«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունը պարբերաբար բողոքներ է ստանում քաղաքացիներից, որ Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք բանկեր հրաժարվում են կատարել գործարքներ հին՝ 2006 թվականի արտադրության դոլարներով՝ քաղաքացիներին որեւէ բացատրություն չտալով: Նշենք, որ 2006 թվականի արտադրության այդ «հին դոլարները» հին չեն համարվում նույնիսկ ԱՄՆ-ում, պարզապես 2010 թվականին ԱՄՆ-ն հայտարարեց, որ թողարկելու է նոր դիզայնով թղթադրամներ՝ նոր թանաքագծով, որը կփոխեր գույնը պղնձագույնից դեպի կանաչ, սակայն նախորդների՝ արտադրությունից դուրս գալու մասին որեւէ խոսակցություն չի եղել:
«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցում ուղարկեց Հայաստանի կենտրոնական բանկ՝ հասկանալու՝ արդյոք Կենտրոնական բանկը տեղյակ է բանկերում թույլ տրվող ապօրինություններից: Ի պատասխան՝ ԿԲ-ից մեզ տեղեկացրին, որ ՀՀ կենտրոնական բանկը մշտադիտարկում է ֆինանսական շուկան եւ տեղյակ է այդ երեւույթի մասին: Հարցին, թե ինչու նախօրոք այս մասին չի զգուշացվել քաղաքացիներին, Կենտրոնական բանկից տեղեկացրին, որ ֆինանսական կառույցներն իրենց հաճախորդներին պարտավոր են տեղեկացնել մատուցվող ծառայությունների պայմանների փոփոխությունների վերաբերյալ: Դա չանելու դեպքում ֆինանսական ծառայությունների սպառողները կարող են իրականացնել իրենց շահերի պաշտպանության քայլեր, որոնց մասին տեղեկությունները հասանելի են ԿԲ կայքում՝ հետեւյալ հղումով՝ https://www.cba.am/am/SitePages/fcpforconsumer.aspx: Այս ամենից զատ արդյոք Կենտրոնական բանկը կարգավորումներ մտցնելու ուղղությամբ քայլեր անու՞մ է, կամ գուցե այդպիսիք այժմ արդեն կա՞ն: «Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի շրջանառության ապահովման պարտավորություն չունի՝ ի տարբերություն ՀՀ ազգային արժույթի՝ դրամի շրջանառության ապահովման: Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի փոխանակման շուկան խիստ մրցակցային է, եւ ֆինանսական կառույցների կողմից մատուցվող ծառայությունների սակագները որոշվում են շուկայական մեխանիզմով (յուրաքանչյուր բանկ կամ փոխանակման կետ ինքն է որոշում, թե որ արտարժույթով ինչ գործառնություններ իրականացնի եւ ինչ սակագնով)։ Ֆինանսական կառույցների ծառայությունների սակագներն ուղղակիորեն չեն կարգավորվում կամ հրահանգավորվում Կենտրոնական բանկի կողմից»,- հայտնեցին Կենտրոնական բանկից: Այսինքն՝ երբ հնչում են որեւէ բանկի կամ ֆինանսական կազմակերպության գովազդում խոսքեր, թե կառույցը վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից, խաբեություն է: ԿԲ-ն միայն լիցենզիայի տրամադրման ժամանակ է կանոններ նախանշում, հետո ինչ ցանկանում, անում են բանկերը: Փաստացի ԱՄՆ-ում, այսպես ասած, հին դոլարները համարվում է արժույթ, իսկ Հայաստանում՝ ոչ: Ու ով է որոշել՝ պարզ չէ. պետությունը կազմակերպված քաոս է ստեղծել:
Կենտրոն համայնքի ղեկավար Սամվել Ղուկասյանը, ավագանու ընտրություններին ընդառաջ, անթաքույց «կաշառք» է առաջարկում երեւանցիներին: Նախ՝ ընգծենք, որ նա ընդգրկված է ՔՊ-ի ավագանու ցուցակում, եւ արդեն մի քանի օր է, ինչ, քարոզարշավի մեկնարկին զուգահեռ, Կենտրոն վարչական շրջանի էջով գովազդում է, թե ճանապարհների եւ բակերի նորոգումներ են արվել, խաղահրապարակներ կառուցվել եւ այս բնույթի տարատեսակ «գայթակղիչ» խոստումներ ու գովազդներ: Նկատենք, որ մինչ քարոզարշավը թաղապետ Ղուկասյանը միայն աչքի է ընկել իր անգործությամբ, բայց քարոզարշավի օրերին ակտիվացել է, հիշել է իր պարտականությունների ու երեւանցիների խնդիրների մասին: