապակցությամբ մեզանից, մեղմ ասած, ակնկալում է գնահատական, մեր արտգործնախարարն այդ ժամանակ ավելի կարևոր զբաղմունք ունի` նա երեկ Ժնևում հանդիպում է ունեցել Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կոլարեսի հետ: Ընդ որում, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ:
Եվ սա ոչ առաջին դեպքն է, ոչ էլ, համողված եմ, վերջինը: Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական մեծ նվաճումների մասին բազմիցս արդեն արձանագրվել է, հատկապես կարող ենք հպարտանալ այնպիսի երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումով, ինչպիսիք են Գվատեմալան, Սվազիլնեդը, Ուգանդան, Վանուատուն, Բենինը: Այսքանից հետո մեզ միայն Հոնդուրասն էր պակասում, դա էլ ունեցանք: Մնում է սպասենք պաշտոնական Տեգուսիգալպայի (Հոնդուրասի մայրաքաղաք) գնահատականներին Արցախի հիմնախնդրի մասին:
Ի դեպ, մարտի 6-ին ՀՀ կառավարության նիստերի օրակարգում ներառված էր նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մոլդովային Հանրապետության կառավարության միջև առանց մուտքի վիզայի այցելությունների մասին» համաձայնագրի կնքման առաջարկության համաձայնություն տալու մասին քննարկումը:
Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի քաղաքացիների հոսքը Մոլդովա և մոլդովացիների հոսքը Հայաստան այնքան մեծ մասշտաբների է հասել, որ այս հարցի լուծումն արդեն առնվազն ժամանակի հրամայականն է: Ավելի կարևոր հարցեր երկրում չկան:
Կարեն Վարդանյան
Armlur.am-ի գլխավոր խմբագիր