«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի բոլոր դպրոցներում այս տարվանից հոգեբանական ծառայություն կներդրվի։
Այս մասին հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ կարեւորում է այդ ծառայության կայացումը, որովհետեւ դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն պետք է գիտելիքներ տա, այլեւ արժեքային համակարգ պետք է ձեւավորի:
«Դպրոցը պետք է դառնա այն անվտանգ եւ ապահով միջավայրը, որտեղ երեխան որակյալ եւ արդյունավետ ուսում ստանալու հնարավորություն կունենա»,-ասաց Սվաջյանը։
Նրա խոսքով` առաջիկայում բոլոր դպրոցները կփորձեն համալրել հոգեբանի հաստիքները։
Անդրադառնալով այլ փոփոխություններին՝ Սվաջյանը խոսեց բոլոր դպրոցներում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մասին, որը կտարածվի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների վրա։
Փոխնախարարը հիշեցրեց, որ նախորդ տարի չափորոշիչը փորձարկվել է Տավուշի մարզում, որից հետո համապատասխան կարգավորումներ են արվել։
Չափորոշչի ներդրմանն ընդառաջ՝ դպրոցների ուսուցիչների հետ տեղի են ունեցել վերապատրաստումներ, հաստատվել է մեթոդ-դպրոցների ցանկը։
Բացի այդ, 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների աշակերտների համար նոր դասագրքերի ստեղծման եւ տպագրման մրցույթներ են հայտարարվել։
«Հունիսի 1-ին ամփոփել ենք դասագրքերի ստեղծման մրցույթը, որի ընթացքում դասագրքերն ուղարկվել են փորձաքննության։ Այն դասագրքերը, որոնք ստացել են փորձաքննության դրական պատասխան, երաշխավորվել են, գործակցության եւ տպագրման փուլում են»,-նշեց նա։
Փոխնախարարի խոսքով՝ նաեւ նախատեսվում է, որ սեպտեմբերից բոլոր դպրոցները գործելու են ֆինանսավորման նոր մոդելով. ֆինանսավորումը կտրվի՝ ըստ դասարանների թվի: Եթե նախկինում դպրոցների ֆինանսավորում իրականացվում էր՝ ըստ աշակերտների թվի, ապա այժմ իրականացվելու է՝ ըստ դասարանների թվի, որը հատկապես էական ազդեցություն է ունենալու փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցների ֆինանսավորման առումով: Նման հաստատությունները մշտապես խնդիրներ էին ունենում աշակերտների փոքր համակազմի պատճառով, այժմ նրանք բարելավում կունենան:
Նոր չափորոշչի ներդրվող դասարաններում լինելու է ուսուցիչների դրույքաչափի բեռնաթափում. գործող 22 ժամվա փոխարեն 2-րդ դասարանում շաբաթական 18 ժամ են դասավանդելու, իսկ 5 եւ 7-րդ դասարաններում՝ 20-ական ժամ: Աշխատավարձը պահպանվելու է 22 ժամ դրույքաչափի համամասնությամբ:
«Մինչեւ 100 սովորող ունեցող դպրոցներում, որտեղ չկար մեկ դրույքաչափով աշխատելու հնարավորություն, քանի որ առարկաների դասաժամերը քիչ էին, ուսուցիչների աշխատավարձը կկլորացվի մինչեւ մեկ դրույք, բայց ոչ ավելի, քան կես դրույքի չափով: «Այս ծրագիրը կկանխի այն հնարավոր ռիսկը, ըստ որի՝ ամբողջական դրույք չունեցող ուսուցիչները կարող են հեռանալ դպրոցից»,- նշել է փոխնախարարը:
Մեկ այլ փոփոխությամբ՝ դպրոցների բյուջեները կազմվելու են ավտոմատացված համակարգով: Ծրագիրը եւ բանաձեւերը հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Տնօրեններից միայն պահանջվելու է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը:
ԱՌՑԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐ՝ Wildberries-ԻՑ
Նոր ուսումնական տարվա մեկնարկին հաշված օրեր են մնացել, եւ ծնողները փորձում են հասցնել երեխաներին նախապատրաստել դպրոցին՝ գնելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է։ Ժամանակն ու ռեսուրսները խնայելու համար ավելի հաճախ գնումներ են կատարվում առցանց։ Wildberries-ը վերլուծել է 2023թ.-ի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակիչների արած պատվերները եւ ներկայացրել ծնողների կողմից ամենաշատ գնվող ապրանքները։
Այսպիսով, ծախսերի հիմնական մասը բաժին են ընկել դպրոցական հագուստի եւ կոշիկի, գրենական պիտույքների եւ տարբեր աքսեսուարների ձեռքբերմանը։ Ապրանքների թոփ հնգյակը կազմում են զգեստները, շապիկները, տաբատները, կոստյումները եւ ջինսերը։ Այս ամռանը զգեստների պահանջարկը աճել է 8 անգամ՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շապիկները՝ 11, տաբատները՝ 12, կոստյումները՝ 21, ջինսերը՝ 14 անգամ։ Այս սեգմենտի ապրանքների մեծ մասը գնել են մայրաքաղաքի, Կոտայքի եւ Սյունիքի մարզերի բնակիչները։
Կոշիկների տեսականուց ծնողները նախընտրել են սպորտային կոշիկներ, որոնց պահանջարկը, 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 12 անգամ, սանդալները՝ 11 անգամ, աշնանային կոշիկները՝ 9 անգամ։ Այս սեգմենտից ամենաշատ գնումները կատարվել են նույնպես Երեւանում, Կոտայքի եւ Սյունիքի մարզերում։
Ամենապահանջված ապրանքների ցուցակում է դպրոցական ուսապարկն իր պարագաներով։ Այս սեզոնին գրեթե 8 անգամ ավելի շատ ուսապարկ է ձեռք բերվել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. տարեկան աճը կազմել է 272%։ Մնացած գրենական պիտույքներից ամենաշատը գնվել են մատիտատուփերը (+367%), գրիչները (+474%), մատիտները (+464%), տետրերը (+442%) եւ, մասնավորապես, թուղթը (+107%)։ Գրենական պիտույքների մեծ մասը ձեռք են բերել Երեւանի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի բնակիչները։
Հայաստանում Wildberries միջազգային առցանց հարթակը գործում է 2018թ.-ից, գործընկերների համար պատվերների տրամադրման կետերն արդեն բացվել են 2021թ.-ին, ուղիղ վաճառքները մեկնարկել են 2022թ.-ի վերջին՝ երկրում առաջին բաշխիչ կենտրոնի բացմամբ (2500 մ2 մակերեսով)։
2023-ին երկրում առաջին անգամ հասանելի դարձավ առաքումների ընդունումը Wildberries-ի պատվերների տրամադրման կետերում, ինչը թույլ տվեց տեղական բիզնեսներին նվազեցնել իրենց լոգիստիկ ծախսերը եւ արագացնել պատվերների առաքումը հաճախորդներին:
2023-ի առաջին կիսամյակի վերջում Հայաստանից գնորդների համար բացվել են Wildberries-ի ավելի քան 270 պատվերների տրամադրման սեփական եւ գործընկերային կետեր:
ԱԼՅՈՒՐԻ ՔԻՉ ՊԱՇԱՐ
Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը երեկ հայտարարեց, որ Արցախի արտգործնախարարն ասել է, որ ալյուրի ընդամենը երկու օրվա պաշար է մնացել՝ բացատրելով, որ իրավիճակն օրեցօր վատանալու է։ Նշենք, որ Փարիզը, Իլ-դե-Ֆրանսը, Օվերն-Ռոն-Ալպը, Օ դը-Ֆրանսը, Օքսիտանիան եւ Լուարի շրջանն Արցախի համար մարդասիրական օգնությամբ 10 մեքենա են ուղարկել։