Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՊՐԵՄԻԵՐԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 15-ից մեծ էկրաններին կհայտնվի «Սեւազգեստ կանայք» կատակերգությունը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր դեռեւս մեկ տարի առաջ, սակայն մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ հետաձգվեց։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պրեմիերան հետաձգվել էր՝ նախ իրավիճակով պայմանավորված, ապա՝ ժամանակային առումով ֆիլմարտադրողների ու կինոթատրոնների հետ ունեցած՝ իրար չխանգարելու պայմանավորվածության, ավելի նպատակահարմար ժամանակ ընտրելու հետ կապված։

Ֆիլմի ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 15-ը նշանակալի օր է իր համար եւ լավագույնը՝ «Սեւազգեստ կանայք»-ի պրեմիերայի համար, քանի որ իր առաջին ֆիլմը՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ը 17 տարի առաջ հենց այդ օրն է տեղի ունեցել։

Նա նաեւ նշեց, որ, ֆիլմի հետ կապված, որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել այս ընթացքում, նախնական տարբերակով ինչպես եղել է դեռ անցած տարվանից, այդպես ներկայացվելու է։

Խոսելով դերասանական կազմի մասին՝ Գոռը նշեց, որ ընտրված են լավագույնները. «Երբ ես դեռ ուսանող էի, իմ ռեժիսուրայի դասախոսը մի անգամ ասաց, որ լավագույն տարբերակը՝ ճիշտ դերասաններ ընտրելու, քասթինգն է։ Ինքս դերասաններին ընտրելիս չեմ առաջնորդվում նրանց հայտնիությամբ, փորձում եմ գտնել այն մեկին, որին սազում է կերպարը»։

Նշենք, որ ֆիլմի գլխավոր դերերում  նկարահանվել են Դիանա Մալենկոն, Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ այլք։

Անդրադառնալով հատկապես դերասան Արտյոմ Մարկոսյանի՝ դագաղի հետ ունեցած «անախորժություններին», ռեժիսորը նշում է, որ դերասանը սցենարը միանգամից հավանել է, բայց անընդհատ իր մոտ եղած փոքրիկ սնահավատություններին է տուրք տվել. «Իհարկե, ես դերասանների հետ մինչ նկարահանումը քննարկում, փորձում եմ հարթել ու հասկանալ բոլոր անհանգստությունները, որը եղավ նաեւ Արտյոմի դեպքում։ Ի վերջո, մենք հասանք մի կետի, որ Արտյոմը խոստացավ պառկել դագաղի մեջ՝ հասկանալով, որ դագաղը պարզապես իրար ամրացված 4 տախտակներ են»։

Գոռի խոսքով՝ հասկանալն այլ է, դա անելը մեկ այլ բան, ու ինքը ի սկզբանե պատկերացրել է, թե ինչքան դժվար կլինի Արտյոմի համար, մտածել է ոգեւորման հետաքրքիր տարբերակ. «Բոլորի հետ պայմանավորվեցի, որ երբ Արտյոմը կմտնի դագաղի մեջ, բարձր ծափահարեն, ու հենց այդպես էլ եղավ»։

Խոսելով սցենարային լուծումների մասին՝ ռեժիսորը նշեց, որ սա յուրովի պատմություն է՝ որեւէ ֆիլմի չնմանվող։

Իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին, բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաեւ հանգուցյալի սիրուհիները։ Ընտանիքի անդամները, բնականաբար, անակնկալի են գալիս՝ նրա սիրուհիների գոյության մասին իմանալով, իսկ կանանցից յուրաքանչյուրը՝ բացահայտելով, որ ինքը միակը չի եղել։ Սյուժեի հետաքրքիր մասն է կազմում հանգուցյալի կտակը։

Խոսելով առաջին ֆիլմի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»-ի հետ ունեցած հավանական նմանության մասին՝ Գոռը շեշտում է, որ միակ նմանությունը հոգեհանգստի առկայությունն է, ուրիշ ոչինչ։

Կատակերգության պատմության հեղինակը Դավիթ Բաբախանյանն է, սցենարի հեղինակներն են Աշոտ Աբրահամյանը եւ Գոռ Կիրակոսյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Կարո Կիրակոսյանը։

 

 

 

 

 

ՀԱՅՏՆՎԵՑ ՇԱՊԻԿԻՆ

Քիմ Քեթրալը հայտնվել է հունական Vogue-ի շապիկին։ Դերասանուհին հարցազրույց է տվել, որում պատմել է, թե ինչ խնդիրների են բախվում ժամանակակից կանայք։

