ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ՝ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԲԵՌՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայից ուղարկված հումանիտար բեռները երեկվանից Կոռնիձորում են. Ադրբեջանը թույլ չի տալիս, որպեսզի դրանք մտնեն Արցախ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս մասին ասաց Ստեփանարկերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:

 

Քաղաքապետի հետ զրուցել ենք նաեւ Արցախում ստեղծված իրավիճակի եւ հանրության տրամադրվածության մասին: Վերջինիս փոխանցմամբ՝ այս պահին Արցախում սննդի պակասն է լուրջ խնդիր, ինչի պատճառով թերսնուցման դեպքեր են լինում:

-Արցախ ոչինչ չի հասել, ճանապարհին կանգնած են: Թույլ չեն տալիս, որ այդ հումանիտար օգնությունը հասնի Արցախ:

-Հիմա Կոռնիձորի՞ հատվածում են դեռ բեռները:

-Այո՛:

-Իսկ Ֆրանսիայի պատվիրակությունը դեռ այնտե՞ղ է, թե՞ վերադարձել են:

-Ես երեկվանից տեղեկություն չունեմ, թե ինչ է կատարվում այնտեղ, այնպես որ, այժմ չեմ կարող պատասխանել:

-Դուք հասցրե՞լ եք խոսել Փարիզի քաղաքապետի հետ, մտքեր, մտահոգություններ ու կարծիքներ կիսել նրա հետ՝ իրավիճակի հետ կապված:

-Ո՛չ, չեմ խոսել:

-Պարո՛ն Սարգսյան, իսկ իրավիճակն ինչպե՞ս է այդտեղ, մարդկանց հոգեբանական վիճակն ինչպիսի՞ն է:

-Ուտելիքի, հացի խնդիր կա. սրանք առաջնային են, բայց նաեւ կան խնդիրներ, որոնք սրանցից են բխում: Այս իրավիճակում միանշանակ դժվար է, բայց մարդիկ փորձում են գոյատեւել:

-Պարո՛ն Սարգսյան, այսօր սեպտեմբերի 1-ն է, դպրոցներում վերսկսվում են դասերը: Արցախում իրավիճակն ինչպիսի՞ն է: Դասերն ամբողջակա՞ն են լինելու, թե՞ կրճատվել են:

-Իհարկե, կրճատվել են. 35 րոպե է լինելու մեկ դասաժամը:

-Գրենական պիտույքներ ծնողնե՞րն են ձեռք բերելու, թե՞ դպրոցը կամ քաղաքապետարանն է տրամադրելու իր միջոցներից:

-Կախված պահից՝ ով ունի, ով չունի: Այնպես չէ, որ այստեղ վաճառում են այդ ամենը, մեկը մյուսով, մեկը մյուսին օգնելով՝ պետք է հարմարվեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին Ֆրանսիայի քաղաքներից Արցախին ուղարկված հումանիտար բեռներով 10 բեռնատար մեքենաներն առավոտյան Երեւանից շարժվել են դեպի Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի անցակետ: Հումանիտար օգնությունը հատկացրել են Փարիզ քաղաքը, Իլ դը Ֆրանս, Օվերն-Ռոն-Ալպ, Օ դը Ֆրանս, Օքսիտանիա, Լուարի երկիր ռեգիոնները։ Ավելի ուշ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ԼՂ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի եւ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հետ դիմավորեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին եւ նրա գլխավորած պատվիրակության անդամներին։

Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն էր ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՀԱՎԱՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Արցախում ներքաղաքական կյանքը գերլարված է:

Երեկ նախագահ Արայիկ Հարությունյանը նշեց պաշտոնապես հրաժարական տալու մասին: Դրանից երեք օր հետո Ազգային ժողովը կընդունի նախագահի հրաժարականի դիմումը, իսկ մեկ շաբաթվա ընթացքում նիստ կհրավիրի՝ նոր նախագահ ընտրելու օրակարգով: Արցախի Ազգային ժողովի խմբակցություններից յուրաքանչյուրն իրավունք ունի իր թեկնածուն առաջադրելու: Ինչպես Արցախի մեր աղբյուրներն են փոխանցում, Արցախի ԱԺ պատգամավորները պատրաստվում են այսօր կամ վաղը քննարկում անել թեկնածուի հարցով, բայց նախնական ԱԺ բոլոր խմբակցությունները մտադիր են մեկ միասնական թեկնածու առաջադրել:

Այս պահին մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում՝ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի եւ նորանշանակ պետնախարար Սամվել Շահրամանյանի, սակայն վերջնական որոշում դեռ չկա այս մասով:

Թե ով կդառնա Արցախի նոր նախագահը, հայտնի կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ԲԱՑՎԻ

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի բացումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին։ «Ժողովուրդ» օրաթերթը այս մասին տեղեկանում է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունից:

Հաջիեւը նշել է, որ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհի բացումն իր արտացոլումն է գտել համապատասխան հայտարարություններում։ Ըստ նրա՝ Հայաստանի ղեկավարությունը Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ ընդունել է դրա օգտագործման հնարավորությունը։

«Որպես այդ գործընթացի հերթական բաղադրիչ կարող է նախատեսվել Լաչինի ճանապարհի բացումը առաջիկա օրերին, այսինքն՝ որոշակի պայմանական ժամկետներում։ Լաչինի ճանապարհի բացման հարցում շատ կարեւոր է Ադրբեջանի տարածքային ամբողջականության գործոնը։ Միեւնույն ժամանակ, դա պետք է տեղի ունենա մեր երկրի օրենքների եւ սահմանային վերահսկողությանը վերաբերող համապատասխան օրենքների, ինչպես նաեւ մաքսային ռեժիմի կանոնների պահպանման պայմանով»,- նշել է Հաջիեւը:

 

 

 

 

ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՊԵՏԲՅՈՒՋԵԻ ՀԱՇՎԻՆ 

Իշխանական պատգամավորների համար սկսվում են երանելի ժամանակները. առաջիկա ամիսներին շրջագայությունների իսկական բում է սպասվում նրանց: ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը որոշել է պետբյուջեի հաշվին շրջագայություններ շռայլել պատգամավորներին, ընդ որում՝ Սիմոնյանը բարեհաճ է գտնվել թե՛ իշխանականների, թե՛ ընդդիմադիրների նկատմամբ. նրանք ողջ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին շրջագայությունների մեջ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշնան առաջին ամիսն ակտիվ գործուղումներով կսկսի ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը. վերջինս սեպտեմբերի 4-5-ը կգործուղվի Մինսկ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովների նախագահների խորհրդակցությանը մասնակցելու համար, իսկ սեպտեմբերի 6-ին կմեկնի Բելառուս՝ Բրեստ, «Փոխգործակցություն-2023» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժություններին խորհրդարանական մոնիթորինգ իրականացնելու համար: Պետբյուջեի հաշվին գործուղման կգնա նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը: Նա սեպտեմբերի 10-14-ը Փարիզում կմասնակցի ԵԽԽՎ քաղաքական եւ ժողովրդավարության հարցերի եւ Մոնիտորինգի հանձնաժողովների նիստերին: Ընդդիմադիրները նույնպես հետ չեն մնա այս գործուղումների շռայլություններից: Սեպտեմբերի 14-18-ը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի հետ Վիետնամ կգործուղվի նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը. նրանք Հանոյ քաղաքում կմասնակցեն Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 9-րդ գլոբալ համաժողովին: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին մասնակցելու համար սեպտեմբերի 19-25-ը Նյու Յորք կմեկնեն Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը եւ Արփինե Դավոյանը: ՔՊ-ականների թանկարժեք շրջագայությունները կշարունակվեն նաեւ հոկտեմբերին: Հոկտեմբերի 5-10-ը ԱԺ պատվիրակություն կմեկնի Կոպենհագեն՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում կլինեն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԱԺ պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Արուսյակ Ջուլհակյանը: Արմեն Գեւորգյանը 2023 թվականի հոկտեմբերի 22-27-ը Ստրասբուրգում կլինի: Շրջագայությունների շքերթը եզրափակում է Մարիա Կարապետյանը. նա «Ալյանս հանուն պատասխանատու քաղաքացիության» նորաստեղծ նախաձեռնության առաջին համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կգործուղվի Լոնդոն: Շրջագայությունների այս մեծ ցանկից արդեն հասկանալի է, որ ՔՊ-ականները «մեծ ախորժակով» են սկսում աշունը, բայց թե մեր պետությանը ինչ օգուտ են տալիս ՔՊ-ականների այս շռայլ ու թանկարժեք շրջագայությունները, ժամանակը ցույց կտա:

 

 




Լրահոս