ՌԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ՝ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերը զրուցել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Հայ-ռուսական «Լազարյան ակումբ»-ի համակարգող Կոնստանտին Զատուլինի հետ։ Պատգամավոր Զատուլինի խոսքով՝ Ֆրանսիայի եւ Հայաստանի օգնությունն Արցախի համար, Ադրբեջանի կարծիքով, այնքան էլ կարեւոր չէ։

 

Նա ընդգծեց՝ այլ հարց կլիներ, եթե այդ օգնությունն ուղարկեր Մեծ Բրիտանիան. այդ ժամանակ Ադրբեջանը կմտածեր բեռները Լաչինի միջանցքով Արցախ հասցնելու մասին։

-Պարո՛ն Զատուլին, ինչպես գիտեք, Ֆրանսիան Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ օգնություն է ուղարկել Արցախի ժողովրդին, բայց ադրբեջանցիները, ինչպես Հայաստանի դեպքում, Ֆրանսիայից ուղարկված բեռները եւս չթողեցին մտցնել Արցախ։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ադրբեջանն այդպես վարվում։

-Ես կարծում եմ, որ Լաչինի միջանցքի արգելափակումը անկարգություն է։ Ես բազմիցս եմ խոսել այդ մասին, որ Ադրբեջանը զբաղեցնում է թելադրողի կարգավիճակ Արցախում գտնվող հայերի նկատմամբ։ Դա փաստացի այդպես է, եւ Ադրբեջանի եւ Ֆրանսիայի փոխհարաբերություններն իրականացվել են ամենաբարձր նախագահական մակարդակով։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանի կառավարության քայլերը եւս մեկ անգամ պատասխան են, որ իրենք ինչ ուզում, այն էլ անում են Լաչինի միջանցքում։

-Ի՞նչ եք կարծում, վերջիվերջո Ադրբեջանը կթողնի՞, որպեսզի բեռները մտնեն Արցախ։

-Ես ոչինչ չեմ կարող ասել։ Այս առումով ես մտածելու ոչինչ չունեմ։ Դա կախված է նրանից, թե Ադրբեջանը կցանկանա արդյոք, որպեսզի բեռները մտնեն։ Կախված է նաեւ, թե ինչ հայտարարությամբ հանդես կգա Ֆրանսիան այսքանից հետո։ Ադրբեջանը Ֆրանսիայի հարցում չի կողմնորոշվում։ Եթե ձեր կողմից հանդես գար Մեծ Բրիտանիան, այդ ժամանակ Ադրբեջանը կմտածեր, բայց մի՛ սպասեք, որ Մեծ Բրիտանիան ձեզ կաջակցի։

-Դուք տեղյակ եք, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել. ի՞նչ եք կարծում, ի՞նչ հետեւանքներ կունենա այն Արցախի համար։

-Այո, ես գիտեմ, բայց այդ քայլը տարբեր կերպ կարելի է բացատրել։ Համապատասխան կերպ բացատրել է նաեւ Արայիկ Հարությունյանը։ Դա եւս մեկ անգամ փաստում է որպես ղեկավար նրա թուլության մասին։ Նա, իմ կարծիքով, բավական շատ սխալներ է թույլ տվել իր դիրքում։ Նա արհամարհում էր Հայաստանի իշխանություններին՝ ցույց տալով իր անողնաշարությունը, ինչն էլ ապացուցվեց 2020 թվականի պատերազմում։ Բայց ինչքան էլ լավը կամ վատն էր, նա պարտավոր էր մնալ իր դիրքում։ Հիմա՝ նրա հրաժարականից հետո, այս բլոկադայի իրավիճակում դժվար թե հաջողվի ընտրություններ անցկացնել Արցախում, ինչպես եղել է երկար տարիներ։ Նա պարտավոր էր այդ մասին մտածել։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ՀՐԱԺԱՐՎԵՑԻՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ ԱՆԵԼ

Երեկ՝ վաղ առավոտից, լարված իրավիճակ էր հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում։

 

Իրավիճակին արձագանքեցին նաեւ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերը, որոնցից մի քանիսը երեկ հայտարարել են քարոզարշավի ժամանակավոր դադարի մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացրել է, թե որ քաղաքական ուժերն են հրաժարվել իրականացնել նախընտրական քարոզարշավ:

«Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը գրեց. «Ադրբեջանն այսօր հարձակվել է: Ցավալիորեն ունենք 2 զոհ եւ 1 վիրավոր: Թշնամին չի դադարեցնում կրակը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ չեղարկում ենք մեր այսօրվա քարոզչական հանդիպումները Երեւանում: Թիմակիցներով գնում եմ Սոթքի ուղղությամբ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու եւ մեր հայրենակիցների հետ լինելու համար»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ իրենք եւս չեն իրականացնի քարոզարշավ։

Հայտարարություն տարածեց նաեւ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։ «Ցավալի լուրեր են գալիս սահմանից. ունենք զոհված տղերք եւ վիրավորներ։ Ցավակցում ենք բոլոր մեր հերոս տղերքի հարազատներին եւ մեզ բոլորիս։ Աստված պահապան հայ ազգին եւ հայոց պետությանը»,-ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը:

Երեւանի ավագանու ընտրություններում «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակում ընդգրկված՝ ավագանու թեկնածու Իզաբելա Աբգարյանը իր ֆեյբուքյան էջում գրել է, որ իրենց բակերում չսպասեն: Բակային քարոզարշավ չի նախատեսվում:

Քարոզարշավ չարեց նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան էջում գրեց. «Սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ այսօր քարոզարշավ չեմ իրականացնելու։ Հայ զինվորի կողքին ենք…»։

 

 

 

 

Ե՞ՐԲ ԿԼԻՆԵՆ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ

Այս ուսումնական տարին սկսվեց սկանդալով. դպրոցահասակների համար նախատեսված դասագրքերը Կրթության եւ այլ ոլորտների նախարարությունը չի հասցրել տպագրել: Երեկ հայաստանյան շատ դպրոցների աշակերտներ բոյկոտել են դասերը՝ ասելով, թե դասագրքեր չկան, «դասից կփախչեն»: Տարբեր ահազանգերի հետեւից գնալով՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ԿԳՄՍ նախարարությունը պետք է անցած տարվա նոյեմբերին անցկացներ մրցույթը, սակայն բավարար հայտեր չլինելու պատճառով մրցույթները հետաձգվել են։ Եւ նախարարությունը անհրաժեշտ բարեխղճությամբ չի գործել, դրա համար էլ կրթական տարին սկսվեց առանց դասագրքերի:

Նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին պարզաբանեցին, որ գրքերը էլեկտրոնային տարբերակով հասանելի են նախարարության  եւ ԿՏԱԿ-ի (Կրթության տեխնոլոգիաների ազգային կենտրոն) կայքում։ Դպրոցներին հորդորել են գրքերը տպել եւ բաժանել երեխաներին, մինչեւ գրքերը տպագրված կլինեն: Այս իրավիճակը, ըստ նախարարության, ամենաքիչը կտեւի 2 ամիս, գրքերն այդ ընթացքում տպագրվելու են եւ բաժանվելու դպրոցներին։ Շատ դպրոցներում աշակերտներին ասել են, որ կարող են «Զանգակ» կամ այլ գրախանութներից ավելի շուտ գնել դասագրքերը, մինչեւ դրանք դպրոց կհասնեն:

«Ժողովուրդ» օրաթերթին դիմած ծնողներն ասացին, որ որոշ դպրոցներում էլեկտրոնային գրքերը տրվել են ծնողներին եւ հրահանգել տպել, որ կարողանան երեխաները դպրոց գալ։ Սեպտեմբերի 1-ի նախօրեին դպրոցներում հրավիրվել են ծնողական ժողովներ, ծնողներին ասել են՝ եթե անհրաժեշտություն լինի, կբաժանվեն անցած տարիների դասագրքերը։ Հավելենք նաեւ, որ ԿԳՄՍ նախարարությունը 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը «Զանգակ-97» ՍՊԸ-ի հետ կնքել է 9մլն 800 հազար դրամ արժողությամբ պայմանագիր՝ դասագրքեր եւ այլ  ուսումնական նյութեր մատակարարելու համար։ «ԱՐՄԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ» ԱՁ-ի հետ կնքել է 360 հազար դրամ կազմող պայմանագիր՝ դասագրքերի մատակարարման համար։ Դասագրքեր ձեռք բերելու համար պայմանագրեր են կնքվել նաեւ «ՖԻԼԻՆ» ՝ 7 մլմ 700 հազար դրամ, եւ «Արեւիկ հրատարակչություն» ՓԲԸ-ի հետ՝ 1 մլն 729 հազար դրամ արժողությամբ։ Բրալյան տառատեսակով դասագրքերի ձեռք բերման պայմանագիրը կազմել է  12 մլն 844 հազար դրամ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՒՅՐԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ» ՍՊԸ-ի կողմից։ Գրախանութներում կատարած շրջայցից հասկանում ենք, որ նախարարության ֆինանսական միջոցներով տպված գրքերը վաճառվում են գրախանութներում, սակայն դպրոցներում չկան: Ինչու, ինչպես՝ անհասկանալի է։ 2018 թվականից մինչեւ 2022 թվականը ԿԳՄՍ նախարարությունը ընդհանուր առմամբ դասագրքերի տպման եւ հրատարակման համար ծախսել է 4 մլդ 403 մլն 612 հազար դրամ։ Ամեն տարի  հրատարակվել են գրքեր, որոնք բաժանվել են Հայաստանի եւ Սփյուռքի դպրոցներին։  Նախարարությունից մեզ ասացին նաեւ. «Պատճառներից մեկն այն է, որ մենք դասագրքաստեղծ փորձ չունենք, մեր երկրում 10-15 տարուց ավել նման դասագրքեր չեն ստեղծվել, եւ նաեւ դա էր պատճառը, որ մեր փորձագիտական հանրույթի կողմից բավարար հայտեր չենք ստացել»։ Ամեն տարի կատարվող միլիարդավոր ներդրումներից հետո, նախարարությունը հաշվի չառնելով ծրագրի ռիսկերը, ներդրել եւ գործարկել է նոր չափորոշիչներ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանի աշակերտների համար, որոնք չի կարողանում կյանքի կոչել: Եթե երկու ամսից գրքերը հրատարակվեն, ապա նախարարությունը երեւի կսկսի խոսել ծրագրի հաջողությունների մասին, սակայն ինչ հաջողություն պիտի լինի, եթե ծրագիրն արդեն իսկ ձախողված է։ Իսկ նախարար Ժաննա Անդրեասյանը դեռ պաշտոնավարում է, քանի որ Նիկոլ Փաշինյանին հետապնդում է բոլոր հրապարակային վայրերում ու անգամ իր ոլորտին չառնչվող միջոցառումներին է մասնակցում, եթե Փաշինյանի աչքին երեւալու շանս կա։




Լրահոս