Լրագրողների հետ զրույցում դերասանուհին բացահայտ խոսել է այն մասին, որ իր համար հեշտ չի եղել մեծ էկրան վերադառնալը։ «Վաթսունն անց կանանց ամենամեծ խնդիրն աշխատավայրում պահանջնված լինելն է, իրենց ճիշտ ներկայանալը, ակտուալ մնալը։ Մայրս միշտ օրինակ է եղել ինձ համար, թեեւ նա երբեք չկարողացավ գտնել այնպիսի աշխատանք, որը կուրախացներ իրեն։ Երկար ժամանակ նա դեպրեսիայի մեջ էր եւ տառապում էր միայնությունից, բայց միշտ համառ էր»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Սամանտա Ջոնսը, ում մարմնավորում էր Քիմ Քեթրոլը, հայտնվեց «Եվ հենց այնպես» ֆիլմի վերջին դրվագում։ Արտասահմանյան մամուլը գրել էր, որ դերասանուհին չի ցանկանում նկարահանվել սերիալում Սառա Ջեսիկա Փարքերի հետ վեճի պատճառով, որը տեղի է ունեցել դեռեւս 2018 թվականին։ Այնուամենայնիվ, Քիմի սիրտը հալվել է։ «Ես կարծում էի, որ եթե վերադառնամ, պետք է վերադառնամ Սամանթայի ոճով։ Եվ մենք դա արեցինք», – ավելի վաղ իր վերադարձը մեկնաբանել էր դերասանուհին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ՝ ՄՐՑՈՒՅԹԻՑ

Այս տարի «Մանկական Եվրատեսիլ» ամենամյա երգի մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 26-ին Ֆրանսիայում՝ Նիցցա քաղաքի Նիկայա պալատում:

Ինչպես տեղեկանում ենք «Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքից, հայտնի են այս տարվա երաժշտական միջոցառման մասնակից երկրների ցանկը: Մասնավորապես՝ մրցույթին մասնակցելու են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիսն, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը եւ Ուկրաինան:

Հավելենք, որ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է՝ «Հերոսները»: Պաշտոնապես հրապարակվել է նաեւ միջոցառման տարբերանշանը:

Հիշեցնենք, որ միջոցառումը 2022 թվականին տեղի ունեցավ Հայաստանում, որի արդյունքում հաղթող ճանաչվեց Լիսանդրոն «Oh Maman!» երգով:

 

 

 

 

ՀԱՅԵՐԸ՝ ՉԵՄՊԻՈՆ

Օգոստոսի 22-ից 29-ը Բուլղարիայում կայացան 2010-2012 թթ. ծնված պատանիների հավաքական մարզումներ եւ «Albena Cup» եվրոպական առաջնությունը, որին մասնակցեցին Հայաստանի, Բուլղարիայի եւ Ուկրաինայի  7 թիմեր։

Մականախաղի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Նվեր Զաքարյանի, գլխավոր մարզիչներ Սամվել Գեւորգյանի, Արման Վարդանյանի գլխավորությամբ՝ Հայաստանի հավաքականը ջախջախիչ պարտության է մատնել մրցակից բոլոր թիմերին եւ հռչակվել չեմպիոն։

Մեր հավաքականի 17 մարզիկներից 16-ը հրազդանցի են, 1-ը՝ Երեւանից։

 

 

 

 

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽԱՂԱՑՈՂԸ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է Անգլիայի տարվա (2022-2023) լավագույն խաղացող՝ Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիայի վարկածով։ Քվեարկությանը մասնակցում են Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստները։

Մրցանակին հավակնում էին նաեւ անգլիացիներ Բուկայո Սական («Արսենալ»), Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ»), Հարի Քեյնը («Տոտենհեմ»), նորվեգացի Մարտին Էդեգորը («Արսենալ») եւ բելգիացի Կեւին Դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի»)։

 

 

 

 

ԱՆՑԱՆԿԱԼԻ ԹԻՄԱԿԻՑՆԵՐ

Այս ամռանը Մադրիդի «Ռեալից» հեռացած 32-ամյա բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը չի ցանկացել դառնալ «Բարսելոնայի» նախկին խաղացողներ Լիոնել Մեսիի, Սերխիո Բուսկետսի եւ Ժորդի Ալբայի թիմակիցն ամերիկյան «Ինտեր Մայամիում», որը առաջարկ է արել նրան. հաղորդում է իսպանական AS-ը։ Ազարը առաջարկներ ունի նաեւ Սաուդյան Արաբիայի, Անգլիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի եւ Շոտլանդիայի ոչ առաջատար ակումբներից, սակայն ֆուտբոլիստը չի համարում, որ կարող է վերադարձնել մարզավիճակը, թեեւ նրա շրջապատը փորձում է համոզել նրան շարունակել կարիերան։

 

 

 

 

ԹԵԺ ՊԱՅՔԱՐ

Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հետ իր մրցակցությունը աշխարհի առաջին ռակետի կոչման համար։ ԱՄՆ-ի բաց առաջնության մեկնարկում տարած հաղթանակի շնորհիվ Նովակ Ջոկովիչը US Open-ից հետո դարձյալ կգլխավորի Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի դասակարգման աղյուսակը։ «Հրաշալի պայքար է ծավալվում իմ եւ Նովակի միջեւ աշխարհի առաջին ռակետի կոչման համար։ Ես գիտեի, որ US Open-ից հետո նա դարձյալ կարող է բարձրանալ առաջին տեղ՝ շրջանցելով ինձ։ Մինչեւ տարվա վերջ դեռ շատ մրցաշարեր կան։ Ես կձգտեմ մասնակցել դրանց, հաղթել եւ վերադառնալ առաջին տեղ»,- Ալկարասի խոսքը մեջբերում է Ubitennis-ը։

 

 




Լրահոս