ԱՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր հրաժարականի դիմում կներկայացնի։ Այս մասին նա անձամբ է հայտնել։

 

«Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, եւ ես ամենեւին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացե՛ք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը, ամեն մեկը՝ իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցեւ նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեեւ ավելին:

Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաեւ 44-օրյա պատերազմից հետո, եւ ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, եւ կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը եւ հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաեւ այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլեւ կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:

Գուցե հենց նաեւ դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաեւ լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաեւ այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:

Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու եւ միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից, սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որեւէ կերպ չի կանխվել»:

Նշենք, որ, Հարությունյանի խոսքով, այսօր աշխարհում ձեւավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում եւ դրա շուրջ տեղի ունեցող երեւույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսեւորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած իրենից:

 

 

 

 

ԱԶԱՏՎԵՑ ՊԱՇՏՈՆԻՑ

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը երեկ, իր դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից: Այդ մասին նա հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ  Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին լուրերից հետո ինքը եւս ազատվել է պետնախարարի խորհրդականի պաշտոնից:

 

 

 

Ե՞ՐԲ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ

Օգոստոսի 14-ին ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչները այցելել են Վագիֆ Խաչատրյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա նշել է, որ դա առայժմ վերջին այցն է եղել:

Նշենք, որ Արցախի բնակիչ, 68-ամյա Խաչատրյանն առեւանգվել էր Լաչինի միջանցքից, երբ փորձել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվել բուժման նպատակով։

Օգոստոսի 30-ին Կոռնիձորում Խաչատրյանի դուստրը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին։ Վերջինս խոստացել է զբաղվել Վագիֆ Խաչատրյանի հետ վերադարձի հարցով։

 

 

 

ԸՆԴԴԵՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել։ Պատճառը Արցախին մարդասիրական օգնություն ուղարկելն է։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ԱԳ նախարարությանը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե Ֆրանսիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքով պաշտպանվող Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլերը, որոնք սպառնում են տարածաշրջանում միջազգային դերակատարների ակտիվ ջանքերով խթանվող կարգավորման փխրուն գործընթացին։

 

 

 

ԺԱՄԱՆԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչեւ սեպտեմբերի 7-ը ժամանակ տրամադրել սույն թվականի օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքից առեւանգված երեք քաղաքացիական անձանց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության եւ վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԹՈՂՈՒՄԸ

Վերջին օրերին «Ժողովուրդ» օրաթերթը քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում, որ սեպտեմբերի մեկից առաջ դպրոցներում գրքեր չկան։ ԿԳՄՍ նախարարությունը դեռ անցած տարի մրցույթ էր հայտարարել նոր դասագրքերի տպագրության համար, սակայն մրցույթը մի քանի անգամ հետաձգվել է տարբեր պատճառներով։ Գիտելիքի օրվան ընդառաջ՝ դպրոցներում ծնողական ժողովներ են անում, մարզերում եւ Երեւանում տնօրենների խորհրդի նիստեր են հրավիրվում։

Դպրոցներում դասագրքերի պակասը նախկինում եւս եղել է, սակայն դրանք լրացվել են մեկ շաբաթ հետո, իսկ այժմ դպրոցներում նոր՝ փոփոխված չափորոշիչներին համապատասխան գրքեր չկան, նախկին գրքերն էլ տպագրված են 6-7 տարի առաջ։ Անելանելի իրավիճակում հայտնված ուսուցիչները մինչ այս անցել են համապատասխան վերապատրաստում՝ նոր չափորոշիչներով դասավանդելու համար։ Նախարարությունը կազմել է նոր չափորոշիչներ, ուսուցչի նոր ձեռնարկներ, սակայն դասագրքեր այդպես էլ չի հասցրել վերջնական կազմել։

«Ժողովուրդ» օրաթերթը շրջել է գրախանութներում եւ արձանագրել, որ 1-ից 4-րդ դասարանի գրքերը 2023 թվականի հրատարակությամբ վաճառվում են գրախանութներում։

Նախարարությունից հորդորել են դասագրքերը գնել, դրանք վաճառքի կա գրախանութներում։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջել է գրախանութներում եւ ֆիքսել, որ 1, 2, 3, 4-րդ դասարանի դասագրքերը երեկվանից վաճառվում են գրախանութներում` 1700, 2000, 2500 դրամ արժողությամբ, սակայն դա դեռ մի մասը։ 2023 թվականի հրատարակված գրքերը բաղկացած են 4 մասից։ Այսինքն՝ ծնողները 2-3 ամիսը մեկ անգամ պետք է գիրք գնեն։ Ստացվում է՝ եթե նախկինում ամբողջ դասագրքերի համար ծնողները կվճարեին 5000 դրամ, ապա այժմ մեկ գիրքը կարող է այդքան արժենալ։

Նախարարությունն այս իրավիճակը թողնում է անպատասխան։

Հիշեցնենք նաեւ, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին:

«Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, եւ ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել էր փոխնախարարը:

Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված:

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ 




Լրահոս