«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարեւանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը: Այն գործելու է շրջափակման հետեւանքով աշխատանքը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում: Այս մասին հաղորդագրություն են տարածել «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը եւ «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը:
Առաջին ճաշարանը բացվել էր օգոստոսի 15-ին Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարեւանությամբ: Օրական այնտեղ սնվում է 300-350 մարդ, հիմնականում՝ անչափահասներ եւ տարեցներ: Բացի այդ, կամավորները պատրաստված ուտելիքն ամեն օր հասցնում են 70-ից ավելի տարեցների եւ հաշմանդամների:
Ինչպես առաջին ճաշարանի, այնպես էլ երկրորդի պարագայում հանրային սննդի ծառայության գնման պայմանագիր է կնքվել մասնագիտացված մասնավոր ընկերության հետ:
«Առաջին ճաշարանը երկու շաբաթից ավելի է գործում, եւ, ցավոք, տեսնում ենք, որ այն մեծ պահանջարկ ունի: Լիակատար շրջափակման պայմաններում մեզ համար դժվար էր բացել երկրորդ ճաշարանը, բայց հասկացանք, որ այս իրավիճակում սա ամենակարեւոր ծրագիրն է, ու ամեն ինչ փորձեցինք անել երկրորդ կետը բացելու համար: Կարողացանք գտնել մասնավոր ընկերություններ, որոնք մթերում են իրականացնում նաեւ գյուղերից: Ցավոք, այս իրավիճակում մենք չենք կարող ասել, թե այս ճաշարաններն ինչքան կգործեն: Թերեւս կգործեն այնքան, ինչքան որ կհաջողվի մթերք ստանալ»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» գործակալության սոցիալական ծրագրերի ղեկավար Արմեն Մանգասարյանը:
Սոցիալական ճաշարանները, բացի հիմնական նպատակից՝ շրջափակման հետեւանքով բնակչության առավել տուժած խմբերին սննդով ապահովելուց, նաեւ հոգեբանական նշանակություն ունեն: Դրանց միջոցով ստեղծում է նաեւ շփման միջավայր՝ թույլ չտալով մարդկանց պարփակվել: Եկեղեցիների հարեւանությամբ բացելու նպատակն այն է, որ ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են նաեւ հոգեւորականների հանդիպումները բնակչության հետ: Բացի այդ, երկու եկեղեցիները գտնվում են քաղաքի տարբեր հատվածներում, եւ քաղաքի մի ծայրից երեխաներն ու տարեցները ստիպված չեն լինի ոտքով հասնել քաղաքի մյուս ծայրը:
Ճաշարանն այցելուներին սպասարկելու է ժամը 13.00-15.00-ի հատվածում: Ծրագրի շահառու կարող են դառնալ մինչեւ 16 տարեկան երեխաներն ու նրանց ուղեկցողները, ինչպես նաեւ հղի կանայք ու 65 տարեկանից բարձր անձինք:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախը: Մինչեւ 2023 թվականի հունիսի 15-ը Բերձորի (Լաչինի) միջանցքով հնարավոր էր լինում Ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ քիչ քանակությամբ հումանիտար բեռներ ստանալ: 2023թ. հունիսի 15-ից հետո Ադրբեջանն իսպառ արգելել է բեռնափոխադրումները՝ Արցախը պահելով լիակատար պաշարման մեջ եւ ստեղծելով հումանիտար ճգնաժամ: Այս իրավիճակում «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժումը եւ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ստիպված են եղել դադարեցնել ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր եւ նախաձեռնել հրատապ ծրագրեր, որոնք այս ծանր իրավիճակում կօգնեն մեղմել արցախահայության խնդիրները:
ԲՌՆԱԲԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԾԵԾ
Օգոստոսի 29-ին՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, Իջեւան քաղաքում տղամարդը գիշերով ջարդել է Բլբուլյան փողոցի միջնամասում գտնվող բնակարանի լուսամուտի ապակին, ներխուժել բնակարան, ուր միայնակ ապրում է ռուսերենի 82-ամյա ուսուցչուհին։ Ուսուցչուհին ամուսնացած չէ, զավակներ չունի, տարիներ առաջ անցել է կենսաթոշակի։ Տղամարդու ներխուժման ժամանակ ծեր կինն անկողնում պառկած է եղել, տղամարդը փորձել է բռնաբարել կնոջը, սակայն դիմադրության հանդիպելով՝ ծեծել է նրան՝ բազում հարվածներ հասցնելով դեմքին եւ մարմնի տարբեր մասերին։ Իր կամքից անկախ հանգամանքների պատճառով իր ստոր նպատակին չհասնելով՝ տղամարդը փախուստի է դիմել։ Իջեւան քաղաքից ստացված տեղեկություններով՝ բռնաբարության փորձ կատարածը նախկինում նույն հանցագործության համար դատապարտված, Իջեւան քաղաքի 36-ամյա բնակիչ Վազգեն Օհանյանն է, որը խոստովանել է իր կատարած հանցանքը: Նա ձերբակալվել է։ Վազգեն Օհանյանը շուրջ 12 տարի առաջ՝ 2011 թվականի հոկտեմբերի 30-ին՝ գիշերը ժամը 03.00-ի սահմաններում, բաց դռնից մուտք է գործել Իջեւան քաղաքի Այգեստան փողոցի տներից մեկը եւ փորձել բռնաբարել 69-ամյա կենսաթոշակառու Սուսաննա Բեկնազարյանին: Վերջինս սկսել է բղավել, օգնության կանչել, ինչից հետո Սուսաննայի սենյակ է մտել նրա թոռը` 19-ամյա Գարուշ Խաչատրյանը, դրանից հետո Վազգեն Օհանյանը դիմել է փախուստի: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Վ. Օհանյանն այդ հանցագործության համար ազատազրկվել է 2 տարի 8 ամիս ժամկետով: Օգոստոսի 29-ին ծեծված ուսուցչուհին այժմ բուժում է ստանում Իջեւանի բժշկական կենտրոնում։ Իջեւան քաղաքում տեղեկություն է տարածվել, թե ծեր, ծեծված ուսուցչուհին մահացել է, սակայն այդ լուրը կեղծ է։
ԸՆԴԴԵՄ ՓՈՂՈՑԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օգոստոսի 4-ի իր որոշմամբ ստեղծել է Իջեւան համայնքում փողոցային առեւտրի ուսումնասիրման եւ կանխարգելման նպատակով հանձնաժողով։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են Տավուշի մարզպետարանի ու Իջեւանի համայնքապետարանի պաշտոնյաներ եւ ոստիկանության Իջեւանի բաժնի ՀՕԲ-ի պետ Անդրանիկ Թելոյանը (իր համաձայնությամբ): Մարզպետն այդ հանձնաժողովին հանձնարարական է տվել ոսումնասիրել, միջոցներ ձեռնարկել փողոցային առեւտուրը կանխարգելելու եւ վերացնելու համար։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ. ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը որպես մարզպետ պաշտոնավարելուց երկուսուկես տարի հետո է տեսել իր հայրենի Իջեւան քաղաքում եւ Իջեւան համայնքի այլ բնակավայրերում կատարվող փողոցային առեւտուրը, որ համապատասխան հանձնաժողով է ստեղծել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