Կենտրոն վարչական շրջանի էջն էլ ակտիվ լուսաբանում ու մեծ շուքով ներկայացնում է կոնկրետ աշխատանքները: Օրինակ՝ երեկ շատ «ճոխ» ներկայացրել են, որ Երեւանի կենտրոնում գտնվող շենքերից մեկի բակն են բարեկարգել, խաղահրապարակ կառուցել կամ Հյուսիսային պողոտայում նոր աղբամաններ տեղադրել: ԿԸՀ-ը ից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվեց՝ արդյոք չեն արձանագրել Կենտրոնի թաղապետի կողմից թույլ տրված ընտրախախտուները եւ ընտրակաշառքի ակնհայտ դեպքերը: «Հրապարակած գրառումից ակնհայտ է, որ Կենտրոն վարչական շրջանը տեղեկություններ է հաղորդում իրենց արած կամ անելիք աշխատանքների մասին. այստեղ չի կարող խախտում լինել, քանի որ, որպես հանրային հաշվետվություն, վարչական շրջանը ներկայացնում է իր կողմից արված աշխատանքները: Եթե լիներ հրապարակում, որտեղ անդրադարձ լիներ նրան, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը ավագանու անդամի թեկնածու է, ու կոչ արվեր ընտրել այդ թեկնածուին կամ մասնակցել ընտրություններին, այսինքն՝ ընտրությունների կոնտեքստով գրառում արվեր, այդ դեպքում նոր կդիտարկվեր խախտում»,-պարզաբանեցին ԿԸՀ-ից: Իհարկե լավ է, որ թաղապետ Ղուկասյանը հիշել է իր պարտականությունների մասին ու աշխատանքով է զբաղվում, բայց լավ կլիներ, որ մշտապես հիշեր իր անելիքների մասին եւ ոչ թե միայն քարոզարշավի ժամանակ: Իսկ ԿԸՀ-ն էլ, քանի որ ՔՊ-ական Վահագն Հովակիմյանն է ղեկավարում, հովանավորում է բոլոր տեսակի ընտրախախտումներն ու կաշառքի դեպքերը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր քարոզարշավը կեզրափակի մեծ հանրահավաքով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները պատրաստվում են քարոզարշավի վերջին օրը՝ սեպտեմբերի 15-ին, մեծ հանրահավաք անել Հանրապետության հրապարակում: ՔՊ-ականները արդեն իսկ սկսել են նախապատրաստական աշխատանքները. բոլոր պատգամավորներին հրահանգվել է ոչ միայն պարտադիր ներկա գտնվել հանրահավաքին, այլ նաեւ իրենց հետ մարդիկ բերեն, որպեսզի հանրահավաքը մարդաշատ անցնի: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ն հանրահավաքին հանելու է իր ծանր հրետանուն անգամ: Նրանք, ովքեր քարոզարշավին առհասարակ չեն մասնակցել, այդ օրը հանրահավաքին կմասնակցեն: Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն էլ է մասնակցելու քարոզարշավին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը թեեւ հայտ է ներկայացրել ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցելու համար, բայց նա անգամ նախընտրական ծրագիր չունի: Մարությանը իր սոցիալական էջերում պարբերաբար 2018թ.-ի ավագանու ընտրությունների իր նախընտական հոլովակներով է կիսվում, թե որքան ավտոբուսներ է քաղաքապետարանն այն ժամանակ ձեռք բերել, կամ քանի ապօրինի շինություն է քանդել, այլ կերպ ասած, միայն նախընտրական հին ծրագրով է «հպարտանում», բայց «սեւեր-սպիտակներ» տխրահռչակ թեզի հեղինակ նախկին քաղաքապետն առաջիկա ընտրություններին մասնակցելու համար նոր ծրագիր չի ներկայացրել երեւանցիներին: Մենք դեռ քարոզարշավի սկզբից արձանագրել էինք, որ նա բավականին փակ է, քարոզարշավի դուրս չէր գալիս, չէր շփվում երեւանցիների հետ, իսկ լրատվամիջոցներից, առհասարակ, խուսափում էր. միայն քարոզարշավի երրորդ օրը նա դժգոհություններից հետո որոշեց «արթնանալ» ու քարոզարշավ անել: Նախկին քաղաքապետը, սակայն, նախընտրական ծրագիր մինչ օրս չունի. հավանաբար, նա կա՛մ ժամանակ չի ունեցել նոր ծրագիր կազմելու, կա՛մ էլ պարզապես այնքան անլուրջ է մոտեցել ընտրական պայքարին, որ հարկ չի համարել անգամ նախընտրական ծրագիր ներկայացնել: